«Գուրմե-Դուրմե»-ի համահիմնադիր և տնօրեն Դիրան Բաղդադյան
Գուրմեն ֆրանսերենից թարգմանած նշանակում է ախորժաբեր, իսկ դուրմը հայերենում շոկոլադն է.
«Գուրմե-Դուրմե»-ի համահիմնադիր (եղբոր հետ) և տնօրեն Դիրան Բաղդադյանը պատմում է «Գուրմե-Դուրմե»-ի ստեղծման ու մարքեթինգի մասին: Շոկոլոդի բիզնես ունենալու միտքը ծագել է, երբ նոր հայրենիք եկած Բաղդադյանները նկատել են, որ տեղացի հայերի մոտ շոկոլադ նվիրելը կարծես ավանդույթ լինի:
— Ընտանիքում շոկոլադ շատ էինք սիրում, բացի այդ փաթեթավորման բիզնես ունեինք: Երբ հայրենադարձեցինք այս երկուսը համադրելով՝ ստեղծեցինք «Գուրմե-Դուրմե» բրենդը: Մարքեթինգի մասին խոսելիս ՝պետք է ասեմ, որ եթե մեկն ինչ-որ մի երկրում հաջողության է հասել մարքեթինգային որոշ գործիքներ գործածելով, անհնար է այդ նույն մոդելը կիրառել Երևանում կամ այլ քաղաքում: Պետք է ունենալ քո տարբերակը, որը կհամապատասխանի քո ընկերության ոճին, սա նման է հագուստ կրելուն: Մարքեթինգում աութսորսը չեմ հասկանում, քանի որ աութսորսը չի կարող հասկանալ քո այդ օրվա տրամադրությունը: Մարքեթինգի մի շատ կարևոր մաս է նաև հաճախորդին ժպիտով դիմավորել և ճանապարհելը, եթե նույնիսկ գնում չի կատարել: Մարքեթինգի կարևոր բաղկացուցիչ մաս են սոցիալական ցանցերը, նրանք ընկերությունների «դեմքն» են:
—«Գուրմե-Դուրմե»-ի մարքեթինգն ինչպիսի՞նն է:
-Այն ամեն օր կարող է փոփոխվել, մարքեթինգն ամենօրյա գործընթաց է, առօրյայում նոր լուծումները պարբերական բնույթ են կրում: Մարքեթինգն այն չէ, թե ինչպես հաճախորդ ձեռք բերես, այլ այն է, թե ինչպես տրամադրություն ստեղծես, լինես ստեղծագործող, այս ամենն ինքնըստինքյան հաճախորդ է բերում:
-«Գուրմե-Դուրմե»-ի ամենահաջողված մարքեթինգային լուծումները որո՞նք են:
-Մեր հաջողությունը փաթեթավորման մեջ է, շատ մեծ հմտություն ունենք փաթեթավորման հարցում, սիրում ենք այն:
Եթե մեկ ամսվա մեջ մի նոր մտահղացում չենք ունենում, սրտնեղում ենք: Մենք դուրս ենք եկել շոկոլադի «գաղափարից», քանի որ շոկոլադ ցանկացողը մեկ այլ խանութից էլ կարող է գնել, որտեղ թանկն էլ կլինի, եվրոպականն էլ, փոքրն էլ, մեծն էլ: Երբ դու ստեղծագործում ես, քեզ նայելով՝ հաճախորդն ինքնըստինքյան գալիս է: Հաճախորդին հասկացել ենք, գիտենք՝ մեր հաճախորդն ով է: Երբ մեզ սկսում են համեմատել այլ ընկերությունների հետ, ասում եմ՝ իրենք իրենց հաճախորդն ունեն, մենք՝մերը, ոչ ոք ոչ ոքի չի խանգարում: Մարքեթինգում պետք է անել կարողություններին ու ոճին համապատասխան: Վերադառնամ կրկին հագուստի օրինակին՝ այն հագուստ կրելու պես է, հետևաբար, պետք է ընտրել սեփական ոճը. մենք այս մոտեցումով ենք առաջնորդվում:
—Ինչպիսի՞նն է «Գուրմե-Դուրմե»-ի հաճախորդը:
-Ե՛վ 1000 դրամ, և՛ 5000 դրամ ունեցողի համար ունենք առաջարկ: Մեր հաճախորդների կարծիքներն ու ցանկությունները գրանցում ենք, հնարավորներն՝ իրականացնում: Խանութ ունենալը մարքեթինգային այսպիսի առավելություն է ընձեռում:
-«Գուրմե-Դուրմե»-ի խաղանիշը ո՞րն է:
-Ինձ թվում է՝ սրտիկն է, որը ժպիտ է առաջացնում բոլորի մոտ: Սրտիկը «Գուրմե-Դուրմե»-ի` իրար կպած գլխագրերն են (G և D), այն յուրաքանչյուր փաթեթավորման վրա օգտագործում ենք:
—Իսկ համային առումով որևէ առանձնահատկություն կիրառե՞լ եք:
-Մեր շոկոլադները շատ չեն տարբերվում միջազգային շոկոլադներից, եվրոպական ամենաբարձր հումքերից օգտվելով՝ գտանք հայի քիմքին համապատասխան համը: Հայրենադարձության առաջին տարին դժվար էր, փնտրտուքների մեջ էինք: Քանի որ այժմ գիտենք, որ համը դուր է եկել մեր հաճախորդին, դա պահելով՝ տեսքի վրա ենք շեշտը դրել: Հաճախորդը վստահ լինելով համի վրա՝ ուշադրություն է դարձնում տեսքին: