Matian-ի համահիմնադիր Գոհար Նալբանդյան
-Ինչպե՞ս ընտրեցիք հենց այս անունն ու լոգոն, այլ տարբերակներ քննարկվե՞լ են:
-Ամեն ինչ շատ միանգամից եղավ: Քանի որ հայկական արտադրանք էր, ուզում էինք անունն էլ լինի հայկական ու այդպես դպրոցական տարիներին հայացք նետեցինք ու ընտրեցինք մատյան բառը: Ըստ դրա` արդեն նկարվեց լոգոն` տեղում, շատ արագ ու հեշտ:
-Ինչու՞ հենց նոթատետրեր, արդյո՞ք դրա պակասը կար շուկայում:
-Անձամբ ես շատ սիրում եմ նոթատետրեր ու շուկայում երբեք չեմ գտել այն, ինչ ուզում եմ: Ու այդտեղից հասկացել եմ, որ մի օր կստեղծեմ այն նոթատետրերը, որոնք ես կուզենայի գնել: Ու համահիմնադիր Դավիթ Խումարյանի հետ երկար մտածեցինք ու հասկացանք, որ կա պահանջարկ, բայց չունենք առաջարկ` հատկապես հայկական շուկայում: Դրսում շատ կան հետաքրքիր նոթատետրեր, բայց այն դիզայնով ու այն ոճային տեսքով, որ մենք ենք հիմա ստեղծում, իմ կարծիքով, դեռ չկան մեր շուկայում:
-Հետաքրքիր է` որքա՞ն ժամանակ պահանջվեց, որ գաղափարն իրականություն դարձնեք:
-Մոտ 1 տարի միտքը կար իմ և իմ գործընկեր Դավիթ Խումարյանի մոտ, բայց երբեք ժամանակ չէր լինում դրան անդրադառնալու: Ու մի օր որոշեցինք, որ արդեն ժամանակն է ու պետք է սկսել: Նստեցինք մտածեցինք: Ամիսներ տևեց դիզայնի ու շուկայի ուսումնասիրության վրա. ուսումնասիրել ենք ոչ միայն հայկական շուկան, այլև միջազգայինը: Սկսել ենք աշխատել մեր անձնական ռեսուրսներով, ինչը բավարար էր մեկնարկի համար: Մոտավոր 30 տետրի դիզայնից էլ սկսեցինք:
-Ո՞րն էր հիմնական դժվարությունը բիզնեսը կառուցելու ճանապարհին:
-Ամենադժվարը տպարան գտնելն էր, որը մեր ուզած որակին կհամապատասխաներ:
-Մարքեթինգային ինչպիսի՞ ռազմավարություն էիք որդեգրել ու ե՞րբ տեսաք դրա առաջին արդյունքը:
-Իրականում սկզբում երբ սկսեցինք հետևորդներ հավաքել ինսթագրամով և ֆեյսբուքով, հասկացանք, որ ով հավանում է փոստը, հետաքրքրված է, գին է հարցնում ու հենց առաջին ամսում, որը մենք չէինք էլ սպասում, ունեցանք վաճառք: Հետո հետաքրքրվողների քանակը գնալով մեծացավ: Մենք ճիշտ մարքեթինգային ռազմավարություն կիրառեցինք. սոցիալական մեդիայով թիրախային խմբի ուղղությամբ աշխատելով` հասանք լավ արդյունքի: Դրան գումարվեց նաև տարբեր խանութներում ներկայացված լինելը: Հիմա փորձում ենք գրավել ամբողջ հայկական շուկան, հետո նաև միջազգայինը:
-Ո՞րն է Matian-ի մրցակցային առավելությունը:
-Մրցակցային առավելությունը տեսականին է, որակը և նորաոճ դիզայնը: Առավելությունների շարքում կնշեմ նաև մեր ուսուցողական արթ-նոթատետրերը, որոնցից դեռ չկան:
-Երբևէ մտածե՞լ եք դադարեցնել արտադրությունը:
-Ոչ, դեռ չի եղել, ու կարծում եմ `չի լինի: Ընդհակառակն` անընդհատ մտածում ենք բացի նոթատետրից էլ ինչ կարելի է արտադրել, որը կհետաքրքրի մեր թիրախային խմբին: Օրինակ` արթ-նոթատետրերի հետ նվիրում ենք կրծքանշան և էջանշան ու նկատել ենք, որ դրանք առանձին գնելու հետաքրքրություն կա:
-Ո՞րն է Matian-ի հաջողության գաղտնիքը:
-Իմ կարծիքով այն, որ կարողացել ենք բոլորի ճաշակով դիզայն ստանալ, այսինքն` տեսականին շատ մեծ է, ամեն մեկը կգտնի իրեն հարմար դիզայնով նոթատետր:
Հեղինակ` Ժաննա Ավագյան