«Բիզնեսում հաջողության գաղտնիքը թիմային առողջ աշխատանքն է. այն նման է մարդու օրգանիզմին, երբ ամեն օրգան տեղում է և իր աշխատանքն է անում, օրգանիզմը դատապարտված է հաջողության»:
Twinz Eyewear-ի համահիմնադիր Բաբկեն Խաչատրյան
—Twinz-ը հիմնելը մե՞ծ ներդրումներ պահանջեց։
-Այո, մեծ ներդրումներ պահանջվեցին, բայց ոչ թե գումարի տեսքով, այլ մարդկային ռեսուրսի: Այս գաղափարի շուրջ հավաքվեցին պրոֆեսիոնալներ, էնտուզիաստներ, որոնք հավատում էին Twinz-ի գաղափարին և հաջողությանը: Հետագայում, իհարկե, վաճառքից եղան նաև ֆինանսական ներդրումներ բրենդի առաջխաղացման համար։
-Ինչպե՞ս առաջացավ նման ակնոցներ ստեղծելու և դրանք առանձին բրենդով ներակայացնելու միտքը։
-Այդ տեսակի ակնոցների միտքը տեսել ենք համացանցում և փորձել ենք դա որպես բիզնես իրականացնել Հայաստանում։ Այդ ժամանակ մեզ մոտ նման արտադրատեսակներ չկային։ Ակնոցի պատրաստման տեխնոլոգիան յուրացնելը մեզ համար բավականին բարդ էր ու ժամանակատար։ Փորձել ենք հնարավոր բոլոր եղանակները և վերջում ընտրեցինք դրանցից ամենաբարդը։ Մեր ընտրած եղանակով հաստոցների աշխատանքը գրեթե դուրս է գալիս։ Հիմնական գործընթացը՝ մոտ 60 գործողություն, արվում է ձեռքով, և ամեն մի գործողություն միջինում տևում է մեկ ժամ: Հետևաբար պետք էին շատ լուրջ վարպետներ, որպեսզի ի կատար ածեին այդ ամենը։ Հիմնական թիմում չորս հոգով ենք՝ ես և ընկերս դիզայնն ենք անում, պատրաստում են եղբայրս ու նրա ընկերը:
-Ինչպե՞ս ընտրվեց հենց այդ անունը, այլ տարբերակներ քննարկվե՞լ են։
—Twinz անունը խորհրդանշում է երկու կողմերի հարմոնիկ կապը: Ակնոցն էլ է կրում հենց երկվորյակների սիմվոլը։ Իսկ մինչև այս տարբերակը կար նաև այլ անուն` Daobab, որը ստեղծվել է իմ և եղբորս անուններից։ Daobab Unique Accesories-ը մինչև հիմա էլ կա․ այն ավելի անհատական աքսեսուարներ է թողարկում։
-Կհիշե՞ք Twinz-ի առաջին վաճառքը։
-Twinz-ի առաջին վաճառքը եղել է Բարսելոնայում: Երբ պատրաստեցինք առաջին նմուշները, ես դրանք վերցրի ու գնացի Եվրոպա` ուսումնասիրելու այնտեղի շուկան և հասկանալու այնտեղ վաճառվող նմանատիպ ակնոցների որակները: Այդ ժամանակ Եվրոպայում փայտից ակնոցը տենդենց էր: Երբ ես գնացի ու փորձում էի մի սեղանիկի մոտ համեմատել ակնոցների որակը, վաճառողն ինձնից գնեց Twinz-ի ակնոցը: Այդ ժամանակ ես հասկացա, որ մենք բավական առաջ ենք գնացել, իհարկե, կան բրենդներ, որոնց որակին ձգտում ենք հասցնել մեր արտադրանքը։
— Իսկ ի՞նչ դեր է ունեցել մարքեթինգը, բրենդի զարգացման ո՞ր փուլից եք սկսել դրան կարևորություն տալ։
-Իմ կարծիքով՝ քանի դեռ արտադրանքը չունես քո ձեռքում, այն չես կարող գովազդել: Շատ են եղել նման դեպքեր, ու մարդիկ խնդիրներ են ունեցել, քանի որ հետո չեն կարողացել ստանալ այն արտադրանքը, ինչ ներկայացրել են վիզուալ դիզայնի միջոցով: Քանի որ ես նաև լուսանկարչությամբ և դիզայնով եմ զբաղվում, ինձ դժվար չէր գեղեցիկ մատուցել մեր արտադրանքը։ Մեզ միացան նաև մարքեթինգի շատ լավ մասնագետներ, շատերն էլ կողքից օգնեցին մեզ: Ես հույս ունեմ, որ հետագայում, նրանք, ովքեր ներդրում են ունեցել Twinz-ի զարգացման գործում, կկարողանան արդեն աշխատել հիմնական մեր բրենդի հետ:
-Փաստորեն, ի սկզբանե դիմել եք մարքեթինգի մասնագետների օգնությանը։
-Այո, ես վստահում եմ բոլոր մասնագետներին, ում հետ աշխատում եմ, բայց մի բան էլ կա։ Եթե ուզում ես գործը լավ լինի, պետք է անձամբ տեղյակ լինես, թե ինչպես է կազմակերպվում այս կամ այն գործընթացը։
-Մարքեթինգային ինչպիսի՞ քայլեր եք արել, որոնք հատկապես նպաստել են վաճառքին:
-Մենք ապրիլ ամսին ցուցահանդես ունեցանք, որը հաջողություններից լավագույնն էր: Կարողացանք մեծ հավաքածու ցուցադրել` շուրջ 100 ակնոց, նաև ներկայացրինք մեր բրենդի հիմնական կոնցեպտը: Քանի որ ակնոցները փայտից ենք պատրաստում, անկախ մեզանից վնասում ենք բնությանը, իսկ փայտանյութը գնալով քչանում է:
Այդ պատճառով մենք ամեն մի վաճառված ակնոցից տնկում ենք մեկ ծառ: Այդ ցուցահանդեսը պարբերական բնույթ է կրելու. հաջորդ տարի ապրիլին նույնպես կտնկենք այն քանակությամբ ծառեր, որքան կունենանք վաճառք: Հույս ունենք, որ Հայաստանում շատ շուտով նոր անտառներ կունենանք: Մեծ քանակի ակնոցներ գնել են հենց ցուցահանդեսի ժամանակ, երբ շոշափել են և զգացել են նաև էներգիան, որը դրված է սրտացավ աշխատանքի շնորհիվ: Ակնոցներն ունեն նաև անուններ, ինչը նույնպես մարքեթինգային քայլ է` մտածված իմ կոմղից:
-Ու՞ր է գնում Twinz-ը:
-Twinz-ի արտադրությունը տեղափոխել են Գյումրի, քանի որ բոլորս արմատներով Գյումրիից ենք և կարևորում ենք հարազատ հողի վրա ներդրում անելը: Բացումը կլինի շատ շուտով: Բացի այդ, հոկտեմբերին հավաքածու ենք ուղարկելու Փարիզ` թանկարժեք բուտիկներում ներկայացնելու: Նշեմ, որ Twinz-ով հետաքրքրված են նաև ամերիկյան և ռուսական շուկայում:
Հեղինակ` Ժաննա Ավագյան