«Նաիրիան» ընկերության մարքեթինգի և վաճառքի գծով տնօրեն Լիլիթ Մարտիրոսյան
Բրենդ ստեղծելու համար ի՞նչ է պետք ունենալ:
-Իմ կարծիքով ցանկացած բրենդի հաջողության գրավականը գաղափարն է, այնուհետ պետք է կարողանալ ճիշտ պատմել առաքելությանդ մասին, ներկայացնել նպատակը և հավատալ այդ գաղափարին, աշխատակիցները նույնպես հավատան այդ գաղափարին, քանի որ միայն հիմնադրի հավատալը քիչ է: Եթե գաղափարը ճիշտ բիզնես մոդելի մեջ է դրվում, այդ դեպքում բրենդը հաջողում է: Բիզնեսը, եթե միայն շահույթ է հետապնդում, որպես բրենդ՝ չի կայանա: Գաղափարը սկիզբն է, բիզնեսը՝ մոդելը:
-«Նաիրիան»-ը որպես գաղափա՞ր է կայացել, թե՞ բիզնես-մոդել:
-Մեկն առանց մյուսի գոյություն չունի․ «Նաիրիան»-ի ստեղծման շարժառիթը գաղափարն էր, բայց, եթե այն չկայանար որպես բիզնես, կփակվեր: «Նաիրիան»-ի ստեղծման ամբողջ պատմությունը կապված է Հայաստանի բնությունը մաքուր պահելու, ռեսուրսները գրագետ օգտագործելու, ինչպես նաև երկրի հեղինակությունը միջազգային շուկայում բարձրացնելու հետ: Ընկերության նպատակը Հայաստանի բնության ուժն օգտագործելն է՝ դրան ավելացնելով մեր գիտական ուժը: 4 տարի շարունակ գիտահետազոտական աշխատանքներ են տարվել մինչև «Նաիրիան»-ը դուրս է բերվել շուկա: Այդ տարիները նվիրված են եղել պորտֆոլիոյի ձևավորմանը, ապրանքների բանաձևերի մշակմանը, արտադրանքի փորձարկմանը, բրենդի ստեղծմանը, փաթեթավորմանը, ապրանքանշանի ստեղծմանը: «Նաիրիան»-ը աջից ձախ և ձախից աջ նույն կերպ է կարդացվում, լոգոյի հիմքում հայկական ճարտարապետության ութաթև աստղն է, ծայրերին ծիլեր են, մեջտեղում՝ արև, լոգոն ունի հայկական շունչ, բայց միևնույն ժամանակ էթնիկ չէ, դրա վրա 9 ամիս աշխատանք է տարվել: Փաթեթավորումը մեղմ գույների մեջ է, մինիմալիստական, պրեմիում դասի:
—Ո՞րն է «Նաիրիան»-ի հաջողության գրավականը:
—40 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ թիմը: Արտադրամասում, որը գտնվում է Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում, աշխատում են ոչ միայն բարձր որակավորմամբ քիմիկոսներ, այլև տվյալ գյուղի բնակիչներ, որոնք աշխատում են և´ դաշտերում, և´ արտադրամասում: Ֆորմուլաների հեղինակը ընկերության համահիմնադիր Անահիտ Մարկոսյանն է, բայց արտադրանքի ստեղծման հարցում իրենց անգնահատելի ներդրումն ունեն բարձր որակավորում ունեցող մեր քիմիկոսները, իսկ մյուս բաժինների աշխատակիցներից յուրաքանչյուրը կարող է սեղանին դնել իր գաղափարը: «Նաիրիան»-ը առաջին բնական, բարձրակարգ, հայկական կոսմետիկա արտադրող ընկերությունն է: Այն ստեղծում է խնամքի միջոցներ դեմքի, մարմնի, մազերի, լոգանքի համար: Բաղադրիչների 70%-ը Հայաստանից է, որոնք աճում են հրաբխային ծագման հողի վրա և միջինում ստանում տարեկան 300 օր արև: Այն հաճախ հնչող հարցին, թե ինչո՞ւ 100 տոկոսը հայկական չէ, պետք է պատկերացնել, որ հնարավոր չէ կոկոս կամ մանգո աճեցնել Հայաստանում, իսկ դրանք կարևոր բաղադրիչներ են կոսմետիկայում: Ընկերությունը ստանում է կորիզայուղեր, 15 տեսակի եթերայուղ, որոնք ընկերության արտադրանքի բաղադրիչների հիմքն են: Օրինակ՝ այս տարի դաշտերի մեծ մասում տնկվել է դամասկյան վարդ, որոնցից թանկարժեք և բարձրարժեք եթերայուղ է ստացվում:
-«Նաիրիան»-ի արտադրանքը բացի ընկերության բուտիկներից էլ որտեղի՞ց կարելի է ձեռք բերել:
— Ընկերությունը դիստրիբուցիայով էլ է զբաղվում, «Նաիրիան» ապրանքանիշը կարելի է գտնել մի շարք բարձրակարգ գեղեցկության սրահներում, Hermitage, Cosmotheca խանութներում, Երևանի օդակայանի Duty Free-ում, սակայն, ունենալով Երևանում բուտիկներ, մենք նաև ուղիղ կապի մեջ ենք սպառողի հետ:
-Մարքեթինգի համար ի՞նչ գործիքներ եք օգտագործում:
-Մարքեթինգը մի շարք նպատակներ է հետապնդում․ ընկերության իմիջի, հեղինակության բարձրացման, ապրանքատեսականու ներկայացման, ընդհանրապես բնական կոսմետիկայի օգտակարության, և այլն, և այլն։ Այս յուրաքանչյուր նպատակի համար մարքեթինգային գործիքակազմը տարբեր կարող է լինել։ Պրոդուկտների առաջխաղացումը կազմակերպում ենք՝ կախված արտադրանքի կարևորությունից, դիրքավորումից: Թվային մարքեթինգը՝ լայվերը, սթորիները, բլոգերների հետ աշխատանքը ընկերության մարքեթինգի կարևոր մասն է: Նոր արտադրանք ունենալու դեպքում միջոցառումներ ենք կազմակերպում, հրավիրում ենք մամուլի ներկայացուցիչներին, արտադրանքից բլոգերներին ենք տալիս՝ անձնական փորձարկման, բացի այդ՝ «Նաիրիան»-ը ունի կայք, որտեղ ընկերության տարբեր աշխատակիցներ գրառումներ են թողնում ամեն ինչի մասին՝ բույսերի հատկություններից սկսած մինչև «Ինչ նվեր գնել Ամանորին ընդառաջ» թեմաներով: Եթե լավ կոնտենտ ես ստեղծում, փոխվում է վեբ կայքի այցելությունների քանակը. լավ կոնտենտը մարքեթինգի գլխավոր մասն է: Աշխատում ենք մամուլի հետ, հաճախ օգտագործում ենք արտաքին գովազդ, անցած տարի նաև հեռուստատոսային գովազդ ենք ունեցել:
—Տարիքային, սեռային սահմանափակում կա՞ «Նաիրիան»-ից օգտվելու համար:
-Մեր հաճախորդները հիմնականում կանայք են, սակայն կան նաև տղամարդ հաճախորդներ, որոնք այցելում են և՛ իրենց համար խնամքի միջոցներ՝ ձեռքի կրեմ, աչքերի շուրջ համար նախատեսված քսուք ձեռք բերելու համար, և՛ նվեր գնելու: Քանի որ բնական կոսմետիկա է, մեծ հաշվով, տարիքային սահմանապակում չկա, կախում առաջացնող նյութեր չկան: «Նաիրիան»-ի բլոգում մենք խորհուրդներ ենք տալիս, թե ինչ կոսմետիկա ընտրել, որոնցից խուսափել, եթե նույնիսկ «Նաիրիան»-ի արտադրանքը չեն գնում: Սահմանափակումը միայն նորածինների համար է:
-«Նաիրաիան»-ը ինչո՞վ է առանձնահատուկ:
— Աշխարհում շատ քիչ են կոսմետիկա արտադրող ընկերություններ, որոնք արտադրության ամբողջ շղթան իրենք են կազմակերպում։ Մենք անում ենք ամեն ինչ՝ սկսած սերմերից, բույսերի մշակումից, եթերային յուղերի թորումից մինչև արտադրություն, փաթեթավորում ու վաճառք՝ ներառյալ ներքին ու արտաքին շուկաները։ Միևնույն ժամանակ մեր բաղադրչների մեծ մասն աճում է Հայաստանում, ու սա մեր արտադրանքը դարձնում է յուրահատուկ․ մեր քսուքներում ամփոփված են Հայաստանի՝ միներալներով հարուստ հողի, առատ արևի տված բուժիչ հատկությունները։
Կա կարծիք, որ եթե հայկական է, ուրեմն պետք է լինի վատը ու էժանը։ Ընկերությունը համաձայն չէ այդ կարծիքի հետ. մենք ասում ենք, որ հայկականը պետք է լինի ամենալավն ու պետք է ունենա ճիշտ գին, պետք է արժենա այնքան, ինչքան այն արժի։ Եթե այս հարցին այսպես չնայեինք, երևի ոչ մի երկիր էլ չարտահանեինք և չկայանայինք որպես բրենդ: Ապրանքը շուկա հանելը շատ երկար ճանապարհ է՝ բաղադրիչներից մինչև տարայի ձևի ընտրություն: Քանի որ ընկերության արտադրությունը բնական բաղադրիչներից է բաղկացած, ծանր կոնսերվանտներ չի պարունակում, հետևաբար սրվակների ընտրությունն էլ պետք է համապատասխան լինի, որպեսզի հաճախորդին, որը է վճարում է ապրանքի համար, հաճելի լինի տարան ձեռքը վերցնելը, պայուսակում կրելը, սենյակում կամ օգտագործման վայրում ունենալը։
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան