Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյան
-Տուրիզմի ոլորտին՝ հատկապես քաղաքային տուրիզմին, անհրաժե՞շտ է մարքեթինգ:
-Մարքեթինգը մարդկային քաղաքակրթության զարգացման, նորանոր հնարավորությունների բացահայտման, գնահատման և ներդրման արդյունքն է, և հենց զբոսաշրջության արդյունքում շատ մեծ կարևորություն ունի մարքեթինգային քաղաքականությունը: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը դեռ մի քանի տարի առաջ էր սկսել այդ քաղաքականության իրականացումը: Զբոսաշրջային մարքեթինգի մեջ շատ մեծ տեղ ունի թվային մարքեթինգնը՝ սոցիալական ցանցերը, հարթակները, հավելվածներ, դրանցում գովազդը, որոնք ազդում են զբոսաշրջության զարգացման ուղղության վրա՝ որպես մարքեթինգային արդյունք: Երբ մենք խոսում ենք մարքեթինգի մասին, մենք պետք է կենտրոնանանք թվային մարքեթինգի վրա, որը հաղորդակցությունը դարձնում է հստակ և շատ կարևոր:
—Երևանյան զբոսաշրջության մարքեթինգի մասին ի՞նչ կասեք:
-Ես կարող եմ ասել, թե ինչեր ենք մենք արել: Մի քանի տարի առաջ շատ հատկանշական փորձ արեցինք. Սանկտ-Պետերբուգ, Օդեսա քաղաքների հետ իրականացրինք սոցիալական գովազդների փոխանակման ծրագիր՝ ճանապարհներին և իրենց տեղեկատվական կենտրոններում «Բարի գալուստ Երևան» ցուցանակներ տեղադրեցինք և Երևան քաղաքի զբոսաշրջության ներուժը ներկայացրինք. դա փոխադարձ պայմանով էր, որ նույնն անենք նաև Երևանում՝ խթանելով Սանկտ Պետերբուրգի և Օդեսայի գրավչությունը Երևանում. այս ծրագիրը շարունակական է: Հաջորդ կարևոր քայլերը՝ կազմակերպել ենք մի շարք փառատոններ՝ «Համով-հոտով Երևան»-ը, «Sարազ ֆեստ»-ը գարեջրի փառատոնը, խթանել ու աջակցել ենք գինու օրերը Երևանում, բերքի տոնն աշնանը, ամառային Երևանը, ձմեռային Երևանը, «Էրեբունի-Երևան», ընդհուպ մինչև ցուցահանդեսների կազմակերպում մի քանի երկրներում ու քաղաքներում: Սրանք որոշակի քայլեր էին ուղղված Երևան քաղաքի «իմիջի» դիրքի բարձրացմանը:
-Ինչքա՞ն ժամանակ է, որ իրականացվում են այս փառատոնները:
-Այս փառատոնները 5-6 տարվա պատմություն ունեն, սակայն վերջին 3 տարիներին առավել ցայտուն ընդգծված ենք իրականացնում: Երևան քաղաքի 2800-ամյակի առթիվ մենք իրականացրինք Երևանի զբոսաշրջության 2 տեղեկատվական կենտրոնների ներդրումը՝ Ֆրանսիայի հրապարակում և Հանրապետութան հրապարակին կից զբոսայգում, որոնք առաջին պետական ինֆոկենտրոններն են մայրաքաղաքում: Սրանք զբոսաշրջիկների տեղաշարժն ապահովող կատարյալ միջոց են՝ թե ուր գնան, որ տրանպորտը նստեն, որ միջոցառումներին մասնակցեն, այցելեն այլ վայրեր, իսկ մենք այդ ինֆոկենտրոնների միջոցով ուսումնասիրություն ենք անում զբոսաշրջիկների պահանջների վերաբերյալ:
-Իսկ ամենից շատ հարցերն ինչի՞ հետ են կապված:
-Մենք ունենք հարցերի թոփ տասնյակ, սակայն վիճակագրական ուսումնասիրությունները դեռ չենք ավարտել, դրանց վերաբերյալ առանձին հաշվետվություն կտանք: Սա մի մարքեթինգային քայլ է, որպեսզի այս ինֆոկենտրոններով հասկանանք զբոսաշրջիկների երթուղիները, քաղաքային մշակութային ինչ միջոցառումներ են սիրում, ինչ գործիքներ օգտագործենք, որ զբոսաշրջային հոսքն ուղղենք դեպի Երևան:
—Քաղաքային զբոսաշրջության մեջ լավագույն մարքեթինգային լուծումը ո՞րն է:
-Հստակ լուծում չեմ կարող նշել, սակայն մենք փորձում ենք փոքրիկ գործիքներով ամբողջ մարքեթինգային քաղաքականության ուղղությունները ներդնել, կարող եմ օրինակ բերել City tour երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսները, որոնք հետաքրքիր մարքեթինգային լուծում են: Սա մի քաղաքային երթուղի է, որը շրջիկ գովազդ է հենց քաղաքի ուղղությամբ, ի դեպ՝ զարգացնում ենք դրա երթուղին փոխելու ծրագիրը, ցանկություն ունենք կիրակի օրերին հոգևոր տուրեր կազմակերպել դեպի Էջմիածին, հետաքրքիր ձևաչափով ներկայացնենք հանրությանը՝ ազդելու ներքին զբոսաշրջության հոսքին, ինչպես նաև երեկոյան և գիշերային Երևանի տուրերն ենք փորձում ամառվա ընթացքում իրականացնել, որը նույնպես գրավիչ է: Իսկ այս ամենն, իհարկե, տարծվում է սոցիալական ցանցերով՝ փորձելով Երևանը դիրքավորել միջազգային զբոսաշրջային շուկայում՝ օգտագործելով visityerevan, discoveryervan հաշթագները, որպեսզի թվային մարքեթինգում կարողանանք մեր քաղաքի հանրահռչակումն ապահովել, քանի որ դեռ չունենք Երևան քաղաքի զբոսաշրջային լոգոտիպ-բրենդը, օգտագործում ենք այս հաշթագերը: Առաջիկա ծրագրերում կա նաև բազմալեզու կայքի mobile addictive հավելվածով կայքի ստեղծումը, որը նույնպես մարքեթինգային մեծ գործիք կլինի, տուրիստական պորտալ կլինի, որտեղ ներկայացված կլինեն ամբողջ Երևան քաղաքի զբոսաշրջային գրավչությունները՝ թատրոնները, թանգարանները, համերգասրահները, ռեստորանները, այսինքն՝ քաղաքն ինչ է խորհուրդ տալիս, ո՞ւր գնալ, ի՞նչ անել, սա կլինի մեր առաջին պետական տուրիստական պորտալը: Նախաձեռնել ենք նաև մի շարք տպագրական աշխատանքներ տարվա ընթացքում, օրինակ՝ ՛՛Yerevan in your Pocket՛՛ («Երևանը քո Գրպանում») փոքրիկ ուղեցույց ենք կազմել, որը որ կլինի հետաքրքիր ձևաչափով՝ անգլալեզու տուրիստների համար, որոնք կարճ ինֆորմացիա կստանան քաղաքի մասին՝ հրապարակների, պուրակների, եկեղեցիների պատմությունները, մեր մշակույթը, ճարտարապետությունը: Իրականացրել ենք 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն Երևան քաղաքի զբսաշրջային քարտեզների տպագրությունը, որոնք ինֆոկենտրոններում տեղադրված են, այս տարի նախաձեռնում ենք դրա շարունակականությունն ապահովել: Ցավով կարող եմ նշել, որ այս ամենին զուգահեռ, մենք դեռ չունենք զբոսաշրջային սմարթ սիթի քաղաքի մոտեցումը, օրինակ՝ զբոսաշրջիկներն ուզում են օնլայն համակարգով տոմսեր ձեռք բերել թե՛ ավտոբուսի, թե՛ թանգարանի, բայց ունենք այս ամենը կյանքի կոչելու ներդրումային ծրագիր, որը հին քաղաքից, արևի քաղաքից, քարե քաղաքից կդարձնի թվային տեխնոլոգիաների կիրառման քաղաք:
-Զբոսաշրջությունը խթանող մարքեթինգային լուծումներով համագործակցություններ կա՞ն:
-Զբոսաշրջությունը փոխկապակցված է բոլոր ոլորտների հետ՝ քաղաքաշինության, ներդրումային ծրագրերի, բիզնես միջավայրի, տրանսպորտի: Այս բոլոր միջոցները խթանիչ ազդակ են տուրիզմի լավ ու վատ լինելուն: «Երվան 2800» զբոսայգին տեսանք, թե ինչքան մեծ արձագանք առաջացրեց քաղաքում, ամեն օր նույն ժամին ինչքան լեցուն է, որ այս մի փոքրիկ այգին որքան ակտիվացրեց քաղաքային միջավայրը: Մի գաղտնիք էլ բացեմ՝ շուտով Երևանում կբացվի մասնավոր ընկերություն-Երևանի քաղաքապետարան համագործակցության համատեքստում «Ընթրիք օդում» նախագիծը, որը կլինի ժամանցային ու արկածային, որ երևանցիները կվայելեն քաղաքը երկնքից: Մասնավորի հետ համագործակցության արդյունքում այսօր քաղաքում ունենք նաև «Երևան Զիփլայնը», որն անցնում է Դավթաշենի կամրջի տակով:
—Ունե՞ք վերլուծություն, թե Երևան քաղաքում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերը որոնք են:
-Բոլորի համար տպավորիչ է «Կասկադ» համալիրը՝ իր ճարտարապետական կոլորիտով, ժամանակակից արվեստի թանգարան Գաֆեսճյան կենտրոնով, Սարյանի փողոցի գինետներով, և վերջապես զբոսաշրջիկների խոսքով՝ այդ հսկա աստիճաններով, որոնք կապում են քաղաքի բարձրադիր հատվածը կենտրոնի հետ: Զբոսաշրջիկների համար տպավորիչ է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն իր տարածքով, որը նույնացնում են եվրոպական Ռամբլա փողոցի հետ: Բնականաբար մեր այցեքարտն է համարվում Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, Վերնիսաժը և ,որքան էլ տարօրինակ հնչի, իր քաղցրավենիքներով ու ազգային բնամթերքներով այս ցանկի մեջ հայտնվել է Գումի շուկան: Չնայած այս ամենին «քաղաքը» խորհուրդ է տալիս պարտադիր այցելել 12 վայր Երևանում, որոնք ներկայացված են Երևան քաղաքի պաշտոնական զբոսաշրջային քարտեզներում:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան