Vitroom-ի համահիմնադիր Նունե Ազիզյան
-Ինչպե՞ս ստեղծվեց Vitroom-ը և ինչու՞ հենց Նոյեմբերյանում:
—Vitroom-ի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Սիրանուշը` ընկերուհիս, ով ներկայիս գործընկերուհիս է, ինձ նվիրեց վիտրաժ` իր ձեռքի աշխատանքը, ես շատ հավանեցի և որոշեցի անպայման ինքս փորձել: Ու, ինչպես վստահեցնում է Սիրանուշը, շատ լավ ստացվեց, հատկապես առաջին անգամվա համար: Հենց այդ ժամանակ որոշեցինք մեր համատեղ բիզնեսը ստեղծել` նպատակ ունենալով սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում, որը Սիրանուշի ծննդավայրն է և իմ ներկայիս բնակավայրը, կոտրել այն կարծրատիպը, որ սահմանում հնարավոր և նպատակահարմար չէ գործ հիմնել, աշխատանք գտնել և այլն: Մենք որոշեցինք Նոյեմբերյանը հայտնի դարձնել՝ պիտակավորված ոչ թե որպես սահմանամերձ քաղաք, այլ հնարավորությունների քաղաք:
-Ի՞նչ ծավալի ներդրում պահանջվեց, և ե՞րբ սկսեցիք եկամուտ ունենալ:
-Որպես առաջին ներդրում հանդիսացել են մեր աշխատավարձերը, քանի որ երկուսս էլ այդ ժամանակ աշխատում էինք և մեր մի քանի ամսվա աշխատավարձերը ներդնելով՝ կարողացանք գնել որոշակի գործիքներ, նյութեր, ապակի և այլն:Vitroom-ը նաև ինքն իրեն է ֆինանսավորել, այսինքն՝ մենք նախնական շրջանում եկամուտը դարձյալ շրջանառության մեջ ենք դրել: Սկսել ենք մոմակալներից, վիտրաժային ներկերով ապակու վրա նկարչությամբ և արդեն հետագայում ավելի ընդլայնել մեր արտադրանքը` լուսամփոփներ, ծաղկամաններ, կախազարդեր և այլն:
-Մի քիչ կպատմեք՝ ինչպե՞ս ընտրեցիք անունն ու լոգոն:
— Անվան ընտրությունը շատ դժվար չի եղել, այդ հարցում օգնել է ամուսինս: Մենք ուզում էինք ուղղակի անուն չլիներ, այլ այն ունենար կոնկրետ նշանակություն, որը կբնութագրի մեր գործունեությունը, սակայն չի սահմանափակի որևէ կոնկրետ ոլորտով: Ընտրվեց Vitroom տարբերակը:Vitrum լատիներեն նշանակում է ապակի, մենք այն փոփոխեցինք՝ դարձնելով Vitroom` որպես վիտրաժների սենյակ, որտեղ ապակին կյանք է ստանում: Անվանը հաջորդեց լոգոյի ձևավորման փուլը, այդ հարցում ևս ամուսնուս դերակատարումը մեծ է եղել: Միասին համատեղ ուժերով պատրաստել ենք մի քանի տարբերակ, հետագայում Սիրանուշի օգնությամբ ընտրել ներկայիս տարբերակը: Այն, իմ կարծիքով, բավականին համահունչ է մեր գործունեությունը:
-Ե՞րբ սկսեց վաճառքը մեծանալ:
-Նախնական շրջանում, երբ դեռ բավականաչափ ճանաչում չունեինք, պատվերներ քիչ էինք ունենում, սակայն մի օրինաչափություն էինք նկատել, որ յուրաքանչյուր հաճախորդ մեկ անգամ որևէ բան գնելիս հետո անպայման երկրորդ անգամ էլ էր մեզ դիմում, ինչպես նաև խորհուրդ տալիս իր ծանոթներին ու մտերիմներին: Նվեր ստացողը, այն հավանելով, նույնպես դառնում էր մեր մշտական հաճախորդը: Վաճառքի ծավալը սկսեց ավելանալ այն ժամանակ, երբ սկսեցինք նոր արտադրանքներ թողարկել: Ըստ պահանջարկի ձևավորվեց նոր տեսականի, որը նպաստեց վաճառքի ծավալների ավելացմանը: Շատ մեծ դեր են ունենում նաև տոները. Այդ շրջանում բավականին մեծ տարածում են գտնում թեմատիկ լուսամփոփներն ու մոմակալները:
-Ունե՞ք մրցակիցներ, և որո՞նք են ձեր մրցակցային առավելությունները:
-Մրցակիցներ, ինչպես ցանկացած ոլորտում, մենք ևս ունենք, սակայն երբևէ չենք կենտրոնացել դրա վրա. Մենք մեր առջև նպատակ ենք դրել՝ ինչ էլ որ անենք, անում ենք հնարավոր ամենաբարձր մակարդակով, որ մեր հաճախորդները գոհ լինեն, մնացածն արդեն երկրորդական է:
Որպես մրցակցային առավելություն առաջինը կարող եմ նշել մատչելի գները, բոլորի համար հասանելի տարբերակ կարողանում ենք առաջարկել: Վիտրաժագործությունը, ապակու վրա նկարչությունը Հայաստանում այդքան լայն տարածում չունի: Իհարկե, կան նմանատիպ աշխատանքներ, որոնք արվում են հատուկ սարքավորումների միջոցով՝ հատուկ տեխնոլոգիայով: Դա բավական թանկ հաճույք է, և մարդիկ այլընտրանք են փնտրում`ընտրելով տպագրությունը, որն էլ էժանագին տեսք է հաղորդում ապակուն: Մենք առաջարկում ենք միջին այլընտրանք, այսինքն` ստանալ հաճախորդների նախընտրած պատկերները՝ նկարչությամբ, ինչը շատ ավելի գեղեցիկ է, բնական է և լույսն էլ համապատասխան ձևով անդրադարձում է: Մյուս մրցակցային առավելությունը մեր ճկունությունն է. յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում ենք ցուցաբերում, այսինքն` առկա տեսականուց զատ հաճախորդն ինքն է դառնում նախագծող և պատվերը ձևակերպում է իր ճաշակով: Նկարվող պատկերները հնարավոր է փոփոխել, թեմա ընտրել և այլն: Որպես մրցակցային առավելություն կարող եմ նշել նաև հետ վերադարձի պայմանը, եթե իրը չեն հավանում: Սակայն, ուրախությամբ ավելացնեմ, որ մինչ օրս նման դեպք չի եղել: Վերջում կավելացնեմ նաև անվճար փաթեթավորումն ու առաքումը:
-Մարքեթինգին ուշադրություն դարձնու՞մ եք: Ո՞ր գործիքներն եք օգտագործում վաճառքի ծավալները մեծացնելու համար:
-Հասկանալով, որ որքան էլ լավը լինի արտադրանքը, որքան էլ օրիգինալ և որակյալ լինի, կարևոր է այն հասանելի դարձնել լայն մասսաների. դրա մասին պետք է բոլորն իմանան և խոսեն: Մեզ համար մարքեթինգային գործիք է ֆեսյբուքյան էջը. Հաճախակի գովազդ ենք միացնում, որը նպաստում է էջի դիտողականության ավելացմանը, ունենք նաև ինսթագրամյան էջ, որտեղ նույնպես ժամանակ առ ժամանակ գովազդ ակտիվացնում ենք: Մեր կարծիքով՝ բացի ինֆորմացնելը պետք է հաճախորդներին մոտիվացնել: Մենք որդեգրել ենք նաև այսպիսի քաղաքականություն. յուրաքանչյուր մշտական հաճախորդի, ով հաճախակի պատվերներ է կատարում, պարբերաբար նվերներ ենք ուղարկում, այսինքն`մի որոշ քանակություն պատվիրելու դեպքում մեկ այլ արտադրատեսակից նվեր ենք ուղարկում, և հաջորդ անգամ նա արդեն ծանոթանում է մեր մյուս արտադրատեսակներին և դառնում նաև դրանց պատվիրատուն: Գործում է զեղչերի ճկուն համակարգ. կախված պատվերների քանակից և թե ինչ առիթի համար են նրանք ձեռք բերում, նույնպես հնարավոր են զեղչեր, նվերներ և այլն:
Հեղինակ՝ Ժաննա Ավագյան