«Ռադիո Վան» ռադիոկայանը՝  «Լավագույն Հայկական բրենդ»- 2020
«Ռադիո Վան» ռադիոկայանը՝  «Լավագույն Հայկական բրենդ»- 2020

«Ռադիո Վան» ռադիոկայանը՝  «Լավագույն Հայկական բրենդ»- 2020

«Ռադիո Վան» ռադիոկայանի հիմնադիր տնօրեն Շուշանիկ Արևշատյան

2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա որոշվեցին 2020-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները։ “The Best Armenian Brand 2020” նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում: «Տարվա լավագույն ռադիոկայան» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Ռադիո Վան» FM-103.1-ը:

«Ռադիո Վան» ռադիոկայանի հիմնադիր տնօրեն Շուշանիկ Արևշատյանի հետ զրուցել ենք արդեն 23 տարվա պատմություն ունեցող ռադիոկայանի, թիմի, տարեց տարի զարգացող նպատակների շուրջ:

Անչափ կարևոր էր

«Եվ´մեր մեջ, և´մեզնից դուրս դարձնել աշխարհն ավելի լավը, բարին, ավելի հետաքրքիր, ներդաշնակ և այս ամենը խոսքի, երգի, երաժշտության, մտքի միջոցով, չէ՞ որ առաջինը խոսքն էր: Խոսքի մեջ մեծ զորություն ու ուժ կա: Այն մարդուն կարող է և´ նվաստացնել, և´ բարձրացնել, և´թևեր տալ: Եթե մեր մեջ ոչինչ չփոխենք, չենք կարողանա աշխարհը փոխել»:

2020-ին աշխարհը փոխվեց

«Չեք հավատա, բայց դրա մասին գիտեի վաղուց, զգում էի դեռ 4 տարի առաջ: Վատը և նույնատիպը շատ էր կուտակվել: 2020-ը հանգուցալուծումն էր, իսկ փոփոխություններն սկսվել էին ավելի վաղ: Մենք պաշարներ սկսեցինք կուտակել՝ հոգեպես և նյութապես: Ֆոնդ էինք ստեղծել, որտեղ վերջին 8 տարվա ընթացքում գումար կուտակեցինք: Ռադիոն հիմնականում կախված է տեխնիկական խնդիրներից, իսկ դրանք կարող են վնասվել ցանկացած տարերային իրավիճակում: Միջոցներ էին հարկավոր տեխնիկա ձեռք բերելու համար, որի ձեռքբերումը մեկ օվա խնդիր չէ, այլ բավական երկար գործընթաց է: Մենք այս 8 տարվա ընթացքում ձեռք բերեցինք նույնիսկ պահեստային տեխնիկա»:

Ռազմավարությունը փոխվեց

«Ամենակարևորը փոխեցինք մեր ռազմավարությունը՝ թվային մարքեթինգի զարգացմանը համապատասխան անցում կատարեցինք ժամանակակից սփռման տարբերակին: Ռադիոն այսօր կարելի է լսել, նայել և կարդալ: Այն կարծես մի հիբրիդ լինի: Մենք սա հասկացանք, սկսեցինք ներդրում անել, որն ավարտվեց 2018-ին: Այն կարծես մի ցիկլի ավարտ էր և մյուսի սկիզբ: Երբեմն գալիս հասնում ես մի կետի և այդ կետում անելիքդ ավարտում ես, իսկ հաջորդ կետին անցնելու համար պետք է սկսել զրոյից՝ ունենալով հիմքում նախորդ արածդ: Պատրաստեցինք նոր լոգոտիպ՝ «Ռադիո Վան 2.0»: Թվերը համընկեցին 2020-ի հետ: Կարծես նախանշված լիներ մի բան: 2 տարվա ընթացքում վերակազմավորվեցինք, գտանք 2-րդ ցիկլի սկիզբը: Իսկ ահա 2020-ին մենք արդեն ունեինք պատրաստի պայմաններ և քաղեցինք նախապես ստեղծածի պտուղները: Մինչև 2020-ը ռադիոն գոյատևում էր միայն գովազդի հաշվին, իսկ 2020-ին գովազդային շուկան «ընկավ»: Այլ եկամուտ չունենալու պատճառով՝ օգտվեցինք թվային մարքեթինգից, սկսեցինք գումար աշխատել սոցիալական մեդիայի միջոցով: Ունենալով տեխնիկական և մարդկային լուրջ ու ծանր ռեսուրս՝ վերակազմավորվեցինք, ավելացրեցինք նախագծերը»:

Աշխատակազմից ոչ ոք չկրճատվեց

«Չեմ կարող ասել, որ շատ գումար աշխատեցինք սոցիալական մեդիայում, բայց արդյունքում կարողացանք պահել աշխատակազմը: Ոչ մեկ չհեռացվեց աշխատանքից, ոչ մեկի աշխատավարձը չկրճատվեց: Ես միշտ ասել եմ, որ ԶԼՄ-ներում աշխատում են շատ յուրահատուկ մարդիկ, նրանք անհատականություն են: «Ռադիո Վան»-ի կադրերը 18, 20 տարեկանից ռադիոյում են և արդեն 22 տարի իմ կողքին են: Ինչպե՞ս կարող էի նրանց աշխատանքից հեռացնել, չէ՞ որ, երբ լավ էր, իրար հետ էինք: Նրանք շատ փորձություններ են հաղթահարել և փորձառուներ են»:

2020-ը

«Ես ոչ մի ուրիշ տաղանդ չունեմ: Ոչ նկարում եմ, ոչ երգում, ոչ նվագում, իմ միակ տաղանդը լավ «кризис менеджер» լինելն է: էքստրեմալ իրավիճակներում շատ արագ կողմնորոշվում եմ և միանգամից որոշումներ կարողանում ընդունել, դրանք ինձ ադրենալին են տալիս և իմ առջև դնում են նոր խնդիրներ, որոնք լուծելիս անչափ լավ եմ զգում ինձ:  2020-ը մի իսկական փորձություն էր այն ընկերությունների համար, որոնք իսկապես թիմ են ձևավորել: Եթե կա աշխատող, առողջ թիմ, նույնիսկ վտանգավոր դժվարությունները հաղթահարելի են»:

«Լավագույն Հայկական բրենդ» մրցանակաբաշխությունը

«Այն մեզ անչափ ուրախացնող, 2020-ի հետ կապված, միակ լավ բանն էր: Չեք հավատա, բայց, եթե դա լիներ այլ թվերի, ոչ 2020-ին, մենք էլի շատ կուրախանայինք բնականաբար, բայց այնպես չէ, ինչպես այս անգամ: Մրցանակաբաշխությանը լավագույնը համարվելը կածես մի նշան է, որ մենք իրավունք չունենք վատ աշխատելու թեկուզ այս դժվարագույն ժամանակահատվածում: Այն մեզ ոգեշնչեց և բնականաբար ավելի մոտիվացրեց»:

Նոր նպատակներ

«Սփռման ցանցն ուզում ենք ըմդլայնել դեպի Գյումրի, Վանաձոր, Մասիս, Սևան, Դիլիջան, Արցախ, որպեսզի, երբ մարդն ուղևորվի այդ քաղաքներից մեկը, ճանապարհին ռադիոյի կապը չընդհատվի, այլ շարունակվի մինչև վերջ, և քաղաքացին հանգիստ վայելի իր ճամփորդությունը: Արդեն ունենք  պայմանավորվածություններ, ունենք բոլոր հաճախականությունները, մնում է տեխնիկական բազայի հարցը լուծել: Ուզում ենք լոկալ օֆիսներ բացել»:

Մրքեթինգը

«Ռադիոլսողները Հայաստանում կարող են մեզ ունկնդրել 103.1 հաճախականությամբ, Հայստանից դուրս՝ www.radiovan.fm կայքի միջոցով, Android և IOS ծրագրերով հեռախոսների դեպքում կարող են անվճար ունենալ և օգտագործել համապատասխան APP-ը, ռադիոլսողները կարող են մեզ նայել և լսել «Ռադիո Վան»-ի ֆեյսբուքյան, ինստագրամյան, տելեգրամյան էջերով, յութուբյան ալիքով և ամենակարևորը, մարզերում ապրողները, որոնց համար անհասանելի է «Ռադիո Վանը», կարող են լսել իրենց հեռուստատեսությամբ: Տեխնոլոգիական բոլոր միջոցներն օգտագործել ենք, միայն մի բաց ունենք, դա արբանյակային կապն է, քանի որ Հայաստանը ռադիոյի ոլորտում չի անցել թվային այդ մասշտաբի հաղորդակցման»:

Այլ խոչընդոտներ

«Ես միշտ ասել եմ՝ օգնել պետք չէ, բայց մի էլ խանգարեք: Ռադիոյի աշխատանքին կարող են խոչընդոտել օրենքների անհարկի փոփոխությունները, որոնք առանց մասնագետների հետ խորհրդակցման են տեղի ունենում: Օրինակ՝ մենք նախագծում ենք 2 տարվա աշխատանքային պլան, հայթհայթում ֆինանսական միջոցներ, բանկերի հետ պայմանագիր կազմում, ու հանկարծ, մի օր որոշում է փոխվում ու այդ որոշումը պետք է իրականացնել ոչ թե մեկ տարի կամ 2 տարի հետո, այլ հենց՝ վաղը: Այս պայմանները ռադիոներին ծուղակի մեջ են գցում, այս դեպքում ռադիոն կամ պետք է փակվի, կամ որևէ մեկից գումար խնդրի և ընկնի կախվածության մեջ՝ զրկվելով անկախությունից: Այ սա մեծ խոչընդոտ է, և ես ես դեմ եմ սրան»:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

«Multi Wellness» սպորտային համալիրը՝ «Լավագույն Հայկական բրենդ»- 2020
Վաճառել` տեքստի միջոցով, ինչպե՞ս. Ռուբեն Կարոյան

Առնչվող գրառումներ

«Արմենիա» հեռուստաընկերություն՝ «Լավագույն Հայկական բրենդ» -2020