Նվազագույնը 60 ժամ յուրաքանչյուր ակնոցի համար. հայկական Twinz բրենդի հաջողության գաղտնիքը
Նվազագույնը 60 ժամ յուրաքանչյուր ակնոցի համար. հայկական Twinz բրենդի հաջողության գաղտնիքը

Նվազագույնը 60 ժամ յուրաքանչյուր ակնոցի համար. հայկական Twinz բրենդի հաջողության գաղտնիքը

«Բիզնեսում հաջողության գաղտնիքը թիմային առողջ աշխատանքն է. այն նման է մարդու օրգանիզմին, երբ ամեն օրգան տեղում է և իր աշխատանքն է անում, օրգանիզմը դատապարտված է հաջողության»:

Twinz Eyewear-ի համահիմնադիր Բաբկեն Խաչատրյան

Twinz-ը հիմնելը մե՞ծ ներդրումներ պահանջեց։

-Այո, մեծ ներդրումներ պահանջվեցին, բայց ոչ թե գումարի տեսքով, այլ մարդկային ռեսուրսի: Այս գաղափարի շուրջ հավաքվեցին պրոֆեսիոնալներ, էնտուզիաստներ, որոնք հավատում էին Twinz-ի գաղափարին և հաջողությանը: Հետագայում, իհարկե, վաճառքից եղան նաև ֆինանսական ներդրումներ բրենդի առաջխաղացման համար։

-Ինչպե՞ս առաջացավ նման ակնոցներ ստեղծելու և դրանք առանձին բրենդով ներակայացնելու միտքը։

-Այդ տեսակի ակնոցների միտքը տեսել ենք համացանցում և փորձել ենք դա որպես բիզնես իրականացնել Հայաստանում։ Այդ ժամանակ մեզ մոտ նման արտադրատեսակներ չկային։ Ակնոցի պատրաստման տեխնոլոգիան յուրացնելը մեզ համար բավականին բարդ էր ու ժամանակատար։ Փորձել ենք հնարավոր բոլոր եղանակները և վերջում ընտրեցինք դրանցից ամենաբարդը։ Մեր ընտրած եղանակով հաստոցների աշխատանքը գրեթե դուրս  է գալիս։ Հիմնական գործընթացը՝ մոտ 60 գործողություն, արվում է ձեռքով, և ամեն մի գործողություն միջինում տևում է մեկ ժամ: Հետևաբար պետք էին շատ լուրջ վարպետներ, որպեսզի ի կատար ածեին այդ ամենը։ Հիմնական թիմում չորս հոգով ենք՝ ես և ընկերս դիզայնն ենք անում, պատրաստում են եղբայրս ու նրա ընկերը:

-Ինչպե՞ս ընտրվեց հենց այդ անունը, այլ տարբերակներ քննարկվե՞լ են։

Twinz  անունը խորհրդանշում է երկու կողմերի հարմոնիկ կապը: Ակնոցն էլ է կրում հենց երկվորյակների սիմվոլը։ Իսկ մինչև այս տարբերակը կար նաև այլ անուն` Daobab, որը ստեղծվել է իմ և եղբորս անուններից։ Daobab Unique Accesories-ը մինչև հիմա էլ կա․ այն ավելի անհատական աքսեսուարներ է թողարկում։

-Կհիշե՞ք Twinz-ի առաջին վաճառքը։

-Twinz-ի առաջին վաճառքը եղել է Բարսելոնայում: Երբ պատրաստեցինք առաջին նմուշները, ես դրանք վերցրի ու գնացի Եվրոպա` ուսումնասիրելու այնտեղի շուկան և հասկանալու այնտեղ վաճառվող նմանատիպ ակնոցների որակները: Այդ ժամանակ Եվրոպայում փայտից ակնոցը տենդենց էր: Երբ ես գնացի ու փորձում էի մի սեղանիկի մոտ համեմատել ակնոցների որակը, վաճառողն ինձնից գնեց Twinz-ի ակնոցը: Այդ ժամանակ ես հասկացա, որ մենք բավական առաջ ենք գնացել, իհարկե, կան բրենդներ, որոնց որակին ձգտում ենք հասցնել մեր արտադրանքը։

