Say Cheese—ի հիմնադիր Սերգեյ Սարգսյան
—Վստահեմ` շատերը կհամաձայնեն, որ Say Cheese-ն իր մարքեթինգային մոտեցումներով տարբերվում է: Ինչպե՞ս և ինչու՞ ընտրեցիք հենց այդ ոճը:
-Եթե նկատել եք, հիմա Say Cheese-ը մի քիչ ագրեսիվ ոճի մեջ է` Ամոթ չի՞, մեծ մարդ ես պանիր չես ուտում, Բա չամաչեցի՞ր և այլն: Բայց դրա հետ մեկտեղ միշտ կա դրական մթնոլորտը. բոլորն ուրախ են ու ծիծաղում են: Այսինքն` որքան էլ ագրեսիա է ցուցաբերում մարքեթինգային այս ոճը, մթնոլորտը դրական է մնում: Այս սկզբունքով ենք առաջնորդվում վերջին 3 տարին: Հիմա մի քիչ հետ գնանք. թե ինչպես որոշվեց, ինչպես ընտրվեց անունը: Նախ` Say Cheese-Ասա պանիր, հենց մեր մասին է, բացի այդ Say Cheese-ն ամբողջ աշխարհում լուսանկարչության մեջ հայտնի է որպես դրական արտահայտություն, որը ժպիտ է առաջացնում: Այս առումով` սա նույնպես կապվում է մեր գովազդային արշավին, ուր դրականն է տիրում:
—Ինչու՞ որոշեցիք, որ Ձեր բիզնեսին մարքեթինգ է պետք, ինչպե՞ս առաջացավ բրենդը նման կերպով ճանաչելի դարձնելու գաղափարը:
-Պանիրն այն մթերքներից է, որ ունի պահպանության ժամկետ, դրան գումարած այնքան էլ մատչելի չէ արժեքով: Ու որպեսզի այդ պանիրը վաճառվեր, մենք հասկանում էինք, որ նախ այն պետք էր գեղեցիկ ձևավորել, ճիշտ դասավորել խանութում: Բայց հարց էր առաջանում. իսկ ում ասեինք, որ գա ու հենց մեզ մոտից գնի հետաքրքիր պանիրներ:
—Եվ ընտրեցիք սոցիալական ցանցերը:
-Այո, սկզբում տարբեր տեղերից լուսանկարներ էինք վերցնում, տեղադրում էջում ու, ի զարմանս մեզ, արձագանքը բավականին մեծ էր: Հետո մտքովս անցավ, որ միգուցե մեր արած լուսանկարը դնենք, մեր տեքստը գրենք, ավելի լավ լինի: Ու հենց այդ ժամանակ սկսեցինք ոչ թե ինչ-որ տարբերակներ փնտրել, այլ ես օգտագործեցի այն ոճը, որով ապրում եմ: Ես չեմ մտածել, որ հնարավոր է ինձ քննադատեն, որ սլենգով եմ խոսում կամ փոստեր անում: Ի դեպ` մոտ 1 տոկոս մարդիկ կան, ովքեր ասում են, թե իմ արածն անընդունելի է, ու դրանք հիմնականում մարքեթոլոգներ են :
—Ավելի մանրամասն խոսենք, թե ինչ տեսակ փոստեր եք անում, ինչպես եք ընտրում թեման:
-Սկսեմ վիդեոկոնտենտից: Երբ ես վիդեո եմ նկարում, մի անգամ նայում եմ, եթե ինձ դուր եկավ, ուրեմն կհաջողի: Ճիշտ է` դա նորմալ չէ, որ ինդիվիդուալ մոտեցում եմ ցուցաբերում, բայց մեր պարագայում դա փաստորեն միշտ աշխատում է: Էջում երբեմն տեղադրում ենք թեմատիկ հարցումներ ստատիստիկան ճշտելու համար: Մյուս գործիքը մեր բոտն է` Սերոժիկը: Ինքը նամակներ է գրում օգտատերերին: Առաջին քայլն անում են նրանք` ցանկացած բան ուղարկելով մեր ֆեյսբուքյան էջին, ընկերանում են Սերոժիկի հետ: Հետո Սերոժիկը սկսում է ինքը նամակներ գրել, շփվել այդ մարդկանց հետ: Կարող է մի շաբաթ ընդհանրապես ոչ մի գովազդ չանել, ուղղակի գրել ոնց ես, ինչ կա չկա: Մարդիկ սկսում են զարմանալ. գովազդն ուր է, ինչու էր գրում իրենց, եթե վաճառք չի անում: Ու այդպես մի օր էլ օգտատերերն են սկսում գրել ու շփվել Սերոժիկի հետ: Այսինքն` մենք ոչինչ չենք վաճառում այն պահին, երբ ընկերանում ենք: Say Cheese-ի գաղտնիքը հենց դա է: Սկզբից մենք ընկերանում ենք օնլայն կամ օֆլայն դաշտում և երբ քեզ հետ ընեկանում ենք, դու լավ հարաբերություններից ելնելով գալիս ես խանութ կամ սրճարան: Մենք հաճելի շփվում ենք, ծանոթանում ենք ու սկսում ես ինչ-որ բաներ գնել:
—Ինչպե՞ս հասկացաք, որ հենց այս մոդելը լավ կաշխատի:
-Ես ամեն ինչ ինձ վրա եմ վերցնում ու հետո կիրառում եմ հանրության համար: Չպետք է մարդ հասկանա, որ քեզ հետ ընկերություն են անում քո առածի համար: Մենք անում ենք հակառակը` ընկերանում ենք, հետո մի օր կառնի, եթե ինքն էլ չառնի, մի ուրիշին կբերի, ով կառնի: Շատ հնարավոր է մի օր միասին նստած լինեն ու հարցնեն իրար Սերոժիկից, իրենցից մեկն էլ չիմանա նա ով է ու այդպես ինքն էլ սկսի գրել: Այսինքն` շղթան օրգանական մեծանում է:
—Ինչ—որ պլաննինգ ունե՞ք, թե ինչ հաճախականությամբ ու երբ անեք փոստեր:
-Ոչինչ պլանավորած չէ բացարձակ: Ավելին` շատ բան կարող է քենսլ լինել, որովհետև ես չունեմ տրամադրություն: Իսկ եթե կա տրամադրություն, տեղում կարելի է մտածել մի բան: Մի անգամ վատ տրամադրությունով էի, գրեցի էսօր մի լայքեք, մի եկեք, ոչ մի բան մի գրեք: Բայց արի ու տես, որ դա մարդկանց ավելի էքստրիմի մեջ է գցում. ոնց կարող է հանրային սննդի կետը հայտարարություն տարածել` ոչ մի բան մի լայքեք, ձեր հավեսը չկա:
-Ավելի մեծ սպառումը սրճարանից է, թե՞ խանութից:
-Սրճարանն օգնում է, որովհետև ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ գնել պանիր` չնայած մենք ընտրել ենք տարբեր ֆորմատներ, որով դա հնարավորինս հասանելի լինի բոլորին: Իսկ սրճարանի դեպքում այն ավելի հասանելի է, նույն պանիրը հնարավոր է քիչ չափաբաժնով փորձել այստեղ: Մենք մտածում ենք բոլոր հնարավոր տարբերակները, որ մարդիկ մեզ մոտից երջանիկ գնան և շատ թեյավճար թողնեն:
Հեղինակ` Ժաննա Ավագյան