Գովազդի մեջ գույների օգտագործումը շատ կարևոր ընտրություն է, քանի որ գույները հսկայական ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, նրա ընտրությունների և որոշումների վրա։ Հոգեբան Լուսինե Կորեկյանի խոսքով՝ գոյություն ունի գույների հոգեբանություն առարկա, որը մարքեթինգի հոգեբանության ճյուղ է, այն ուսումնասիրում է նրբերանգների ազդեցությունը մարդկանց պահվածքի վրա։ Ապրանքանիշերը, կամ, այսպես կոչված բրենդները, այս գիտելիքը մեծ արդյունավետությամբ օգտագործում են մարդկանց շրջանում տարբեր ռեակցիաներ առաջ բերելու նպատակով։ Հայտնի է, որ գույնն ինքնին երբեմն կարող է որևէ ապրանք առնելու դրդապատճառ հանդիսանալ։ Մի հարցման արդյունքներով սպառողների 93% տոկոսը հայտարարել է, որ կենտրոնանում է ապրանքի տեսողական ներկայացվածության վրա, իսկ 85%-ը պնդում է, որ գույնը նրանց համար գնումը կատարելու առաջնային պատճառն է։ Կորեկյանն ասում է, որ գովազդ ստեղծողները գույների հետ կապված տարբեր գործոններ են հաշվի առնում։
Պոտենցիալ թիրախային աուդիտորիայի ազգությունը կարող է դեր խաղալ գովազդի գույները որոշելիս։ Օրինակ՝ չինացիները հակված են հավանելու մետաղական նրբերանգով ոսկեգույնը և կարմիրի երանգները։ Թիրախավորված մարդկային խմբի ապրելակերպը նույնպես կարող է որոշիչ լինել։ Օրինակ՝ կենսուրախ հիմնական գույները՝ կարմիրը և կապույտը՝ սպիտակ զոլերի համադրությամբ, ակտիվ ապրելակերպի արտահայտիչներ են, այդ պատճառով հենց այս համադրությունը դիպուկ ընտրություն է սպորտային համազգեստի և գույքի գովազդի համար։
Հոգեբանը ներկայացնում է, թե ինչպես են գույները ազդեցություն գործում մարդկանց վրա։ Ստորև գովազդի մեջ ամենասիրված և տարածված գույներն են համատեղված այն իրավիճակների հետ, որոնցում դրանց օգտագործումը նպատակային է։
Կապույտ
Մարդկանց ամենասիրելի գույներից է. գայթակղիչ է ու բազմաբնույթ՝ օգտագործման տեսանկյունից։ Ասոցացվում է խաղաղության, ջրի, ներքին հարմոնիաի հետ։ Կապվում է անվտանգության հետ, ինչպես նաև մղում է արդյունավետ գործողության։ Նկատվել է նաև, որ կապույտը ազնվության, վստահելիության սիմվոլ է։ Եթե ապրանքանիշը կարիք ունի վստահություն ներշնչելու, ապա այս գույնը ճիշտ ընտրություն է։ Կապույտը տեղին է նաև, երբ անհրաժեշտ է սառեցված սննդամթերքի փաթեթավորումը, քանզի այն սառույցի տպավորություն է թողնում։
Կարմիր
Կապույտից հետո երկրորդ սիրված գույնն է։ Շուկայի ամենաթեժ ու վառվռուն գույնը, որը զուգակցվում է, անհամբերության, կրքի, տարերքի, շարժման և գործողության հետ։ Համարվում է, որ այն առնականության գույնն է, այդ պատճառով տղամարկանց թիրախավորող ցանկացած արտադրանքի արտադրող կարող է անվերապահորեն օգտագործել այս գույնը։ Մսամթերքի և սուպերի արտադրողները նույնպես շռայլորեն այս գույնին են տալիս նախապատվությունը։ Այն շտապողականության և առիթը բաց չթողնելու զգացողություն է առաջացնում։ Այդ պատճառով խորհրդանշում է զեղջերը։ Ֆիզիկական ստիմուլյացիա է անում մարմինը, բարձրացնում է արյան ճնշումը, սրտի զարկերն է արագացնում։ Հիշեք արագ սննդի ցանցերի ամենանախընտրած գույնը։ Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել Մաքդոնալդսի նման անառողջ սնունդը ներկայացված կարմիր-դեղինի փոխարեն, կանաչ գույնով։
Կանաչ
Այն հզորության, թարմության, բնության և առողջության գույնն է։ Օգտագործվում է այն ոլորտներում ուր անհրաժեշտ է հաճախորդին հանգստացնել, խաղաղեցնել։ Կանաչը հարմոնիա և բալանս է առաջացնում ուղեղի մեջ և խթանում որոշումների ընդունումը։ Սպառողը մեր ժամանակաշրջանում առավել քան երբևէ մտահոգված է առողջությամբ և երկարակյացությամբ։ Ահա թե ինչո՞ւ այս գույնը կարելի է օգտագործել շատ ու շատ բնապահպանական նախաձեռնությունների և գովազդային կոմպանիաների համար։ Այժմ այն ավելի ու ավելի է օգտագործվում այսպես կոչված օրգանիկ արտադրանքի կամ շրջակա միջավայրի պահպանության հետ կապված գովազդային միջոցառումների դեպքում։ Սթարբաքսը սրճելու արարողությունը կապել է հանգստության, խաղաղության և դրական էներգիայով լիցքավորվելու հետ։
Ծիրանագույն և Դեղին
Զվարթ գույներ են, որոնք լավատեսության խորհրդանիշ են։ Սրանք առաջացնում են նաև թեթևամտության, տագնապի, զգուշավորության զգացողություն և մարդկանց մեջ իմպուլսիվ գնելու զգացում արթնացնելով՝ գրավում են սպառողներին։
Մանուշակագույն
Հաճախ խորհրդանշում է ազնվատոհմության, իմաստնության և հարգանքի հետ։ Ստիմուլյացիա է անում ստեղծագործական մղումները և խնդիրների լուծման կարողությունը։ Սովորաբար օգտագործվում է գեղեցկության՝հարդարման և ծերացման հետ պայքարող ինդուստրիայի մեջ։
Սև
Ասոցիացվում է հեղինակության, ուժի, ստաբիլության հետ։ Հաճախ նաև ինտելիգենտության, բայց եթե հաճախ է օգտագործվում կարող է ճնշող լինել։
Մոխրագույն
Պրակտիկության, հին ժամանակների, և սոլիդարության խորհրդանիշ է։ Սակայն այս գույնի անզգույշ չարաշահումը կարող է հանգեցնել դատարկության և դեպրեսիայի զգացողության։
Սպիտակը
Համադրվում է անպղծության, մաքրության, և ապահովության հետ։ Կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ ցանկալի է ընդգծել նեյտրալությունը և ստեղծագործ մտքի թռիչքին նպաստող վիճակը։
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան