Մարքեթինգը բիզնեսի շարժիչն է, առանց դրա ոչինչ հնարավոր չէ:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի ղեկավար Շավարշ Կարապետյան
-Ի՞նչ առանձնահատկույթուններ ունի այս բիզնես ոլորտը:
-Կարծում եմ` ամեն ոլորտ ունի իր առանձնահատկությունները: Հրատարակչությունն ինտելեկտուալ բիզնես է, հետևաբար այն մի փոքր տարբերվում է: Որովհետև այստեղ դու ապրանք չես ներմուծում կամ արտահանում, որի վրա մի փոքր գումար ավելացնես ու վաճառես: Գրքի դեպքում վաճառում ես տեքստը, բովանդակությունը: Շատ ժամանակ մարդիկ տեսնում են գիրքը հաստ է, թե բարակ ու ըստ դրա փորձում են գնահատել դրա արժեքը: Այս բիզնեսում բարդությունը հենց գնահատման մեթոդի մեջ է: Դու կարող ես արտասահմանյան բեսթսելլեր թարգմանել, որի հեղինակային իրավունքի համար հսկայական թիվ վճարես` անկախ նրանից այն 100, թե 50 էջ է: Կամ կարող ես համագործակցել մի հեղինակի հետ, որը բավականին հայտնի է և մեծ հոնորար է ուզում: Այս դեպքում էլ բնականաբար գրքի գինն աճում է: Այսպիսով` մարդուն կարող ես տալ կոնտենտ, որը շատ թանկ ես գնահատում:
-Հետաքրքիր է` ինչպիսի՞ մարքեթինգային ռազմավարություն եք կիրառում:
-Մեզ համար ամեն գիրք առանձին նախագիծ է: Կան հրատարակչություններ, որոնք իրենց գրքերն արտադրում և ուղղակի լցնում են շուկայում: Մենք ամեն գրքին վերաբերվում ենք որպես առանձին նախագծի: Ամեն գիրք ունի առանձին մարքեթինգային և առաջխաղացման պլան. ինչու՞ ենք հրատարակում այս գիրքը, ու՞մ է պետք այն, ի՞նչ կտա մարդկանց, ինչպե՞ ս ենք վաճառելու, Հայաստանում քանի՞ հոգի ունեն այս գրքի կարիքը, մենք ի՞նչ խնդիր ենք լուծում մեր հաճախորդի համար, ի՞նչ արժեք ենք մատուցում այդ գրքով:
-Թվային մարքեթինգի գործիքներից որո՞նք եք նախընտրում, որտե՞ղ են ձեր հաճախորդներն ավելի ակտիվ:
-Թերևս ավելի ակտիվ ֆեյսբուքում են, բայց մենք արդեն հավատարիմ հաճախորդների բազա ենք կառուցում ` CRM համակարգ, և արդեն ունենք բավականին մեծ քանակով հավատարիմ հաճախորդներ, որը ես, անկեղծ, ամենաթանկն եմ գնահատում մարքեթինգի մեջ: Որովհետև հիմա, եթե նոր գիրք ենք հրատարակում, վստահությամբ գիտենք, որ մեր այդ հաճախորդներին կհետաքրքի ու մեյլինգի միջոցով իրենց տեղյակ ենք պահում: Իսկ ֆեյսբուքում, երբ ընտրում ես քո թարգեթային շուկան ու իրենց վրա գովազդ ես դնում, անկախ ամեն ինչից` վստահ չես, թե ինչ արդյունք կտա: Չնայած` մեր դեպքում միշտ արդյունքը մեր դրած գումարից ու սպասելիքները գերազանցել է: Ֆեյսբուքում կան տարբեր խմբեր, որտեղ գրքասերներ են հավաքված: Այնտեղ հաճախ են տարբեր հարցումներ կազմակերպվում, թե որն է, օրինակ, ձեր ամենասիրած գիրքը: Շատ ժամանակ Ռեմարկի Հաղթական կամարը նրանց 70 տոկոսի սիրած գիրքն է, բնական է, որ լավ կվաճառվեր: Այդպես մենք ձեռք բերեցինք Ռեմարկի գրքերը հրատարակելու բացառիկ իրավունքը:
-Ինչպե՞ս անել գրառում սոցիալական ցանցերում, որ դրանք բերեն վաճառքի ավելացում:
-Օրինակ` վերջերս Աշխարհի մեծագույն վաճառականը բեսթսելլերը ներկայացնելիս այսպիսի բան արեցինք. կազմը բնականաբար որոշել էինք, բայց ուղղակի ընտրեցինք երկրորդ կազմ ու ֆեյսբուքում հարցում կազմակերպեցինք, թե որն է ավելի համապատասխան` վստահ լինելով, որ մարդիկ առաջինն են ընտրելու: Բայց սա միջոց էր, որ գիրքը գովազդվի, ու 10.000-ից ավելի մարդ տեսավ ու շատերը քվեարկեցին: Այսինքն` ընդամենը մի հասարակ քայլով մենք գրքի մասին տեղյակ պահեցինք:
-Ի՞նչ կասեք գրախանութներում ներկայացվածության մասին:
-Մենք ունենք առանձին ստենդներ, որոնք Էդիթ Պրինտի Պատվո հարթակներն են գրախանութներում: Այստեղ ամեն ամիս գրքերը փոփոխվում են: Ստենդի վրա միշտ լինում է 3 գիրք. դա հատուկ է արված, որպեսզի մարդու ուշադրությունը գրավի: Նաև հատուկ է ընտրված կարմիր ձողը. այդ գույնը մարդուն կանգնեցնում է:
-Իսկ այլ միջոցներով փորձու՞մ եք հրատարակչությունը ճանաչելի դարձնել:
-Մեզ շատ հաճախ նաև հրավիրում են հարցազրույցների, երբեմն այնքան շատ են լինում հրավերները, որ մերժում ենք: Պետք է չափը հասկանալ, որպեսզի հակառակ էֆֆեկտը չստացվի, այնպես չստացվի, որ վանես մարդկանց` նույն ասելիքը կրկնելով:
—Ի վերջո որտեղի՞ց են առավել շատ գնորդներ գալիս:
-Առայժմ հիմնականում գրախանութներից են գնում, բայց դա էլ արդեն կախված է հետագա քայլերից, այսինքն` ինչքան մեծացնես անձնական բազան, այնքան կարող ես հաղթել գրախանութներին: Հիմա մեր գլխավոր նպատակը գրախանութների վաճառքին անցնելն է, որպեսզի նրանցից կախված չլինենք:
—Կպատմե՞ք մարքեթինգային ձախողված պլանի մասին:
-Երբ Շերլոկ Հոլմսի հավաքածուն հրատարակեցինք` միանգամից 6 գրքով, հաշվարկն այսպես էր` 6 գիրքը միասին դնելիս հետևում Շերլոկի նկարն էր ստացվում: Այդ սկզբունքով` 6 գիրքը միանգամից տպագրեցինք ու հանեցինք շուկա: Մենք հաշվարկել էինք, որ ամբողջը միանգամից կցանկանային ունենալ, բայց սխալվեցինք. մարդկանց գնային առումով դժվար էր այդ 6-ը միանգամից գնելը: Ես սա համարում եմ մարքեթինգային սխալ: Եթե մենք ամիսը մի գիրք շուկա հանեինք, վստահաբար ավելի լավ վաճառք կունենար:
Հեղինակ` Ժաննա Ավագյան