«64 շախմատի դպրոց». երբ բիզնեսի շատ կանոններ հանված են և առաջնայինն արդյունքն է. Նորայր Հովհաննիսյան
«64 շախմատի դպրոց». երբ բիզնեսի շատ կանոններ հանված են և առաջնայինն արդյունքն է. Նորայր Հովհաննիսյան

«64 շախմատի դպրոց». երբ բիզնեսի շատ կանոններ հանված են և առաջնայինն արդյունքն է. Նորայր Հովհաննիսյան

64 շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն Նորայր Հովհաննիսյան

-Ինչպե՞ս եք ընտրել դպրոցի անունն ու լոգոն։

-Դպրոցի անունը կապված է շախմատի տախտակի վանդակների քանակի հետ։ Դրանք 64-ն են, այդ իսկ պատճառով, դպրոցի անունը դրել եմ «64»․ որը շախմատում հաճախ է հանդիպում։ Իսկ ինչ վերաբերում է լոգոյին, ասեմ, որ ընկերներս են ինձ օգնել այդ հարցում։ Առաջին լոգոն նվիրել է Արտուշ Կոշտոյանը, իսկ երկրորդը՝ Արամո Ունանյանը,  երբ որ պատրաստվում էինք միջազգային մրցաշարի աշխատանքներին։

-Երևանյան շուկայում ունե՞ք մրցակիցներ,  ո՞րն է ձեր մրցակցային առավելությունը։

-Երևան քաղաքում, յուրաքանչյուր թաղամասում գործում են պետական անվճար դպրոցներ, և մասնավոր մի քանի դպրոց։ Ես երբեք չեմ խուսափել մրցակցությունից, այլ հակառակը ոգևորվել եմ, և փորձել ունենալ, կամ ստեղծել առանձնահատկություններ, որոնք մյուս դպրոցներում չկան։Առավելություններից են խմբում երեխաների քիչ քանակը, ուսումնամարզական հավաքների մասնակցելը։ Բացի այդ՝ տնային հանձնարարությունները ստուգվում են, և ծնողը միշտ տեղյակ է լինում երեխայի կատարած աշխատանքի մասին։ Մեր դպրոցը միակն է, որն ունի նաև տրանսպորտային երթուղի դպրոց-տուն ուղղությամբ։

-Մարքեթինգային ո՞ր գործիքներն եք առավել հաճախ օգտագործում։                      

-Հիմնականում դպրոց հաճախող երեխան իր հետ բերում է նոր երեխայի, որը տեսնում է նախորդի արդյունքը։ Իսկ դրան զուգահեռ՝ մենք ակտիվ ենք պահում նաև դպրոցի ֆեյսբուքյան էջը, որտեղ կարող են տեսնել  մեր դպրոցի մասին պատմող նկարներ, վիդեոներ և գրառումներ։

-Ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում ձեր աշակերտների համար, ինչո՞վ են տարբերվում ձեր դասերը հանրակրթարանների ծրագրում ընդգրկված շախմատի դասերից։

-Այսօր բոլոր դպրոցներում` 2-4-րդ դասարաններում, պարտադիր անցնում են շախմատ առարկան, որի շնորհիվ էլ ավելի է մեծացել սերը շախմատի հանդեպ։ Այն երեխաներն, ովքեր ավելի լավ են դրսևորվում շախմատի դասերի ժամանակ, սկսում են հաճախել շախմատի։ Դպրոցի և շախմատի դպրոցի դասերը շատ են իրարից տարբերվում։

Իսկ եթե խոսենք պետական շախմատի դպրոցի և մասնավոր շախմատի դպրոցի ծրագրերի մասին, կասեմ հետևյալը` նոր հեծանիվ ոչ մեկս չենք հնարում, բայց որպես մասնավոր դպրոց մենք պարտավոր ենք և’ ավելի ուշադիր լինել, և’ ավելի արագ արդյունքի հասցնել երեխային , և շարունակել բարձր պահել դպրոցի վարկանիշը, որպեսզի աշակերտների թիվը շարունակի աճել։Միջոցառումեր շատ հաճախ ենք կազմակերպում։ Նախ` ուսումնամարզական հավաքներ, մրցաշարեր, հաղթողների համար անակնկալներ, նշում ենք նաև երեխաների ծննդյան տոները։ Դպրոցում փոխադարձ հարգանքի և ջերմ մթնոլորտ է տիրում։

-Ո՞րն է այսպիսի բիզնեսի հիմնական դժվարությունը։
-Չնայած այն հանգամանքին, որ հարկային ձևակերպումով դպրոցը նաև բիզնես է` բայց իմ մոտեցումն այլ է։ Ես այստեղ դրել եմ հոգի, և բիզնեսի շատ կանոններ հանված են։ Ինձ համար առաջնային է արդյունքը, աշակերտների` որպես հայրենիքին պիտանի մարդ մեծացնելը և հետո նոր դպրոց-բիզնես հասկացությունը։ Դպրոց պահելն, այն էլ այն պայմաններում, որ շուրջ բոլորն անվճար դպրոցներ են և կողքիդ չունես  հովանավոր, բարդ է, բայց մեզ համար նպատակը հստակ է, և մենք հաղթահարում ենք դժվարություններն ու մեր սաների հետ գնում առաջ։

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Content marketing` ամենապահանջված մարքեթինգային գործիքը. համառոտ ուղեցույց. Նանա Մարդոյան
Բիզնեսը մարզերում․ փոքր տարածքից՝ բոհեմյան միջավայր․ «Բոհեմ արվեստանոց-թեյարան». Գոհար Մնացականյան

Առնչվող գրառումներ

«Բայց կաշխատի՞»   ԹԵ   «Ո՞նց անենք, որ աշխատի». Մհեր Մկրտչյան