KARAS WINES-ի մարքեթինգի և հաղորդակցման մենեջեր Բեատրիս Արզլանյան
-Կարաս գինու նախընտրողները շատ են, այս արդյունքը գրանցվել է որակի թե՞ մարքեթինգի արդյունքում:
-Իրականում որակն էլ, մարքեթինգն էլ շատ կարևոր են մեր ընկերության համար, Էռնեկյան ընտանիքի այս ծրագրի նպատակը եղել է լավ որակի գինիներով Հայաստանում գինեգործության վերականգնումը և որ այս արտադրության գինիները կարողանան մրցունակ լինել նաև արտերկրում: Այս որակը ընկերության համար շատ կարևոր է, բայց բնականաբար 21-րդ դարում մարքեթինգը նույնպես շատ կարևոր է: Մենք փորձում ենք տարբեր ռազմավարություններ մշակել՝ շուկայում էլ ավելի ճանաչողություն ունենալու համար: Տարեց տարի գինիների շարքը համալրվում է նոր գինու արտադրությամբ, որին էլ տեղական և արտասահմանյան շուկայում ճանաչում բերելու համար անհրաժեշտ է մարքեթինգը: Սկզբնական շրջանում Էռնեկյաններն աշխատել են որակ ստանալ, հետո սկսել է մարքեթինգի մասին մտածելու ժամանակը, որպեսզի ստացած որակը կարողանան ներկայացնել:
-Ինչպե՞ս եք իրականացնում մարքեթինգը:
-Պարբերաբար հարցումներ ենք անում մարդկանցից, թե ո՞ր գինին են նախընտրում, և ստանում ենք պատասխան, որ Կարասն իրենց աառաջին որոշումն է: Տարվա ընթացքում համտեսի օրեր ենք կազմակերպում: Տուրեր ենք կազմակերպում դեպի խաղողի ընկերության այգի, որն ամբողջ տարին բաց է, նույնիսկ եթե 2 հոգով ուզում են գնալ, այգու դռները նրանց առջև բաց են, կարող են շրջել այգում, խաղող փորձել, այնտեղ կա դիտակետ, որտեղից երևում է այգու ամբողջ տեսարանը, որից հետո կարող են այցելել գործարան, կծանոթանան բերքահավաքից հետո հաջորդող գործընթացին մինչև շշալցում, հետո համտեսի սրահի հերթն է, մարդկանց կարծիքը շատ կարևոր է: Երբ նոր գինի է արտադրվում, ներկայացնում ենք տարբեր ռեստորաններում, զեղչեր ենք անում: Վերջին ակցիանՆոր տարուն էր սուպերմարկետներում:
—Քանի՞ երկիր է արտահանվում:
-Մոտ 15, Հայաստանից հետո ամենամեծ շուկան Ռուսաստանում է, հետո ԱՄՆ-ում, Եվրոպայում, Անգլիայում, էստոնիայում, Հունաստանում, Լիբանանում, և այլն: 50%-ը մնում է Հայաստանում, մյուս 50-ն արտահանվում է:
-Ո՞րն է մարքեթինգային հիմնական շեշտադրումը:
-Մենք փորձում ենք տարբերվել մնացած արտադրողներից դիզայնով, նորարարությամբ: Գինին շատ խնամք է պահանջում՝ արտադրելուց մինչև շշալցում:
—Օրինակ՝ որքա՞ն ժամանակ:
-Մի քանի ամիս կամ տարի, քանի որ գինու որոշ տեսակների արտադրությունը մինչև մարկետ հասնելը տևում է 2 կամ 3 տարի, ընթացքը սկսում է բերքահավաքից, հետո տեղափոխվում գործարան մինչև պիտակների դիզայն, վերջին փուլը սուպերմարկետներ և ռեստորաններ առաքելն է, որից հետո հաճախորդի ընտրությանն է մնում:
-Ինչո՞վ է առանձնանում Կարասի գինին, չէ՞ որ նույն խաղողից է պատրաստվում, ի՞նչ հատուկ տեխնոլոգիաներ են օգտագործվում արտադրության մեջ:
-Առանձնահատկությունը արտադրության գաղտնիության մեջ է (ծիծաղում է): Ընկերությունն ունի 2301 հա հողատարածք, որից 400 հա-ն է մշակված միջազգային և տեղական խաղողի 30 տեսակ տնկիով: Մենք փորձում ենք ամեն տարի բերքահավաքների ամենալավ խաղողներն օգտագործել:
—Կարաս անվանելը մարքեթինգային ռազմավարության մի մա՞սն է եղել:
-Էռնեկյաններն իրենց արտադրած գինին կոչելով Կարաս՝ ցանկացել են հայկական մշակույթը ճանաչում ստանա արտերկրում, մատնանշվի, որ Հայաստանը եղել է գրեթե առաջին երկրներից, որտեղ գինի է արտադրվել:
-Իսկ լոգոյի մեջ ի՞նչ փոփոխություններ են եղել այս տարիների ընթացքում:
-Մենք միշտ օգտագործել ենք Կարաս անունը 2 լեզվով՝ անգլերենով և հայերենով: Լոգոն է փոխվել է, կարասի նշանի կողքին ավելացել է Արարատի նկարը: Չնայած որ համագործակցում ենք «Փրոփր քոմփանի» դիզայներական կազմակերպության հետ, միևնույնն է ամբողջ թիմով տնօրենի հետ միասին մասնակցում ենք պիտակից սկսած դիզայներական որոշմանը, գինիների շշերի պիտակները տարբերվում մեկը մյուսից, բայց բոլորը Կարասի «ընտանիքի» մեջ են:
—Քանի՞ տեսակի գինի է արտադրվում:
-Մոտ 10, այս տարի ունենք 100% տեղական տեսակի խառնուրդով նոր արտադրություն: Այս ամիս կթողարկվի նոր սերիան, որը սահմանափակ քանակությամբ է լինելու, մոտ 700 շիշ, ընկերության ամենաբարձր որակի գինին է լինելու:
-Ինչու՞ այդքան քիչ, հատուկ ուղղվածությա՞մբ է վաճառվելու:
-Ոչ, ոչ: Այն կարող են գտնել և՛ ռեստորաններում, և՛ գինու մասնագիտացված խանութներում, էքսկլյուզիվ գինի է լինելու՝ իր տուփով և բուկլետով: Այն այդքան սահմանապակ է լինելու, քանի որ ընկերության այգուց մեկիկ-մեկիկ ձեռքով հավաքված ու խնամված խաղողից է պատրաստված և ունի 3 տարվա հնեցում, որի արդյունքում ստացվել է ամենաբարձր որակի գինին:
-Դուք ինքներդ էլ բնականաբար նախընտրում եք Կարասը։
-Այո իհարկե (ծիծաղում է), միշտ խմում եմ Կարաս, բայց իհարկե մնացած հայկական գինիներն էլ պարտադիր փորձում եմ, քանի որ գիտեմ, որ հայկական գինիների արտադրությունն այժմ զարգացած է և շատ լավ որակի գինիներ ունենք, փորձում եմ ու համեմատում:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան