Հոգեբան Լուսինե Կորեկյան
Բիզնեսում հաջողություններ ունենալու վերաբերյալ զրուցել ենք հոգեբան Լուսինե Կորեկյանի հետ: Հոգեբանն ասում է, որ բիզնեսում ինչպես և այլ ասպարեզներում օրինաչափությունների և կանոնների թվում գործում է 80/20 հարաբերության օրենքը, որը իտալացի ինժեներ, տնտեսագետ և սոցիոլոգ Վիլֆրեդո Պարետոի սկզբունքն է, կամ կենսական փոքրամասնության օրենքը։ 80/20 հարաբերության գաղափարը հետևյալն է՝ «շատ իրադարձությունների արդյունքների մոտ 80%-ը ստեղծվում կամ առաջանում են 20% գործողություններից»։ Հոգեբանը պարզաբանում է, որ մեր գործողությունների միայն 20%-ն է հանգեցնում արդյունքի 80%-ին և հակառակը՝ 80% պակաս արդյունավետ ջանքերը բերում են 20%-անոց արդյունք։ Հոգեբանը հավելում է ՝ բոլոր բիզնեսների 20% -ն է միայն վաստակում համաշխարհային ամբողջ եկամտի 80%-ը, կամ որևէ կազմակերպության աշխատակիցների 20%-ն է կատարում ամբողջ աշխատանքի ծավալի 80%-ը, այդ պատճառով ընկերությունների համար կրիզիսային ժամանակներում ճկուն ղեկավարությունը ազատվում է իր կադրերի 80%-ից՝ պահելով ամենաարդյունավետ աշխատողների 20%-ը։ Աշխատաշուկայում ներգրավված մենեջերների և ղեկավարների միայն 20%-ն է տաղանդավոր, արդյունավետ և պրոֆեսիոնալ, իսկ մնացած 80%-ը վարչական աղբ է։ Ընկերություններում, ուր գոյություն ունեն սպասարկման բաժիններ, գիտեն, որ բողոքների 80%-ն ստացվում է 20% հաճախորդներից։ Մարդիկ հիմնականում օգտագործում են իրենց ունեցած հագուստների միայն 20%-ը։ Երեխաները հիշում են իրենց ծնողների և ուսուցիչների ջանքերի և արածների միայն իրենց համար նշանակալից մասը, որը կազմում է նույնիսկ ավելի պակաս քան 20%-ը։ Բիզնեսում 80/20 օրենքի կիրառման դեպքում կարելի է մեծ հաջողության հասնել։ Ինչպե՞ս է այն աշխատում բիզնեսում։ Բոլոր հաճախորդները չէ, որ հավասար են։ Հաջողակ բիզնեսմենները գիտեն, թե որ հաճախորդներին է անհրաժեշտ հատկացնել առավելագույն ժամանակը։ Նրանք այն հաճախորդներն են, որոնք բերում են ամենամեծ մաքուր եկամուտները։ Օրինակ՝ եթե հաճախորդը մեկ միլիոն դոլարի եկամուտ է բերում ընկերություն, սակայն նրան սպասարկման համար գրեթե նույն չափով ծախս է անհրաժեշտ, ուրեմն բիզնեսի համար բեռ է ի տարբերություն այն հաճախորդի, ով 50.000 եկամուտ բերելով՝ տաս հազարի ծախս է պահանջում սպասարկման համար։ Առաջին հաճախորդից անհրաժեշտ է հրաժարվել՝ հօգուտ երկրորդի։ Բոլոր ապրանքները կամ ծառայությունները հավասար չեն։ Այստեղ պետք է կենտրոնանալ եկամտի վրա։ Շատ բիզնեսմեններ մեր օրերում խուսափում են ֆիզիկական ապրանքներից, նույնիսկ եթե դրանցից ստացվող եկամուտը բարձր է, սակայն դրանց մատակարարման և սպասարկման համար մեծ ծախսեր են պահանջվում։
Ի՞նչ է տալու այս օրենքի իմացությունը։
Թե անձնական կյանքում, թե բիզնեսում մարդ կարող է հայտնաբերել այն գործողությունները, պահվածքները, մարդկանց և այլն, որոնք կօգնեն հասնել իրենց ցանկալի առաջընթացին, նպատակներին, եթե նրանց վրա մարդը ծախսի իր ռեսուրսների մեծամասնությունը.
Օրինակ՝ ժամանակի կառավարման մեջ պրոֆեսիոնալների մեծամասնությունը փորձում է ավելի նշանակալի արդյունքների հասնել ավելի քիչ ծախսերով։ Մինչդեռ մարդկանց մեծամասնությունը ավելին ստանալու համար ավելին է աշխատում։ Անհրաժեշտ է արդյունավետ և ճիշտ աշխատանք տանել շատ անելու փոխարեն։ Հարցրեք ինքներդ Ձեզ՝ «ո՞ր աշխատանքն է այս օրվա կամ շաբաթվա, ամսվա, տարվա ընթացքում, որը եթե ամբողջացնեմ, կարող եմ համարել իրականացրել եմ ամենակրևոր առաքելությունը»։ Եթե դուք նախապես որոշեք, թե օրվա ամենակարևոր գործը կամ խնդիրը որն է և միայն այն կատարեք, արդյունավետ օր կունենաք։ Այդ պատճառով կենտրոնացումը պետք է լինի ամենակարևոր գործերի վրա ։ Մնացյալը առաջնահերթություն չէ։
Ժամանակի ճիշտ օգտագործման համար անհրաժեշտ է որոշել կյանքում կամ բիզնեսում հետևյալը՝
- Ձեր նպատակը,
- Ձեր արժեքները,
- Ոլորտները, որոնք առավել կարևոր են ձեզ համար,
- Ձեր երազանքը յուրաքանչյուր ոլորտում,
- Ձեր ռազմավարությունը այս երեզանքներին հասնելու գործում,
- Եվ այս ամենից հետո առավելագույն ժամանակը հատկացրեք կարևոր գործերին, իսկ նվազագույնը՝ անկարևորներին։
Հետևություն
80/20 սկզբունքը հիմնականում աշխատում է անկախ մեր կամքից կամ դրա մասին իմացությունից։ Թվերի հարաբերակցությունը երբեմն կարող է տատանում տալ այս կամ այն կողմ, սակայն գաղափարը միևնույնն է շատ արժեքավոր է։ Հենց այս պատճառով է, որ հարուստները շարունակում են ավելի հարստանալ, ազդեցիկ մարդիկ էլ ավելի են հզորանում, երջանիկ մարդիկ շարունակում են ավելի երջանիկ դառնալ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ կենտրոնանաք որոշակի գործողությունների, մարդկանց, պահվածքների և ասպարեզների վրա, որոնք բարելավում են կյանքը և ներդնեք առավելագույն ռեսուրսները այս ասպարեզներում՝ բացառելով բոլոր ոչ էականները։ 80/20 սկզբունքի ճիշտ կիրառումը բերում է ավելի մեծ հնարավորությունների ցանկացած ասպարեզում։ Սա վկայում է այն մասին, որ ցանկացած ռեսուրսի՝ ինչպես օրինակ ժամանակի, էներգիայի, փողի, կապերի, և այլն, իրական արժեքը դրանց ճիշտ օգտագործման մեջ է։ Փաստացիորեն, եթե մենք ներդնենք մեր ռեսուրսների մեծամասնությունը (80%-ը) այն գործունեությունների մեջ, որոնք մեզ բերում են ամենախոշոր շահումները կամ արդյունքները՝ կրճատելով այն գործունեության տեսակները, որոնք համեմատաբար պակաս արդյունք են ապահովում, մենք կկարողանանք նկատելիորեն բարելավել մեր կյանքի կամ աշխատանքի որակը, ավելի պակաս գործ անելով։ Սա է 80/20 սկզբունքի ամբողջ գեղեցկությունը։
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան