Ինչպե՞ս հաջողեց The LOFT-ն  այդքան կարճ ժամանակում. Անի Ավագյան
Ինչպե՞ս հաջողեց The LOFT-ն  այդքան կարճ ժամանակում. Անի Ավագյան

Ինչպե՞ս հաջողեց The LOFT-ն այդքան կարճ ժամանակում. Անի Ավագյան

Լոֆթի մեդիա բաժնի ղեկավար Անի Ավագյան

ԱՄՆ-ում նախկին արդյունաբերական տարածքները բնակելի տարածքի վերափոխելու արդյունքում առաջացավ Լոֆթ ոճը: Ընդարձակ բնակարանը կամ բարձր առաստաղով և ցուցադրական պատուհաններով ստուդիաները իդեալական են այն իրականացնելու համար: Հայաստանում Լոֆթ ասելիս շատերս միանգամից պատկերացնում ենք Մոսկովյան 3-ը, որտեղ էլ գտնվում է երևանյան Լոֆթը: Լոֆթի մեդիա բաժնի ղեկավար Անի Ավագյանը պատմում է Լոֆթի հաջողության գաղտնիքների, մարքեթինգային ռազմավարության, սպասվող նախագծերի մասին և թե ինչպես ստացվեց, որ Լոֆթ գնում են գրեթե բոլորը:

-Ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված Լոֆթի հաջողությունը կարճ ժամանակահատվածում:

-Ես անհամեստորեն կընդունեմ, որ Լոֆթը կարճ ժամանակում հաջողության հասավ ու իր դիրքն ընդգծեց քաղաքում: Իմ կարծիքով՝ դա պայմանավորված էր մի քանի գործոններով:

Ինքնատիպ ձևաչափ

Առաջին հերթին իր ինքնատիպ ձևաչափով, որովհետև 5 տարի առաջ Լոֆթի ձևաչափն այդքան տարածված չէր ու մինչև հիմա էլ: Շատերը մեզ ընկալում են որպես հակասրճարան, բայց այդ ձևաչափը մեզ համապատասխան է միայն մեր վճարային համակարգի առումով. մարդիկ վճարում են իրենց անցկացրած րոպեի համար, ինչպես հատուկ է հակասրճարաններին: Իսկ կոնկրետ գործունեության տեսանկյունից Լոֆթն այնքան լայն է ու այնքան մեծ պատասխանատվություն է վերցրել իր ուսերին, որ չի կարող  ոչ մի դեպքում սահմանափակվել այդ ձևակերպման մեջ: Մենք երկար մտածեցինք, թե ոնց  պետք է ներկայանալ ու որոշեցինք հետևյալը` ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն. սրանում միքսված է հենց այդ 2 կարևոր բաղադրիչը: Այստեղ մարդիկ ինքնազարգանում են, ոչ ֆորմալ կրթություն ստանում ու այստեղ կազմակերպում են իրենց ապահով ժամանցը: Մի անգամ մեր ընկերներից մեկը Լոֆթն անվանեց ինտելեկտուալ ժամանցի կենտրոն, ինչը մեզ շատ դուր եկավ, բայց ամեն դեպքում մենք չփոխեցինք մեր ընտրած ձևակերպումը:

Ճիշտ ընտրված, պահանջված կոնտենտ

Բացի ձևաչափից, շատ կարևոր է նաև կոնտենտը: Այո՛, կարելի է մտնել շուկա կրեատիվ գաղափարով, բայց թե հետո ինչպես կլցնես այդ գաղափարը, կախված է միայն քեզնից: Այստեղ ցանկանում եմ անպայման խոսել հիմնադրի` Հովիկ Առաքելյանի մասին, որովհետև իր «գլուխն» ու միտքն էր հենց մեր հիմքը, այդտեղից էինք սնվում, այդտեղից էին գալիս մեր ստեղծարար մտքերը, և դա շարունակվում է մինչև այսօր: Հովիկի գաղափարով ստեղծվեց Լոֆթն ու մենք արդեն պետք է լցնեինք այն: Որոշեցինք շեշտը դնել միջոցառումների վրա: 5 տարի առաջ այդքան տարածված չէր իվենթ երևույթն առհասարակ: Իհարկե, միջոցառումներ շատ էին լինում, բայց Լոֆթի հիմնադրումից սկսած մարդիկ սկսեցին առավել հաճախ այցելել իվենթների, և ուրախ եմ, որ մեր թիմն առաջիններից էր, որ մարդկանց մատուցեց այն, ինչ նրանց պետք էր: Ի դեպ` հաջողության գրավականի առումով անպայման պետք է նշել, որ մենք միշտ հետևում ենք նրան, թե ինչ է ուզում այցելուն մեզնից, դա բերում է նրան, որ մենք, կոպիտ ասած, չենք փակվում: Մենք մտանք միանգամից բոլոր ոլորտներ. այնպես չէր, որ մեզ մոտ կարելի էր գալ միայն բիզնես թրեյնինգների, խաղերի առաջնությունների, Լոֆթում կարելի էր գտնել ցանկացած տեսակի միջոցառում` ֆիլմերի դիտում, հանդիպում լավագույն արտիստների, քաղաքական գործիչների հետ, մարդկանց հետ, ովքեր անհասանելի են, և այնպիսի հանդիպումներ, որոնց ընթացքում կարելի է քննարկել շատ լուրջ հարցեր:

Ակտիվություն սոցիալական ցանցերում

Ընդգծեմ նաև սոցիալական մեդիան, որը յուրահատուկ ոճով էինք վարում, դա հետո սկսեցին կրկնօրինակել, որի համար միայն ուրախ ենք: Մենք առաջինն  էինք, որ ֆեյսբուքով, օրինակ, աշխատանքի հայտարարություն էր տարածում ու այդ գրառումների համար տարբեր ստեղծարար միջոցներ կիրառում:

-Փոխվե՞լ է արդյոք մարքեթինգային ռազմավարությունը՝ հիմնադրման շրջանի հետ համեմատած:

-Երևի տարօրինակ հնչի, բայց մենք մարքեթինգային ռազմավարություն չենք ունեցել երբևէ` չհաշված վերջին շրջանը: Որովհետև մեր բիզնեսի ֆորմատը մի քիչ անսովոր է ու մենք չենք կարող հստակ գծել, մշակել ռազմավարություն, որ այսինչ օրն այսինչ ժամին ունենալու ենք այս միջոցառումը, ընդունելու ենք տվյալ հյուրին կամ փոխելու ենք մեր տարիֆները: Ամեն պահի Լոֆթում մի յուրահատուկ բան է կատարվում: Իսկ ռազմավարություն պետք է մշակել նվազագույնը մեկ ամսվա համար: Չենք կարող հստակեցնել նաև մարքեթինգային բյուջե ասվածը, որովհետև էլի ամեն պահի մի բան լինում է ու պետք է դրան գումար տրամադրել: Իհարկե, կան նախագծեր, որոնք կարելի է հաշվարկել. դրանք հիմնականում մեծ ու երկարատև միջոցառումներն են: Վերջերս փորձում եմ նաև մարքեթինգային ռազմավարություն գծել հստակ նախագծերի համար: Օրինակ՝ LOFT Coworking-ի համար  փորձեցինք կազմել մեկ ամսվա ռազմավարություն ու դրանում մեծ արդյունքներ ունեցանք, որովհետև այն ավելի նեղ էր ու սահմանափակ՝ լավ իմաստով: Իսկ մարքեթինգային մոտեցումները,   հիմնադրման շրջանի հետ համեմատած, վստահաբար փոխվել են:

-Ի՞նչն է նպաստել բրենդի ճանաչելիության մեծացմանը:

-Սկզբնական շրջանում մենք փորձում էինք երևալ տարբեր նախագծերում: Օրինակ`արյան դոնորության հետ կապված բարեգործական միջոցառման համար մեր լոգոյով թևնոցներ էինք պատրաստել: Հաճախ մասնակցում էինք տարբեր տոնավաճառների: Հիշում եմ աշխատանքի տոնավաճառը, որի ժամանակ մենք էլ էինք աշխատանք առաջարկում մարդկանց: Այսինքն` Լոֆթի ցուցանակը շատ տեղերում էր երևում: Բացի օֆլայն հարթակից, ակտիվ էինք նաև մամուլում: Ընտրում էինք մեզ բնորոշ ու հարազատ ամսագրեր ու համագործակցում, երևում էինք ընդհուպ օդանավակայանում ցուցադրվող ամսագրերում: Բացի այն, որ մենք էինք դիմում, նաև մամուլն արդեն կարճ ժամանակ հետո ինքն էր սկսել նկատել մեզ: Մեծ պահքի շրջանում Լոֆթը սկսեց բարեգործական խոշոր նախագիծ, որն էլ դարձավ այցեքարտ: Մամուլը բուռն արձագանքեց ու սկսեց շատ հարցազրույցնել վերցնել: Հետո լուսաբանում էին նաև մեր մյուս միջոցառումները. որովհետև, երբ Լոֆթի հյուրն, օրինակ, Տիգրան Մանսուրյանն է, մամուլը, բնականաբար, առաջին շարքում էր հավաքվում: Բրենդի ճանաչելիությանը նպաստել է նաև սոցիալական մեդիան: Լոֆթի բացումն ու ֆեյսբուքի կիրառման մեծացումը համընկավ: Մենք օգտագործեցինք դա, սկսեցինք այնտեղ շատ ակտիվ լինել: Հիշում եմ՝ սիրուն հարցաթերթիկ էինք կազմել, որը  սկսվում էր հետևյալ կերպ` լրացրու ինձ, առանց քեզ ես դատարկ եմ: Դա հետաքրքեց մարդկանց. սկսեցին վերցնել ու լրացնել այն: Այստեղ կար հարց, թե իրենք որտեղից են տեղեկացել Լոֆթի մասին: Մեծամասնությունը նշում էր, որ հենց սոցցանցերից:  Շատ ենք երևացել նաև հեռուստատեսությունում, ու ինչքան էլ ասենք, որ այսօր հեռուստատեսությունն այդքան մեծ ազդեցություն չունի, վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր հենց դրա միջոցով են տեղեկանում: Բրենդի ճանաչելիության մասով մեծ ազդեցություն ունի մեր թիմը: Մասնավորապես բեք օֆիսի թիմն, ակտիվ լինելով սոցցանցերում, ապահովում է այցելուների հոսք հատկապես միջոցառումների ժամանակ։

-Որո՞նք են մարքեթինգային այն  ուղղություններն ու գործիքները, որն ամենահաճախն եք կիրառում:

-Ամենահաճախը կիրառում ենք սոցիալական մեդիա մարքեթինգը, որում էլ հենց ես մասնագիտացած եմ: Սկզբնական շրջանում մենք մի քանի սոցցանցում էինք փորձում երևալ, հետո հասկացանք, որ պետք է մի տեղում ամրապնդվել, նոր անցնել մյուսին: Օրինակ՝ այս պահին մի կողմ ենք դրել թվիթերը, որովհետև ավելորդ ռեսուրս էր պահանջում, բայց անպայման վերադառնալու ենք, որովհետև շատ ունիկալ հարթակ է: Մեզ ֆեյսբուքը դեռևս բավականացնում է ու շատ ենք կիրառում ֆեյսբուքյան գովազդը: Գաղտնիք չէ, որ եթե ֆեյսբուքում գովազդ չմիացնես, քեզ չեն նկատի, ու այս դեպքում բոլորովին կարևոր չէ հետևորդների քանակը: Շատ եմ փորձել մարքեթինգային տարբեր գործիքներ օգտագործել, բայց ես դասականի հետևորդ եմ՝ գրառումներս առանձին են Ֆեյսբուքի և ինստագրամի համար: Արդեն ունեմ օգնական, ով զբաղվում է էջերով, ես ուղղակի ղեկավարում եմ գործընթացքը: Իրականացրել ենք նաև վիճակագրական հետազոտություն, որում մեզ շատ է օգնել Rumors Monitoring ընկերությունը: Հետաքրքիր գործիք է. մի քանի բանալի բառով ցույց է տալիս, թե որքան հղում ունի տվյալ ընկերությունը մամուլում: Տպավորիչ վիճակագրություն էինք հանել ու ուրախալի էր, որ հայկական մամուլը մեզ շատ-շատ է անդրադարձել: Հիմա արդեն ուզում ենք շեշտը դնել արտաքին գովազդի վրա՝ պլաններում շատ բաներ կան, որոնք բացահայտել դեռ չեմ կարող:

-Լոֆթի մասին գրեթե բոլորը գիտեն, ի՞նչ խնդիր է լուծում հիմա մարքեթինգային թիմը:

-Լոֆթը կոնկրետ մարքեթինգային թիմ ասվածը չունի: Մենք այն անվանում ենք մեդիա բաժին, ես հենց մեդիա բաժնի ղեկավարն եմ: Մեդիա բաժինն այժմ աշխատում է մի գաղափարի շուրջ: Քանի որ Լոֆթը բաց է ամեն օր՝ 24 ժամ, մշակում ենք ամառային գիշերները Լոֆթում նախագիծը, որով փորձելու ենք ընդգծել գիշերային տրամադրությունը: Այս պահին մեդիա թիմը զբաղվում է դրա հանրայնացմամբ: Ու ամբողջ թիմով աշխատում ենք նոր նախագծերի վրա՝ սեպտեմբերից նոր եթերաշրջան ենք սկսելու:

-Կարո՞ղ եք հիշել մարքեթինգային fail Լոֆթի պատմությունից:

-Մենք պարային խոշոր միջոցառում էինք կազմակերպել, իվենթի տեքստում գրված էր, որ լինելու է գինու հյուրասիրություն: Պայմանավորվել էինք գինի արտադրող ընկերության հետ, որը որպես գործընկեր պետք է հյուրասիրություն կազմակերպեր: Վերջին պահին, երբ միջոցառմանը մնացել էր կես ժամ, այդ ընկերությունը հայտարարում է, որ չի կարող բերել գինին: Մենք շատ վատ բան արեցինք. տեքստից ջնջեցինք գինու հյուրասիրության հատվածը, ինչը, բնականաբար, աննկատ չմնաց այցելուների կողմից: Հետո մարդիկ վատ մեկնաբանույթուններ էին գրել, որոնք, իհարկե, արդարացված էին: Մենք չփորձեցինք հակադարձել, ուղղակի ասացինք, որ տեխնիկական վատ միջադեպի պատճառով է այդպես եղել: Տհաճ էր: Այդ դեպքը գործունեության սկզբնական շրջանում էր, պետք էր արագ կողմնորոշվել ու խուճապի արդյունքում նման քայլ արեցինք: Լոֆթը միշտ շատ ազնիվ էր ու շարունակում է մնալ այդպիսին:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

#SSS-ի հաջողության գաղտնիքը. ի՞նչ դեր է խաղացել դրանում մարքեթինգը. Հասմիկ Զմոյան
Հայաստանը ճանաչելիություն ունենալու համար պետք է բրենդավորվի. Զարմինե Զեյթունցյան

Առնչվող գրառումներ

Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel