«Գրքամոլ»-ի հիմնադիրներ Համլետ Մուրադյան, Հասմիկ Մելիքսեթյան
—Խոսելու ենք մարքեթինգից, մարքեթինգային գործիքներից, ինչպիսի՞ մարքեթինգային գործունեություն եք իրականացնում
Հասմիկ.
-Երբ «Գրքամոլ»-ը հիմնեցինք, մարքեթինգի մասին խոսք չկար, չգիտեմ, ամեն դեպքում ես տեղյակ չէի, դա 8 տարի առաջ էր: Երևի թե ամենաանբարենպաստ բաները մենք մարքեթինգի մասին կասենք, քանի որ մարքեթինգային ոչ մի գործիք չենք օգտագործել «Գրքամոլ»-ը ստեղծելիս ու հետագայում նաև առաջընթացն ապահովելիս: Պարզապես արել ենք այն ամենն, ինչ մեր սրտից բխել է և արել ենք այն, ինչ որ պետք է եկել հասարակությանը: Այս 2-ը համընկել են, արդյունքում ստացվել է, որ այժմ «Գրքամոլ»-ը հաջողություններ է գրանցում:
—Եկել է մարքեթինգի մասին մտածելու ժամանակը, այժմ մարքեթինգային գործիքներ օգտագործո՞ւմ եք:
Համլետ.
-Մարքեթինգային գործիքներ չենք օգտագործում, քանի որ շարունակում ենք հավատարիմ մնալ մեր ոգուն ու մեր ռազմավարությանը: Միշտ հակառակն է չէ՞ լինում՝ մարդիկ մարքեթինգով սկսում են, հետո հասնում են հաջողության ու թողնում են մարքեթինգը, սկսում են ինքնահոսով առաջ տանել բիզնեսը: Մեզ մոտ ի սկզբանե սկիզբը լավ է դրվել, ու էջի զարգացումը, տարածումը բարեհաջող է ընթացել: Ո´չ ես, ո´չ Հասմիկը մասնագիտությամբ մարքեթոլոգ չենք, ոչ էլ գիտենք որոշակի մեխանիզմներ, լավ իմաստով՝ հնարներ, հասարակության վրա ազդելու համար:
Հասմիկ.
-Այնպես է ստացվել, որ մենք էն ինչ որ ցանկանում ենք անել ու էն ինչ անում ենք, ինքնըստինքյան համընկնում է հասարակության պահանջմունքի հետ: Ուղղակի մեր բախտը բերել է նրանով, որ մենք ի սկզբանե հայտնվեցինք մի տեսադաշտում, որտեղ ոչ ոք չկար, ու միանգամից սկսեցինք որակյալ իրականացնել մեր աշխատանքը, տարիների ընթացքում էլ չկորչեց այդ որակը, հակառակը՝ դարձավ ավելի ինտերակտիվ:
Համլետ.
-Մի փոքր լրացում անեմ Հասմիկին, տեսեք, երբ հարցնում եք մարքեթինգային ինչ հնարքներ, ինչեր կիրառեցիք, ասեմ, որ այդ ամեն ինչը փորձի արդյունք է, այսինքն՝ այն մարդիկ, որոնք մարքեթինգի ստեղծողներն են համարվում, նրանք էլ են ինչ-որ բաներ փորձել, ստեղծել, սկսել, որից հետո նոր գրանցվել է արդյունք ու ներկայացրել են ամբողջ աշխարհին: Հիմա մեր ճանապարհը մենք ստեղծել ենք, սա էլ մեզ համար մի յուրահատուկ փորձ է, մեզնից էլ են շատ խորհուրդ հարցնում ու մենք էլ մեր հերթին կիսվում ենք մեր անցած փորձով:
—Մրցակցության դաշտում «Գրքամոլ»-ն ինչպիսի՞ տեղում է:
Հասմիկ.
-Այսօր գրական էջեր բավականին շատ կան, բայց թույլ տվեք նշեմ, որ մրցակցությունից դուրս է «Գրքամոլ»-ն իր կայքով, քանի որ այն բազան, որ ունենք մեր կայքում չի կրկնվում ոչ մի տեղ, անգամ եթե կրկնվում է, դա վերցված է «Գրքամոլ»-ի բազայից: Նախկինում ոչ մի կայքում չկար մեջբերումներ գրքերից, երբ մենք ավելացրեցինք այդ բաժինը, բում եղավ, ու հիմա, եթե որևէ կայքում հանդիպեք որևէ մի գրքից մեջբերում, ապա դա անպայման «Գրքամոլ»-ից է վերցրած, թող գլուխ գովել չհնչի, բայց տրամաբանություն կա, ինչու վերցնել, արտագրել այդ ամենը, եթե «Գրքամոլ»-ն արդեն դրել է դա: Էլեկտրոնային գրքերի բավականին մեծ բազա ունենք, որն այս պահին տեխնիկական թարմացումների մեջ է՝ ավելի լավը դարձնելու նպատակով: Փաստեմ, որ էլեկտրոնային գրքերը նպաստեցին տպագիր գրականության ակտիվ վաճառքին: Մենք մեծ տեղ ենք տալիս ժամանակակից ստեղծագործողներին: Եթե մեկը ստեղծագործում է ու չգիտի, թե որտեղ հրապարակի, մենք տալիս ենք նրան այդ հնարավորությունը, եթե տեսնում ենք, որ մինիմալ ստանդարտներին համապատասխանում է, միտք կա, ասելիք կա, տեղադրում ենք մեզ մոտ, օգնում ենք այդ անձին առաջին քայլերն անել, եթե նույնիսկ դա իր առաջին ու վերջին ստեղծագործությունը կլինի:
Համլետ.
-Ավելացում անեմ՝ այս ոլորտում մրցակցություն ինչքան շատ լինի, այնքան լավ կլինի, քանի որ իրականում այս ամենից շահում է միայն ընթերցողը, այն գրական դաշտը հարստացնելուն է միտված:
—Փատորեն այս տարբերակով դուք դեպի կայք եք բերում այդ ստեղծագործության հեղինակի ընկերներին, հարազատներին:
Հասմիկ.
-Փաստորեն՝ այո (ծիծաղում է): Փաստորեն մենք օգտագործում ենք մարքեթինգային ինչ որ գործիք, որի մասին չենք էլ մտածել:
-«Գրքամոլ»-ի խաղանիշը, այսինքն՝ ֆիշկան ո՞րն է:
Համլետ.
-Խաղանիշերից մեկը գրքից մեջբերումներին համապատասխան նկար գտնելն ու տեղադրելն է, 2-րդը՝ գրագետ կոնտեքստն է, ճիշտ չակերտներ տեղադրելն է (ծիծաղում է)
Հասմիկ.
-Նաև գրքարկղերը, որոնք նորություն են Հայաստանում, թեկուզ կարելի է համարձակություն անել ու ասել՝ ամբողջ աշխարհում, գրքարկղերն առանձնանում են տեսակով՝ այն գիրքը, որը կգտնեք արկղում ու գրքի հետ ինչը կգտնեք, պատահական չէ դրված, դա գրքի մասին է, գրքի միջից է, գրքի հետ ասոցացվում է, այսինքն՝ գրքերն են իրենց խորհրդանիշերով:
—Օրինակ կբերե՞ք:
Հասմիկ.
-Իմ սիրելի գրքարկղի մասին խոսեմ՝ օրինակ՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «3 ընկերը» գրքարկղում տեղադրել ենք փոքր մեքենա, որը ընթերցողներին հայտնի է որպես 3 ընկերոջ 4-րդ ընկեր, տեղադրել ենք ռոմ, որով գինովցած էին ամբողջ ստեղծագործության ընթացքում: Քանի որ Ռեմարկին ճանաչում են կալվադոսով, այն տեղադրել ենք «Հաղթական կամար»-ի գրքարկղում, և այս գրքերի հետ մենք էջանիշ ենք նվիրում, որպեսզի ընթերցանությունն ավելի գրքամոլային դառնա:
Համլետ.
-grqamol.am-ում գրքարկղերը գլխավոր մենյուի վրա կարմիրով առանձնացված են` արագ գտնելու համար, այստեղ տեղադրված է ամբողջ տեսականին և ձեռք բերելու բոլոր մանրամասները:
Հասմիկ.
-«Գրքամոլ»-ը ճանաչված է նաև գրքասերների ակումբով, որտեղ մենք արդեն մեկ տարվա ծրագիր ունենք, ունենք գրքասերների քննարկման օրեր, ու հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր քննարկումից հետո բարձրանում է տվյալ գրքի վաճառքը, սա ևս ընթերցասիրությանը միտված մեկ խթան է, սա էլ է Գրքամոլի ֆիշկաներից, քանի որ դուրս է եկել համացանցից և ընթերցողի հետ կենդանի շփում է ապահովում:
Համլետ.
-Ամենամեծ խաղանիշն ու մոտիվացիան սերն է, եթե ես ու Հասմիկն այդքան չսիրեինք «Գրքամոլ»-ը, ո´չ գրքարկղը կծնվեր, ո´չ «Գրքամոլ» ակումբը, ո´չ կայքը, ո´չ էլ մեր հետագա ծրագրերը, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան