#քաղաքըկարդումէ․ գրքի երևանյան փառատոնի մարքեթինգային լուծումները
#քաղաքըկարդումէ․ գրքի երևանյան փառատոնի մարքեթինգային լուծումները

#քաղաքըկարդումէ․ գրքի երևանյան փառատոնի մարքեթինգային լուծումները

Գրքի երևանյան փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ Նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը, նպաստել նոր գրականության ստեղծմանը։ Գրքի փառատոնը ԿԳՄՍ նախարարության ծրագիրն է։ Այս տարի ծրագիրն իրականացնում է «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպչական թիմի անդամներ Անի Հակոբյանի և Անի Ղազարյանի հետ զրուցել ենք գրքի փառատոնի մարքեթինգային ռազմավարության մասին։

-Ինչպե՞ս եք կազմակերպել փառատոնի մարքեթինգային արշավը, ինչի՞ վրա եք հատկապես ուշադրություն դարձրել։

-Մեր հիմնական նպատակը գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան պահելն է։ Մարքեթինգային ռազմավարության հիմքում էլ հենց այս նպատակն է։ Աշխատել ենք հետևյալ սկզբունքով՝ կազմել հետաքրքիր ծրագիր և գտնել այն մարդկանց, ում դա կհետաքրքրի։ Այս փառատոնի մարքեթինգային թիրախը շատ լայն է՝ հրատարակիչներ, գրողներ, գրքասերներ, պոեզիայի, երաժշտության սիրահարներ նաև երիտասարդության «փաբասեր» հատվածը, որը նաև շատ է սիրում ընթերցել։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ՝ ծրագրում զգալի փոփոխություններ են արվել․ չենք սահմանափակվել միայն շնորհանդես, տոնավաճառ ու համերգով։ Ամեն ինչ առավել թեմատիկ է ու յուրահատուկ իր տեսակի մեջ։ Օրինակ՝ առաջին անգամ է լինում ջազ սեթով վինիլային երեկո։ Դա հետաքրքիր կլինի ոչ միայն փառատոնի մասնակիցներին, այլև հենց DJ-ին։

Մենք ընտրել ենք նաև հեղինակային երգեր կատարող խմբերի, որովհետև այստեղ էլ կա պոեզիա։ Մարքեթինգային մյուս քայլն է, որ ներգրավել ենք նոր հրատարակչություններ։ Նախորդ տարվա 27-ի փոխարեն այս տարի 37 հրատարակչություն է ներկայացված, նույնիսկ այնպիսիք, որոնց գրքերի քանակը չի գերազանցում 10-ը։ Մեծացել է նաև տոնավաճառի ժամանակ գործող զեղչի սահմանը․ այս տարի  կար 30-40 տոկոս զեղչ, սա օրգանիկ կերպով մրցակցություն է ստեղծում։

-Մարքեթինգային էլ ո՞ր քայլն է նպաստել թիրախային լսարանի մեծացմանը։

— Այս տարի ավելացել են նաև workshop-երը, որոնք հետաքրքիր են և օգտակար հատկապես հրատարակիչների, գրողների համար։ Օրինակ՝ մարքեթինգը գրական ոլորտում աշխատարանի ժամանակ կարող են սովորել այն ամենն, ինչի պակասն ունեին՝ դատելով վերջին տարիների գրքի փառատոններից։

Այսինքն՝ թվային դարում Հայաստանում դեռ կան հրատարակչություններ, որոնք գլուխ չեն հանում սոցիալական մարքեթինգից կամ չգիտեն, թե ինչ է գրքի գործակալը։ Մեր նպատակն է բոլորին հասկացնել, որ գիրքն էլ է ապրանք և ունի ճիշտ մատուցման և փաթեթավորման կարիք։ Կան աշխատարաններ, որոնք հենց ընթերցողների համար են՝ հատկապես ծնողների։ Ընթերցանությունը կանգնում է, երբ երեխան գնում է դպրոց, այստեղ մենք կորցնում ենք ընթերցողին, հետո գտնում համալսարանում։ Ընթերցողը ձևավորվում է, երբ սկզբում կարդում է լավ գիրք։ Կարևոր է այնպես անել, որ երեխան սիրի գիրքը։ Հոգեբանական ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ խոսքի հապաղումները, ուշադրության անկումները և այլն չկարդալու արդյունք են։

-Անդրադառնանք նաև փառատոնի բրենդինգին՝ լոգո, վիզուալներ և այլն․ ինչու՞ է որոշվել հենց աչքի տեսքով անել ամեն ինչ։

-Լոգոն մեր առաջին տարվա լոգոյի ռեբրենդինգն է, քիչ է փոփոխվել։ Քանի որ գրքի հետ մարդու առաջին կոնտակտն աչքն է, որոշեցինք գաղափարի հիմքում դնել աչք։ Մենք չենք հանդիպել գրքի կամ ընթերցանության փառատոնի հետ առնչվող այնպիսի վիզուլաներ, որտեղ աչք է օգտագործվել։ Ըստ աչքի դիզայնի՝ հնարավոր է հասկանալ, թե ինչ ժանրի գրականություն է կարդում մարդը։

-Փառատոնի մասին իրազեկման ի՞նչ մեթոդներ եք օգտագործել։

-Օգտագործել ենք սոցիալական մեդիա մարքեթինգը, որը և՛ մատչելի է, և՛ ներառում է մեր թիրախային լսարանը։ Հիմնականում տարածել ենք գրքերից վերցված կարճ հատվածներ, տեսանյութեր, որտեղ երևում է կարդացող մարդը՝ սրճարանում, երթուղայինում, յոգայի ժամանակ։ Բացի այդ՝ սկսեցինք շրջանառել #քաղաքըկարդումէ հեշթեգը, որն էլ նպաստեց, որ հազարավոր հրապարակումներ լինեն հենց օգտատերերի կողմից՝ առանց մեր միջամտության։ Իհարկե, այս փառատոնի մասին խոսել են նաև լրատվականները։ Ամփոփելով նշենք, որ եթե արտադրանքի բովանդակությունը լավն է ու հետաքրքիր, այն մարքեթինգային մեծ ջանքեր չի պահանջում, տարածվում է նաև օրգանիկ տարբերակով։

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Մտածված մարքեթինգային քայլեր, որոնք հաջողություն են բերել ReAnimania-ին.Վրեժ Քասունի
Ինչպե՞ս տարբերել PR-ը մարքեթինգից, ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Հայկ Կիրակոսյանը

Առնչվող գրառումներ

Ի՞նչու դիմել Relevant-ին. Սևադա Բաղդյան