«Արմենիա» հեռուստաընկերություն՝ «Լավագույն Հայկական բրենդ» -2020
«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Արմենիա» հեռուստաընկերություն՝ «Լավագույն Հայկական բրենդ» -2020

«Արմենիա» հեռուստաընկերության PR պատասխանատու Հայկուհի Ասատրյան

2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա որոշվեցին 2020-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները։ “The Best Armenian Brand 2020” նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում:

«Տարվա լավագույն հեռուստաընկերություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Արմենիա TV»-ն: Հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1998թին։  Ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում հեռուստաընկերությունը ներկայացել է նորարարություններով:

Ինչպե՞ս  հաջողվեց  գրավել հեռուստադիտողի ուշադրությունը և դառնալ տարվա լավագույն հեռուստաընկերություն։

-«Արմենիա» հեռուստաընկերությունը տարիներ շարունակ եղել է ու շարունակում է լինել հայկական ամենավարկանշային հեռուստաալիքը։ Անկախ նախագծերի ձևաչափից՝ հեռուստատեսային բոլոր չափումներով վարկանշային աղյուսակում ամենաբարձր ցուցանիշներն է արձանագրում։ Սա հնարավոր է դարձել պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։ Հեռուստաընկերությունը պահպանել է առաջատարի տիտղոսը հեռուստատեսային գրեթե բոլոր ձևաչափերում։ Հեռուստադիտողին ենք ներկայացրել լավագույն սիթքոմները, հեռուստաֆիլմերը, հաղորդումները, երաժշտական ու հումորային շոուները, ինտելեկտուալ ու մշակութային նախագծերը, յուրքանչյուրը մեր եթերում կարող է գտնել իր նախասիրություններին համապատասխան բովանդակություն։

2020-ը անկումային տարի էր, ինչպիսի՞ն էր այն «Արմենիա» հեռուստաընկերության համար։ Ցնցումային իրավիճակում ինչպե՞ս պահեց իր դիրքը։ 2020-ին հեռուստատեսությունն արդյո՞ք իր քաղաքականությունը փոխեց։

-2020-ն իսկապես բարդ և ճգնաժամային տարի էր։ Հեռուստաընկերությունն արագ արձագանքեց տեղի ունեցող իրադարձություններին և ներկայացրեց համապատասխան եթերացանց՝  արտահերթ լրատվական թողարկումներով, սոցիալական-հասարակական նախագծերով, փաստագրական-վավերագրական ֆիլմերով, հեռուստաընկերությունը ներկայացրեց ժամին և օրվան համապատասխան հեռուստաբովանդակություն։

Ի՞նչ նոր ծրագրեր ստեղծվեցին՝ նոր մոտեցմամբ։

-Հեռուստաընկերությունը ներկայացավ նոր ձևաչափերով՝ շարունակելով ստեղծել նոր բովանդակություն։  Դեռ 2020-ի տարեսկզբին, համավարակով պայմանավորված, դժվարություններ էին ստեղծվել նաև նկարահանումները կազմակերպելու հարցում։ Հեռուստաընկերության ստեղծագործական խումբը ներկայացրեց նոր ձևաչափով հաղորդաշարեր, որի շրջանակում հյուրերի հետ հարցազրույցներն իրականացվում էին օնլայն և ուղիղ եթերում։ Սա իրականացված նախագծերից միայն մեկն էր։ Հեռուստաընկերությունը նաև մեծ մասնակցություն ունեցավ վարակի կանխմանն ուղղված իրազեկման աշխատանքներին։

Տարեվերջին, երբ սկսվեց պատերազմը, նկարահանվեց և ցուցադրվեց «Հերոսական նովելներ» շարքը սահմանին կանգնած հերոս տղաների մասին։ Հեռուստաընկերությունն աշխատում էր արտակարգ ռեժիմով, ամեն ժամ թարմացվող լրատվությամբ և ուղիղ միացումներով։ Հեռուստադիտողներին ներկայացրեցինք օպերատիվ, հավաստի և թարմ տեղեկատվություն։ «Ժամը» լրատվականի» լրագրողներն աշխատում էին բոլոր թեժ տեղերում՝ ապահովելով ճշգրիտ տեղեկատվություն։

Ո՞ր հաղորդումներն են ամենից սիրելի և դիտվող։

-Հեռուստաընկերության ստեղծագործական թիմը մշտապես ձեռքը պահում է զարկերակին և լսում հեռուստադիտողների արձագանքն ու կարծիքը։ Բոլոր ձևաչափերն ու հաղորդումները ստեղծվում են պահանջարկին համապատասխան։ Մենք ներկայացնում ենք սեփական արտադրության տարբեր հաղորդումներ՝ կրթական, ինտելեկտուալ, մշակութային, երիտասարդական, երաժշտական, ժամանցային, լրատվական, սոցիալական, սպորտային, տեղայնացնում ենք համաշխարհային հեղինակավոր հեռուստաֆորմատները։ Մեր ստեղծած հեռուստաֆիլմերը մեծ վարկանիշ են ունենում ոչ միայն Հայաստանում, այլև բարձր գնահատականի են արժանանում միջազգային հարթակում։ Նախորդ տարի «Պատվից առավել» հեռուստաֆիլմն արժանացավ հեղինակավոր ՏԵՖՖ-ի մրցանակին, մեր ֆիլմերից մեկը նույնությամբ նկարահանվեց ամերիկյան շուկայի համար, որոշ ֆիլմեր («Առաջնորդները», «Պատվից առավել») արդեն թարգմանվում և ցուցադրվում են այլ լեզուներով։

-Ո՞րն է հեռուստաընկերության  կարևոր գործառույթը։

-«Արմենիա» հեռուստաընկերությունը տարիներ շարունակ հեռուստատեսային իսկական ընկեր է, որը ներկայացնում է բովանադակություն, որի օգնությամբ հեռուստադիտողը կարող է ստեղծել իր ժամանցը, կրթվել, ճանապարհորդել, սպորտով հետաքրքրվել, ունենալ լավ երաժշտական երեկոներ։ Այս մրցանակը ևս փաստեց, որ լավագույն հեռուստատեսային ընկերը մենք ենք։

Մեր տարիների փորձառությունն օգնում է ստեղծել ապագայի հեռուստատեսություն՝ համահունչ նոր իրականությանը եւ համաձայն ինդուստրիայի միջազգային տրանսֆորմացիայի տրամաբանությանը։ Մենք ստեղծում ենք ապագայի հեռուստատեսություն թե´ մեր հեռուստադիտողի ու հասարակության նոր պահանջների, թե´ սեփական նոր նախաձեռնությունների համահունչ միասնությամբ։

-Ի՞նչ պլաններ կան այս տարվա համար։

-Մեր այս տարվա ամառային եթերը կլինի գերֆուտբոլային. ԵՎՐՈ-2020-ի բոլոր խաղերը մեկ ամիս շարունակ բացառիկ իրավունքով կցուցադրվեն «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Համավարակով պայմանավորված ԵՎՐՈ-2020-ը տեղափոխվեց այս տարի։ Այսպիսով, «Արմենիա» հեռուստաընկերությունը Հայաստանում բացառիկ իրավունքով կշարունակի ցուցադրել Չեմպիոնների Լիգան, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերը, Աշխարհի և Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի և ֆուտբոլի Հայաստանի առաջնության խաղերը։ Այժմ եթերում է մեր գարնանային եթերաշրջանը՝ բազմաժանր հաղորդումներով, ֆիլմերով, սիթքոմներով ու նախագծերով։ Արդեն նախագծում  ենք աշնանային եթերաշրջանը, որը կլինի ավելի հագեցած ու հետաքրքիր։

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Netflix-ը հավանություն է տվել հայկական սերիալի սցենարին.
«Multi Wellness» սպորտային համալիրը՝ «Լավագույն Հայկական բրենդ»- 2020

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս է մարքեթինգն աշխատում նորաձևության ոլորտում. մասնագիտական բացառիկ դասընթաց․ Աննա Սալոմե