Վաճառել` տեքստի միջոցով, ինչպե՞ս. Ռուբեն Կարոյան
Վաճառել` տեքստի միջոցով, ինչպե՞ս. Ռուբեն Կարոյան

Վաճառել` տեքստի միջոցով, ինչպե՞ս. Ռուբեն Կարոյան

Տեքստային բանակցությունների մասնագետ, PR մասնագետ, HR Karoyan ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյանի հետ զրուցել ենք վաճառող տեքստերի բովանդակության, անհրաժեշտության և ոլորտի մասին.
«
Քոփիռայթերն օգնում է ընթերցողին հավատալ արտադրանքի արդյունավետությանն առանց շոշափելու այն և վստահել առաջարկին՝ ճիշտ գրված տեքստի միջոցով»,- ասում է Ռուբեն Կարոյանը: 

-Ռուբե´ն, քոփիռայթինգը մեր բառապաշարում նոր բառ է, ի՞նչ է այն:

Քոփիռայթինգը մարքեթինգում այն ճյուղն է, որը պատասխանատու է տեքստերի արդյունավետության համար, այն պետք է լինի վաճառող ազդակ գովազդում, հայտարարություններում, բաներներին, այցեքարտերին և այլն: Մենք բոլորս գիտենք, որ տեքստային տարբեր ֆորմատներ կան՝ պատմողական, գրական, չափածո, հոդվածային, գիտական և այլն, դրանց մենք ծանոթ ենք դեռ դպրոցից, բուհից: Այս ֆորմատներից յուրաքանչյունն ունի իր նպատակը: Քոփիռայթինգն էլ իր նպատակն ունի, այն է՝ վաճառքը տեքստերով:

-Հայաստանում այն նո՞ր ուղղություն է:

-Եթե ասել, որ նոր ուղղություն է սխալ կլինի, քանի որ ցանկացած արտադրանք ստեղծվում է տեքստով: Պրոդուկտի անունն արդեն տեքստ է: Անվանը հաջորդում է նրան գովազդող տեքստը՝ «Համեցեք մեզ մոտ», «Մենք սպասարկում ենք 7 րոպեում», «Ամենահամեղ ուտեստները մեզ մոտ»: Ահա սա է քոփիռայթինգը, այս ամենն արվում է քոփիռայթերի կողմից՝ հաշվի առնելով պոտենցիալ գնորդի բառապաշարը, մոտեցումներն ու առօրյա արտահայտչական այլ հանգամանքներ: Գուցե նոր ուղղություն է համարվում, քանի որ  որպես տերմին ինչ որ շրջանում ստեղծվել է և առանձնացվել մարքեթինգի ընդհանուր ճյուղից, ինչպես օրինակ դիզայնը, մերչընդայզինգը կամ թարգեթինգը: Որպես առանձին ճյուղ՝ քոփիռայթինգը Հայաստանում շուրջ 10 տարվա պատմություն ունի, սակայն այս պահին այդքան էլ զարգացած չէ այն որպես ինստիտուտ: Մեծ հաշվով ցանկացած մարքեթոլոգ առնչվում է քոփիռայթինգի հետ և սկսում է մասնագիտանալ այդ ուղղությամբ կամ դիմել արդեն մասնագիտացած քոփիռայթերին:

-Ինչո՞վ է արդյունավետ:

-Արդյունավետ է, քանի որ այսօր աշխարհում, հատկապես քովիդից հետո, ինտերնետային մարքեթինգն ավելի է շեշտված, իսկ ինտերնետում ամեն բանի հիմքը տեքստն է, նույնիսկ առանց տեքստի ավելի քիչ է նկարի արդյունավետությունը: Այնպես որ կարելի է ասել, որ քոփիռայթինգը ստեղծվել է հենց մարքեթինգի հետ միասին:

-Ո՞րն է նրա գաղտնիքը, արդյո՞ք մի քանի բառով ներկայացված արտադրանքը չի կարող վաճառվել:

Տեսե´ք, տեքստերի վերջում պարտադիր գրում են՝ տարածել: Եթե ամբողջ տեքստը քոփիռայթինգ արած չեղավ, այդ «տարածել» հայտարարությունը չի օգնի: Ընթերցողն ամբողջ տեքստում չի գտել մի բան, կարևոր մի ուղերձ, որ նրան մղի այդ տեքստը տարածելուն: Եթե տեքստը պատմողական է, հոդված է կամ այլ ժանրի է, բայց պետք է վաճառք ունենա, այո´, պետք է քոփիռայթինգ արվի: Քոփիռայթինգի համար ես կիրառում եմ «ճիշտ փաթեթավորում» եզրույթը, քանի որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ինֆորմացիայի ճիշտ, գեղեցիկ փաթեթավորում, բայց ոչ ուռճացված տարբերակով:

-Քոնթենթռայթինգն ու քոփիռայթինգն ինչո՞վ են իրարից տարբերբվում:

Քոնթենթռայթերն ընդհանուր քոնթենթի համար է պատասխանատու: Այսինքն՝ կայքը լցնել հոդվածներով, նյութերով, ինտերնետից գտած այս կամ այն ինֆորմացիայով, նկարներով, անիմացիաներով: Ամբողջական քոնթենթը քոփիռայթերը չի կարող անել, կամ գուցե նաև կարող է, բայց պարտավոր չէ, նրա պարտականությունը տեքստը վաճառող դարձնելն է, դա էլ քոնթենթռայթերը չի կարող: Հայաստանում քոնթենթռայթինգն ավելի շուտ է ճանաչելի դարձել, քան քոփիռայթինգը, դրա համար էլ շփոթմունք կա: Պետք է տարանջատել՝ մենք ուզում ենք տեքստ, որը կլինի վաճառող, թե՞ ուզում ենք կայքը լցնել:

-Եվ ցանկացած մեկը կարո՞ղ է քոփիռայթեր դառնալ:

-Վերը նշած տարբեր ժանրերում ստեղծագործելու համար բնականաբար ներշնչանք է պետք, անհրաժեշտ է գաղափարներ, մուսա ունենալ, բայց քոփիռայթինգի համար մուսա պետք չէ, քոփիռայթերը պետք է հասկանա, թե որ արտադրանքի համար ինչ տեքստ պետք է գրել, հստակ պատկերացնել, թե որ սիստեմը կիրառել: Գոյություն ունի միայն մի փոքր նրբություն, մենք՝ մասնագետներս, ասում ենք «զգալ տեքստի շունչը», հակառակ դեպքում՝ նույնիսկ հասարակ նամակը չի կարող ձևակերպել, նման մարդկանց համար դժվար է արդյունավետ տեքստ գրելը, երկար ժամանակ կպահանջվի: Խորհուրդ կարող եմ տալ սկսնակներին՝ գովազդային տեքստ գրել ցանկացած իրի՝ սեղանի, բաժակի, մեքենայի, հեռախոսի, այն ամենի մասին, ինչն ի վերջո աչքին կընկնի, գուցե այս դեպքում ստացվի, եթե սիրում է տեքստ գրել: Նախքան քոփիրայթինգը ես ունեցել եմ հոդվածագրի ճանապարհ, գլխավոր խմբագիր եմ եղել, կայքի հիմնադիր, բանաստեղծ, այս ճանապարհները որքան օգնել են քոփիռայթեր դառնալու համար, այնքան խանգարել են, քանի որ առաջինների համար պահանջվում է այլ ինֆորմացիա, իսկ քոփիռայթինգի համար՝ լրիվ այլ ինֆորմացիա:

-Այս տարանջատումներն իմանալն ո՞ւմ է պետք՝ գործատուներին, թե՞…

Եթե մենք խոսում ենք բանակցություններից, ցանկալի է, որ գործատուները ևս իմանան, քանի որ կան բանակցություններ, որոնք գործատուն ինքն է պարտավոր իրականացնել՝ այդ հարթության վրա հաջողություն գրանցելու համար: Իսկ ամենօրյա իր աշխատանքի համար քոփիռայթինգ իմանալ պետք չէ:

-Նաև աշխատակցից ճիշտ պահանջներ ունենալու համար:

-Դա շատ կարևոր է, քանի որ այսօր աշխարհը տեղափոխվել է տեքստային բանակցությունների դաշտ: Ցանկացած բանակցության 70%-ն իրականացվում է տեքստով, 20%-ը՝ հեռախոսազանգի միջոցով, 10%-ն՝ առերես: Նույնիսկ պայմանավորվելու համար տեքստով ենք շփվում՝ ֆեյսբուքում, ինստագրամում, և այլ սոց.ցանցերում, նույնիսկ զանգելուց առաջ գրում ենք՝ «հիմա հարմա՞ր է զանգել»: Ցանկալի է, որ բոլորը տիրապետեն,  ցանկալի է, որ գործատուն տիրապետի՝ թիմին ղեկավարելու համար, քանզի բոլոր տեսակի դիտարկումները, հրահանգներն ու հանդիմանությունները բանավոր չեն արվում։ Դրանց մեծ մասն անում ենք գրավոր, չէ՞ որ դա էլ ինֆորմացիա փոխանցելու ևս մեկ ֆորմատ է:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

«Ռադիո Վան» ռադիոկայանը՝  «Լավագույն Հայկական բրենդ»- 2020

Առնչվող գրառումներ

Ոլորտային մարքեթինգի մասին. Արթուր Արզումանյան
Ընտրացանկ