«Excelist» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Մայիս Մարգարյան
—Ո՞րն է Excelist-ի հիմնական գործառույթը:
—Excelist-ը Microsoft Excel ծրագրի դասավանդման մեջ մասնագիտացված ընկերություն է, որը դասավանդում է տվյալ ծրագրի տարբեր մակարդակի և ուղղությունների կուրսեր, ինչպես առկա, այնպես էլ online տարբերակով: Դասապրոցեսները սովորաբար տեղի են ունենում երեկոյան ժամերին, որպեսզի աշխատողներին հարմար լինի, նշեմ, որ ունենք նաև օնլայն շուրջօրյա խորհրդատվություն:
—Բուհ—ում ուսանողը այս կրթությունը չի՞ ստանում:
-Այնտեղ սովորածը ծավալով շատ քիչ է, և խնդիր կա մատուցման ձևի մեջ: Excel-ի որոշ մակարդակ աշխատաշուկայի նվազագույն պահանջ է: Excel-ը համարվում է լայն սպառման առարկա գրեթե բոլոր այն տեղերում, որտեղ կան տվյալներ և տվյալների մշակման կարիք՝ այս կամ այն դրսևորմամբ և խորությամբ, սակայն հայկական ռեսուրս չլինելու պատճառով շուկան բաց էր: Ակնհայտ էր մի բան, որ հայ հասարակության մեջ Excel-ը շատ էր օգտագործվում, բայց իմացության մակարդակը ցածր էր, նաև ակնհայտ էր որ մասնագիտական հայերենով հարց ու պատասխանի պահանջարկը կար: Գաղափարը ստեղծվեց 2013 թվականին, երբ դժգոհ էի ինձնից, մտածում էի տարին փոխվեց, բայց ինձ մոտ ոչինչ չփոխվեց և որոշեցի իմ ուժեղ կողմը ներկայացնել՝ սոցիալական ցանցերում, յութուբյան ալիքում հայերենով վիդեոհոլովակներ տեղադրելով, հարց ու պատասխանով, կոնտենտ քաղաքականությամբ: Որոշ ժամանակ անց արդյունքը երևաց, բնականաբար, բիզնեսի տեսանկյունից հաջորդ փուլը դասընթացների ծառայություն ունենալն էր, ինչն էլ հիմք հանդիսացավ ընդլայնելու Excelist-ի շրջանակները, քայլ արեցինք դեպի կորպորատիվ հաճախորդների շուկա, սկսեցինք առաջարկել օնլայն դասընթացներ: ժամանակի ընթացքում կայք ստեղծվեց և պահանջարկը խթանող այլ միջոցներ:
—Հետագա քայլերը որո՞նք եղան:
-ֆեյսբուքում ստեղծեցինք Excelist անունով խումբ՝ բաղկացած օրգանիկ աճած 8200 մասնակցից: Հպարտությամբ կարող եմ ասել, որ ամբողջ ԱՊՀ-ում ամենամեծ խումբն է` Excel-ի մասնագիտական քննարկման համար: Խումբը հնարավորություն է տալիս հարց բարձրացնել և հայերենով պատասխան ստանալ: Այնուհետ ստեղծվեց Macro Lab ծրագրավորման ընկերությունը: Շուկայում բաց նկատեցինք, որ կարելի է ավտոմատացված ծրագրավորման ծառայություն էլ ունենալ: Ինչպես ասում է ռուս գործարարը՝ թող կազմակերպության լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը, բիզնեսմենին Excel է պետք:
-Excelist-ը որպես բիզնես կայացա՞ծ է:
-Այո: Excelist-ը նաև բրենդ է, քանի որ շուկայում իր հեղինակության հաշվին առաջնայինն են խորհուրդ տալիս: Excelist-ում սովորելը համեմատաբար թանկ է՝ տեխռեսուրսների, լրացուցիչ ծառայություններ մատուցելու, որակի հաշվին: Խոշոր հարկատու կազմակերպությունների հետ ենք համագործակցում, սա էլ բրենդ լինելու մեկ այլ հիմանավորում, չէ՞ որ, երբ ուզում են արժևորել որևէ բան, ասում են, թե իրենց հետ համագործակցում են լավագույն գործատուները: Անհամեստություն չեմ անի, երբ ասեմ, որ Excel-ի դասավանդման շուկայում Excelist-ը բրենդ է, ճանաչելիությունը բարձր է: Մարքեթինգային ամենահզոր գործիքը եղել է կոնտենտ ստեղծելը, ուշադրություն հրավիրել և կառավարել ուշադրությունը՝ օգտագործելով ինտերնետային բոլոր գործառույթները: Հիմա Հայաստանում նման ծառայություններ մատուցող տարբեր ընկերություններ կան, բայց Excelist-ը մնում է միակը, որը հենց այդ ուղղությամբ մասնագիտացված կազմակերպություն է:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան