PR-ն ապագայում. արհեստական բանականության գործոնը. Հայկ Կիրակոսյան
PR-ն ապագայում. արհեստական բանականության գործոնը. Հայկ Կիրակոսյան

PR-ն ապագայում. արհեստական բանականության գործոնը. Հայկ Կիրակոսյան

  PR խորհրդատու, PR-ի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Հայկ Կիրակոսյան

-Ապագայում PR-ը կմղվի՞ մի անկյուն:

-Իհարկե չի մղվի, քանի դեռ կա հաղորդակցությունը՝ ոչ միայն իրական կյանքում, այլև վիրտուալ աշխարհում հաղորդակցությունը: Հետո նաև այդ վիրտուալ հաղորդակցությունն էլ է փոփոխություն կրելու: PRը դեռ երկար ժամանակ իր դիրքերում է մնալու՝ թարմացնելով իր զինանոցը: Բերնեյսը՝ PR-ի հիմնադիրն, ասում էր, որ չի կարծում, թե թերթից այն կողմ մեկ այլ լրատվամիջոց կարող է ի հայտ գալ, դրանից որոշ ժամանակահատված հետո ի հայտ եկավ ռադիոն, իսկ ինչ կապրեր նա, եթե հիմա տեսներ հեռուստատեսությունը, ինտերներտը, սոցիալական ցանցերը և այն ամենը, ինչը դեռ գալու է: Մեզ թվում է, թե վերջ, ամեն սերունդ Բերնեյսի վիճակում է հայտնվում, այսօրվա PR-ի, գովազդի մասնագետներից շատերին գուցե կթվա, որ վերջ սոցիալական ցանցերից, ինտերնետ տիրույթից այլ տարբերակ լինել հնարավոր չէ, սակայն, գալու են հումանոիդներ, որոնք գովազդակիր են լինելու, գալու է վիրտուալ աշխարհի լրիվ ուրիշ ֆորմատ, որն իրենից ներկայացնելու է վիրտուալ տիրույթում հաղորդակցություն բոթերի հետ, այսինքն՝ ծրագիրն ինքը լրիվ ուրիշ ուղերձ է տալու, այն և գովազդակիր է լինելու, և ծրագրային լուծումներով լրատվական առիթ է տալու, լինելու է անսպառ մի հնարավորություն:

Արհեստական բանականաությո՞ւն է լինելու:

-Նախ անդրադառնանք նրան, որ արհեստական բանականությանը սնում, դաստիարակում, կրթում ենք մենք՝ մեզնից յուրաքանչյուրն իր մատերի գործողություններով սեփական սմարթֆոնների վրա: Համակարգչում մկնիկով արված ցանկացած տեղաշարժ գրանցվում է և փոխանցվում համապատասխան կենտրոնին արդեն ծրագրային տարբերակով, դրա արդյունքում տեղի է ունենում մի հետաքրքիր ֆենոմեն, որի համաձայն մեր ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերն ավելի շատ տեղեկություն ունեն մեզնից յուրաքանչյուրի մասին, քան մեր հարազատները, մտերիմները, այ սրա արդյունքում մենք անսահման զորությամբ ենք օժտում արհեստական բանականությանը, որը դեռ համեստաբար լռում է:

Իսկ մենք կտեսնե՞նք արհեստական բանականության դրսևորումները:

-Այո, այն շատ մոտ է և շատ շուտով մենք ականատեսն ենք լինելու արհեստական բանականության դրսևորումներին, քանի որ այն կատարելապես ճանաչում է սպառողին, քանի որ սպառողը ամենաանկեղծ ու ազնիվ տարբերակով իր մտքերը շարադրում է ստատուսների ձևով, նամակների ձևով, փնտրում ու նայում է կոշիկ, ուտելիք, խաղալիք, ֆիլմ: Մենք արդեն անգամ Հոլիվուդին, խոշոր կինոարտադրողին տալիս ենք միտք, թե եկող տարի ի՞նչ ֆիլմ ենք ուզում դիտել: Մենք, անկախ մեզնից ցույց ենք տալիս, թե մեզ համար ինչն է գրավիչ: Հանգիստ կարելի է ասել, որ մարդը երբևէ այսքան կանխատեսելի չի եղել, այն էլ ոչ թե դիմացի մարդու համար, այլ մի ծրագրի, մի համակարգի համար, որը դեռ պլաններ ունի այդ մարդու նույնիսկ թոռների ու ծոռների հետ կապված:

-Ենթադրելի՞ է, որ մի քանի տարի հետո մարդու՝ որպես PR մասնագետ, կարիքը չի լինելու:

-Ոչ միայն մարդու՝ որպես փիառ մասնագետ, այլ նաև մարդու՝ որպես ֆինանսիստ, բժիշկ, հաշվապահ, երաժիշտ, նկարիչ, ամեն ինչ ավտոմատացվելու է և խնդիրներն էլ ավելի քիչ են լինելու, քանի որ այն փաստացի մարդուն դուրս է մղելու պիտանելիության շրջանակներից, ավտոմատացման դեպքում վթարներ չեն լինի, խցանումներ չեն լինի, իսկ այդ պարագայում պարզապես 80% գործազրկություն է լինելու: Իսկ թե ինչո՞ւ այժմ չի ավտոմատացվում, քանի որ նրանք, ովքեր ունակ են այդ մեխանիզմը գործարկելու, դեռ չունեն հարցի պատասխանը՝ ինչպես վարվել 80% գործազուրկների հետ, երբ այդ հարցի պատասխանն ունենան, ապա այս մեխանիզմը կսկսի աշխատել և այս մեխանիզմն աշխատելու է շատ կասկածելի օգտակարությամբ մարդու համար:

-PR-ի մեխանիզմները, դեմքը նո՞ւյնն են:

-Եթե նկատի ունեք այժմ, ապա՝ իհարկե նույնը չեն, անգամ հակադիր, իրարից շատ հեռու մեխանիզմներ են կիրառվում ու տարբեր լծակներով է գործում: Օրինակ՝ B2B-ում թիրախը միանգամից սեղմվում է, հիմնադրամներից, ինչպես օրինակ՝ City of smile-ն է, թիրախը մոտ 500 հոգի է, անհատի դեպքում թիրախը լրիվ այլ հարթակում է, իսկ ապագայի փիառում առաջնայինը, ինչը կտեսնենք երկուսս էլ՝ ես և Դուք, հոլոգրաֆիկ կամ մարդկային հորինված կերպարն է լինելու, որն իրականում չկա, այն կլինի մի կերպար, որը չի ծերանա երբեք, կլինի նույն տարիքում և´ մեր թոռների, և´ ծոռների, և´ նրանց սերնդի համար, այն նույնքան նշանավոր կլինի աշխարհում, որքան Քիմ Քարդաշյանը, կամ այժմյան ինֆլուենսերները, որոնք ինստագրամում ունեն 400.000-ից ավելի հետևորդ և գումար են վերցնում իրենց պատին փոստ անելու համար:

Փաստորեն ապագայի PR-ն նույն դեմքն է ունենալու:

-Այո ունենալու է նույն դեմքը, նույն տերը, եթե իմ դեմքը մտավոր սեփականության սուբյեկտ չէ, ապա՝ վաղվա ինֆլուենսերի դեմքը մտավոր սեփականության սուբյեկտ է լինելու, ունենալու է հստակ տեր, անգամ մենք չենք կարող այդ դեմքն օգտագործել մեր նպատակների համար, ունենալու է անուն, հորոսկոպի նշան, նախընտրություններ, բայց նա իրականում գոյություն չի ունենա, նա ավելի շատ մեծ ազդեցություն է ունենալու, քան 10 արտիստ, մաեստրո միասին վերցրած: Ամենահետարքրքիրն այն է, որ դա աճեցնելու հնարավորություն ունեք անգամ դուք՝ ընթերցողներդ, և ես: Ինչո՞ւ դա չենք անում, քանի որ մարդ սովորություն ունի նստել և սպասել ապագային, բայց Իլոն Մասկի(Elon Musk) պես քայլ չենք անում դեպի ապագա և ապագան քաշում դեպի մեզ:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

5 ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին. մաս երկրորդ
Մարքեթինագային ճիշտ արշավը կարող է հասցնել հաջողության գագաթնակետին. Twelve Company

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան