«Mybookstore» առցանց գրախանութի հիմնադիր Լևոն Ստեփանյան
-2016 թվականն էր, մի օր գրախանութներից մեկում էի, մինչև վճարում կատարելը 30 րոպե սպասել եմ: Այդտեղ միտք հղացավ, որ կարելի է գրքերի առաքում կատարել: Դաշտն ուսումնասիրեցի ու հասկացա, որ որևէ գրախանութ առաքում չունի, այդպես ստեղծվեց «Mybookstore» օնլայն գրախանութը: Երբ առաջին պատվիրված գրքի գումարը գողացան գրպանիցս, գրպանումս մնաց ընդամենը 3000 դրամ բիզնեսը սկսելու համար և սկսեցի: Գրքերի առաքումը սկսվեց տվյալ ժամանակի ամենավաճառվող գրքից՝ Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»-ից, այնուհետ գործակցությունը շարունակվեց հրատարակչությունների ու գրախանութների հետ:
—Ո՞րն է «Mybookstore»-ի մարքեթինգային ռազմավարությունը:
-Այն ավելի շուտ իմ հոբբին է: Լինելով գրքասեր և ունենալով բիզնես ջիղ՝ համատեղում եմ հոբբին ու բիզնեսը «Mybookstore»-ի շրջանակներում: Այն նորություն բերեց ոլորտ, եթե գրախանութն ունի հստակ տեսականի, ապա «Mybookstore»-ը չունի սահմանափակում՝ շնորհիվ տարբեր գրախանութների ու հրատարակչությունների հետ գործակցության: Այդ կերպ մենք ընլայնում ենք մասշտաբը, ընթերցողը մեր կազմակերպության միջոցով նույնիսկ արտասահմանից գիրք պատվիրելու հնարավորություն ունի: Գրքասիրությանը խթանող տարբեր ծրագրեր ենք իրականացնում՝ հաճախ բարեգործական, նույնիսկ գրադարաններ ենք հիմնել գյուղական համայնքներում՝ գրքահավաքի միջոցով:
Որպես բիզնես մեծ գումարներ չենք աշխատում, բայց խթանում ենք ընթերցանությունը, նաև հարմարավետություն ենք ստեղծում աշխատանքային ժամին գրախանութից օգտվել չկարողացող ընթերցողների համար: Մարդը տանը կամ աշխատավայրում նստած գիրք է պատվիրում և ստանում մեկ օրում, Երևանում առաքումն անվճար է, իսկ մարզերում՝ 500 դրամ: Օգտագործում ենք մոտիվացնող տարբերակներ, օրինակ, եթե մարզից պատվեր ունենք, ապա գիրքն ուղարկում ենք տվյալ մարզից որևէ ուսանողի հետ, իսկ վճարված գումարը տալիս ենք այդ ուսանողին՝ ճանապարհածախսը հոգալու համար:
—Ինչո՞վ եք մոտիվացնում մարդկանց՝ գիրք պատվիրել հենց Mybookstore-ից:
-Առաջին ակցիան, որը մտքովս անցավ հեղինակի՝ Վահագն Դիլբարյանի մակագրությամբ «100 բիզնես գաղտնիք» գիրքն առաքելն էր: Այդպես ստեղծվեց «Mybookstore»-ից գիրք գնելու մոտիվացիան: Տոնական օրերին անակնկալներ ենք մատուցում՝ գրքի հետ քաղցրավենիք, «Mybookstore»-ի լոգոյով թխվածքաբլիթ առաքելով ընթերցողին: Այսքանի հետ մեկտեղ գրքի գինը մնում է նույնը, երբեմն՝ ավելի էժան:
—Ամենաշատ վաճառված գրքերը որո՞նք են:
-Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիք>> -ը, Նիկոլ Փաշիյանի «Երկրի հակառակ կողմը>>, Էդգար Հարությունյանի հեղինակած գրքերը, ևն.., գրքեր կան, որոնք ինչ որ շրջանում են վաճառվում, գրքեր էլ կան, որոնք անընդհատ հետաքրքրություն են առաջացնում, դրանք են՝ «Դորիան գրեյի դիմանկարը», «Ո՞ւր է իմ պանիրը», <<Ալքիմիկոսը»:
—Որքանո՞վ եք հաջողված համարում ձեր բիզնեսի բրենդինգը:
-Միանշանակ կարող եմ ասել, որ որպես բիզնես և որպես բրենդինգ հաջողել է, քանի որ «Mybookstore»-ը միայնակ չէ, նրա կողքին են «MYcorner» հակասրճարանը Հրազդանում, «MYdelivery» -ին որպես առաքում իրականացնող կազմակերպություն, «MYdesign» հարթակը: Այս հարթակների լոգոն «MY»-ն է տարբեր գույների մեջ: Բրենդինգի շեշտը դրվել է «MY»-ի վրա, մարդիկ այն ասոցացնում են ինձ ու իմ ստեղծած նախագծերի հետ:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան