Ներկայիս մրցակցային դաշտում ամենակարևոր առավելությունը դարձել է ոչ թե գիտելիքն, այլ հմտությունը:
Skillrocks նախագծի ղեկավար Աննա Մանֆրեդի
-Ինչպե՞ս և ինչու՞ առաջացավ նման նախագիծ ստեղծելու գաղափարը:
-Գաղափարի առաջացման պատմությունն իրականում շատ հետաքրքիր է: Անցյալ տարի՝ հուլիսի 14-ին «Стодневка» նախագծի հեղինակ Արմեն Պետրոսյանի հետ մեր թիմով Արագած էինք բարձրանում. արշավ էր, որի ճանապարհին նա մեզ հետ զրույցների միջոցով օգնում էր հասկանալ, վերաիմաստավորել մեր գործունեությունը: Ամենասկզբում նա ասաց, որ յուրաքանչյուրս գրենք 2 հարց, որոնք մեզ տանջում են կամ կուզենայինք ինքներս մեզ տալ և մինչև գագաթը հասնելը մտածենք ու տանք այդ հարցերի պատասխանները։ Ես գրել էի՝ Արդյո՞ք իմ գործունեությունը իսկապես օգուտ է բերում հասարակությանը: Մեզ հետ էր նաև մեր ընկերության՝ Skill.am-ի հիմնադիրը՝ Սերգեյը Ուսնունցը ու գրեթե գագաթին էինք հասել, երբ մի պահ նստեցինք ու Սերգեյը հարցրեց, թե ինչ հարց եմ գրել: Երկար խոսեցինք, քննարկեցինք Skill.am-ի գործունեությունը, այն որ կարևոր գործունեություն ենք իրականացնում հայաստանյան բիզնես ոլորտի զարգացման գործում՝ 2 տարի անընդմեջ կազմակերպելով բիզնես միջոցառումներ՝ միջազգային շուկայի լավագույն մասնագետների ներգրավվմամբ: Բայց ես զգում էի, որ կա կարիք էլ ավելի հեռուն գնալու ու էլ ավելի մասշտաբային եղանակով մասնագետներ վերապատրաստելու գործունեություն իրականացնել։ Ու Սերգեյն ասաց, որ ինքը վաղուց մտածել է ստեղծել կրթական հարթակ, որտեղ մարդիկ կգան՝ մասնագիտական տարբեր ուղղություններով վերապատրաստվելու: Դա հենց այն էր ինչի մասին նաև ես էի մտածում ու այդպես ծնվեց Skillrocks նախագծի գաղափարը:
-Ինչու՞ հենց Skillrocks, ինչպես է ընտրվել անվանումը:
-Skill բառն ի սկզբանե ուզում էինք պահել: Եկանք այն եզրահանգման, որ ներկայիս մրցակցային դաշտում միակ առավելությունը դարձել է ոչ թե գիտելիքն, այլ հմտությունը: Ինչպես մեր խոսնակներից մեկն է ասում, գիտելիքը կաթի պես է՝ շուտ ժամկետից դուրս է գալիս: Բացի այդ` միշտ չէ, որ գիտելիքը դառնում է հմտություն: Հասկացանք, որ միակ բանը, որ հիմա rock է անում, հմտությունն է: Ու այդպես առաջացավ Skillrocks-ը:
-Ի՞նչ է տալիս Skillrocks-ն ու ի՞նչ խնդիր է լուծում:
— Skillrocks նախագծի առաքելությունն է առաջնորդել և ոգեշնչել մարդկանց իրենց անձնական և մասնագիտական զարգացման գործում ու զարգացնել շարունակական կրթության մշակույթը Հայաստանում։ Այս նախագծի շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր ոլորտների տեղական փորձագետների հետ: Ունենալով Skill.am-ի փորձը միջազգային փորձագետների հետ աշխատելու, մենք այդ փորձը որոշեցինք կիրառել նաև տեղական շուկայում, քանի ունենք շատ լավ փորձագետներ, ովքեր չունեն հարթակ՝ իրենց գիտելիքները փոխանցելու։ Մեզ մոտ դասընթացները տևում են 1-ից 2 ամիս և անցկացվում են տարբեր ուղղություններով: Կազմակերպում ենք ինչպես խորացված դասընթացներ, այնպես էլ դասընթացներ սկսնակների համար: Այս ֆորմատն, իրոք, շատ պակասում է: Իրականում սովորելու համար շատ հնարավորություններ կան` մասնավորապես վճարովի կամ անվճար օնլայն կուրսեր, բայց դրանք չեն տալիս այն ամբողջական փաթեթը, որը տալիս են այս տեսակ դասընթացները: Այստեղ մեկ ամիս շարունակ շփվում ես փորձագետի հետ, հնարավորություն ունես քեզ հուզող ցանկացած հարցի պատասխան ստանալ իրենից, բացի այդ անընդհատ փորձի փոխանակում է տեղի ունենում խմբի մասնակիցների միջև, շփումների ընթացքում նոր բաներ ես սովորում:
-Ո՞րն է Skillrocks-ի դասընթացների մրցակցային առավելությունը:
— Մեզ մոտ դասընթացները ոչ միայն տեսական այլև գործնական ու շատ ինտերակտիվ են։ Մաքսիմում ներգրավում ենք մասնակիցներին իրենց ընտրած ոլորտի մեջ։ Օրինակ` միջոցառումների կազմակերպում դասընթացի մասնակիցներիը դասընթացի ընթացքում իրենց սեփական միջոցառումն են կազմակերպում և անմիջապես դասընթացի ընթացքում կիրառում ստացած գիտելիքներն ու վերածում հմտության։ Մրցակցային մյուս առավելությունը մեր դասընթացավարներն են. մենք ընտրում ենք լավագույն մասնագետներին, որոնց ընտրում ենք ոչ միայն այն սկզբունքով, որ լավ է տիրապետում տվյալ ոլորտին, այլ, որ իր իմացածը կարողանա լավ մատուցել ու հեշտ փոխանցել: Ունենալով միջազգային մակարդակի խոսնակների հետ աշխատելու փորձ մեր դասընթացավարներին պատրաստում ենք կուրսին՝ մաքսիմալ ներգրավածություն ունենալով դասընթացի ծրագրի մշակմանը։ Բացի այդ մենք մաքսիմում փորձում ենք ստեղծել հաճելի և տրամադրող միջավայր սովորելու ու զարգանալու համար։ Պարբերաբար տարբեր ֆորմատների միջոցառումներ ենք կազմակերպում համադրելով կրթությունը հաճելի ժամանցի հետ։
-Իսկ ինչպե՞ս է իրականացնում Skillrocks-ն իր մարքեթինգը:
-Առաջին փուլում նույնիսկ այն առանձնացված չէր Skill.am-ից, առանձին բրենդավորված չէր, անգամ չուներ առանձին էջ: Մենք հենց Skill.am-ի էջով սկսեցինք տարածել առաջին դասընթացների մասին տեղեկատվությունը:Հիմա արդեն Skillrocks-ն ունի առանձին էջ ու ընկալվում է որպես առանձին նախագիծ: Սկզբում ամենաշատն օգտագործում էինք թվային մարքեթինգը` մասնավորապես սոցկայքերը: Այնուհետև մեր մարքեթինգն անուղղակիորեն սկսեցին իրականացնել մեր դասընթացավարներն ու դասընթացների մասնակիցները. շատերը կիսվում են իրենց տպավորություններով, փորձով և դա արվում է թե՛ օնլայն, թե՛ օֆլայն տիրույթում: Դասընթացների յուրաքանչյուր մասնակիցից ես անպայման հարցնում եմ, թե որտեղից է իմացել մեր դասընթացի մասին: Ու եթե 4 ամիս առաջ ամենահաճախ հանդիպող պատասխանը ֆեյսբուքն էր, հիմա շատ են ասում, որ ընկերներն են խորհուրդ տվել, ծանոթների հրապարակումներից են իմացել ու դա շատ ուրախացնում ու պարտավորեցնում է:
-Մի քիչ էլ խոսենք Skillrocks-ի fail-երի մասին, եղե՞լ են այդպիսիք:
-Fail ասվածը մի քիչ չեմ սիրում։ Ցանկացած նախագիծ էլ որոշակի անհաջողություններ ունենում է, բայց ես դրանց վերաբերվում եմ որպես փորձ ու էլ ավելի լավը դառնալու հնարավորություն։ Դրա համար ինչ- որ հստակ բան չեմ կարող նշել, բայց կարող եմ խոսել խնդիրներից, որոնց դեմ մենք ակտիվ պայքարում ենք: Մեր մուտքը բավականին հաջող էր, քանի որ մեր թիկունքում կար Skill.am-ը, որին գիտեին, ճանաչում էին: Բայց ունեինք խնդիր, որը մինչև հիմա դեռ լուծում ենք՝ դա դասընթացների մասնակիցներին մաքսիմում ներգրավելն է դասընթացի մեջ։ Որովհետև կան դասընթացներ, որոնք բարդ են ու պահանջում են լուրջ մոտեցում, խորացում: Բայց ոչ բոլորն են ժամանակի սղության պատճառով կարողանում մինչև վերջ յուրացնել ստացածը։ Հիմա մենք պրոդուկտը կազմելիս աշխատում ենք այնպես անել, որ մասնակիցը մաքսիմում ներգրավված լինի գործնական մասում։ Մեզ համար շատ կարևոր է ոչ թե այն, որ մարդիկ մասնակցեն, գումար վճարեն, նախագիծն աշխատի, այլ, որ նախագծից իրոք որակյալ կադրեր դուրս գան։ Ու դրա համար մենք շատ վերլուծություններ ենք անում, միշտ հետադարձ կապ ենք ստանում մասնակիցներից, որպեսզի հասկանանք ինչ խնդիրներ կան, ինչպես կարող ենք դրանք լուծել։
Ու առհասարակ ասեմ, որ մենք շատ բաց ենք ցանկացած տեսակի մեկնաբանությունների, առաջարկների, նոր գաղափարների ու համագործակցությունների համար։ Մեր ամենակարևոր արժեքներից մեկը ընկերասիրությունն է, ու մենք սիրում ենք նոր ընկերներ ձեռք բերել։ Ինձ շատ հեշտ է գտնել ֆեյսբուքում, իմ հեռախոսահամարն իմ էջում public է ու ես միշտ ուրախ եմ լսել կարծիքներ ու առաջարկներ։
Հեղինակ` Ժաննա Ավագյան