— Իսկ ի՞նչ դեր է ունեցել մարքեթինգը,  բրենդի զարգացման ո՞ր փուլից եք սկսել դրան կարևորություն տալ։

-Իմ կարծիքով՝ քանի դեռ արտադրանքը չունես քո ձեռքում, այն չես կարող գովազդել: Շատ են եղել նման դեպքեր, ու մարդիկ խնդիրներ են ունեցել, քանի որ հետո չեն կարողացել ստանալ այն արտադրանքը, ինչ ներկայացրել են վիզուալ դիզայնի միջոցով: Քանի որ ես նաև լուսանկարչությամբ և դիզայնով եմ զբաղվում, ինձ դժվար չէր գեղեցիկ մատուցել մեր արտադրանքը։ Մեզ միացան նաև մարքեթինգի շատ լավ մասնագետներ, շատերն էլ կողքից օգնեցին մեզ: Ես հույս ունեմ, որ հետագայում, նրանք, ովքեր ներդրում են ունեցել Twinz-ի զարգացման գործում, կկարողանան արդեն աշխատել հիմնական մեր բրենդի հետ:

-Փաստորեն, ի սկզբանե դիմել եք մարքեթինգի մասնագետների օգնությանը։

-Այո, ես վստահում եմ բոլոր մասնագետներին, ում հետ աշխատում եմ, բայց մի բան էլ կա։ Եթե ուզում ես գործը լավ լինի, պետք է անձամբ տեղյակ լինես, թե ինչպես է կազմակերպվում այս կամ այն գործընթացը։

-Մարքեթինգային ինչպիսի՞ քայլեր եք արել, որոնք հատկապես նպաստել են վաճառքին:

-Մենք ապրիլ ամսին ցուցահանդես ունեցանք, որը հաջողություններից լավագույնն էր: Կարողացանք մեծ հավաքածու ցուցադրել` շուրջ 100 ակնոց, նաև ներկայացրինք մեր բրենդի հիմնական կոնցեպտը: Քանի որ ակնոցները փայտից ենք պատրաստում, անկախ մեզանից վնասում ենք բնությանը, իսկ փայտանյութը գնալով քչանում է:

Այդ պատճառով մենք ամեն մի վաճառված ակնոցից տնկում ենք մեկ ծառ: Այդ ցուցահանդեսը պարբերական բնույթ է կրելու. հաջորդ տարի ապրիլին նույնպես կտնկենք այն քանակությամբ ծառեր, որքան կունենանք վաճառք: Հույս ունենք, որ Հայաստանում շատ շուտով նոր անտառներ կունենանք: Մեծ քանակի ակնոցներ գնել են հենց ցուցահանդեսի ժամանակ, երբ շոշափել են և զգացել են նաև էներգիան, որը դրված է սրտացավ աշխատանքի շնորհիվ: Ակնոցներն ունեն նաև անուններ, ինչը նույնպես մարքեթինգային քայլ է` մտածված իմ կոմղից:

-Ու՞ր է գնում Twinz-ը:

-Twinz-ի արտադրությունը տեղափոխել են Գյումրի, քանի որ բոլորս արմատներով Գյումրիից ենք և կարևորում ենք հարազատ հողի վրա ներդրում անելը: Բացումը կլինի շատ շուտով: Բացի այդ, հոկտեմբերին հավաքածու ենք ուղարկելու Փարիզ` թանկարժեք բուտիկներում ներկայացնելու: Նշեմ, որ Twinz-ով հետաքրքրված են նաև ամերիկյան և ռուսական շուկայում:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. Ոստան
Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց

Առնչվող գրառումներ

Մի քանի բրենդ` մեկ խանութում. We Make-ի մարքեթինգային ռազմավարությունը