Հաղորդակցման կանոններն ու սխալները  ռազմական դրության ժամանակ. Աստղիկ Ավետիսյան
Հաղորդակցման կանոններն ու սխալները  ռազմական դրության ժամանակ. Աստղիկ Ավետիսյան

Հաղորդակցման կանոններն ու սխալները  ռազմական դրության ժամանակ. Աստղիկ Ավետիսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական Փի Ար ասոցացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյան

«Ցավոք, հենց այս օրերին կարծես PR մասնագիտության նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվեց դեպի բացասականը և շատերի մոտ տպավորություն էր, որ PR-ը կեղծիքը թաքցնելու և սիրուն փաթեթավորմամբ ինչ-որ բան ներկայացնելու միջոց է»,-ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական Փի Ար ասոցացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը և հավելում, որ PR-ը հաղորդակցությունների կառավարման, հարաբերությունների ձևավորման յուրահատուկ հնարավորություն է.-«Եթե մենք այդ հնարավորությունները չենք օգտագործում, ապա անխուսափելի են հակամարտությունները, բանավեճերը, որոնք բացասական, ոչ կառուցողական արդյունքի են հանգեցնում: Ռազմական դրության ժամանակ պետք է գործի ճգնաժամային հաղորդակցությունը. սկզբունքներն ու կանոններն այստեղ կարևորվում են: Առկա խնդիրները հրատապ լուծում պետք է ստանան, արձագանքման մեխանիզմները պետք է հստակեցվեն, տեղեկատվության փոխանցմամբ պետք է զբաղվեն համապատասխան կառույցներն ու անհատները: Դա հնարավորություն է տալիս նույն իրավիճակում հայտնված բոլոր ուժերին համախմբվել, փոխանցել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն այնքան, ինչքան ռազմական դրության ժամանակ կարելի է անել»:

Աստղիկ Ավետիսյանը, պատերազմական 44 օրերի ընթացքում հաղորդակցման կառավարման կարևորությունն ընդգծելով, մեկնաբանեց, որ Արցախում և Հայաստանում ստեղծվել էին տեղեկատվական կենտրոններ, որոնք ամեն օր կազմակերպում էին ճեպազրույցներ, լրագրողների և լրատվամիջոցների հարցադրումներին էին պատասխանում, կանոնակարգում էին ռազմաճակատում լրատվամիջոցների աշխատանքը: Որպեսզի խուճապ չառաջանա,  առանձնացրեցին երկու հիմնական կարծիքի լիդեր և համապատասխան կառույցների տեղեկատվական ստորաբաժանումների սոցիալական մեդիայի հարթակներ, որտեղից հաղորդվում էր ռազմաճակատում տեղի ունեցող տեղեկատվությունը:  Ձևաչափի տեսանկյունից ամեն ինչ արվեց այնպես, ինչպես պետք է լիներ, սակայն տեղեկատվության փոխանցման տեսանկյունից խախտվեց հասարակության ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ստեղծված կարգախոսները՝ #հաղթելուենք, #hաղթումենք, #հաղթելենք, չէին համապատասխանում ռազմաճակատում արձանագրված նահանջին և պարտությանը, դրանցով միայն մեկ գործառույթ իրականացվեց, որ հասարակության ոգևորվածությունը չկորի: Մարդիկ հանուն հաղթանակի պատրաստ էին ամեն ինչ անել, սակայն հասարակության նկատմամբ տարրական մասնագիտական էթիկան խախտվեց և հրադադարի ժամանակ ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունը, կորցրած տարածքներն ու հազարավոր զոհերի մասին տեղեկատվությունը ստացվեց միայն հրադադարից հետո: Այն առաջացրեց խորը հիասթափություն, հաղորդված տեղեկատվության և իշխանության նկատմամբ վստահության ամբողջական անկում գրանցեց:

Հայկական PR ասոցիացիայի նախագահն ընդգծում է, որ խնդրահարույց էին վարչապետի ելույթները. մեկը մյուսի հետ տրամաբանական կապ չունենալով՝ հակասական էին: Պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափերը խախտվածէին, անպատրաստ ելույթները հասարակության մոտ բազմաթիվ հարցեր էին առաջացնում: Արտաքին և ներքին լսարանի հետ աշխատանքը հստակեցված չէր: Վարչապետի միջազգային լսարանի համար նախատեսված հարցազրույցներում չէին հնչում հստակ ուղերձներ, ինչը արտահայտված տեսնում էինք հակառակորդ երկրի ղեկավարի ելույթներում: Ավետիսյանը վստահեցնում է, որ վարչապետի ելույթներում հնչեցված շատ մտքեր կարող էին արտահայտել համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, բայց ոչ վարչապետը, այստեղ խախտվել է նաև տեղեկատվության հաղորդման էթիկան: Տեղեկատվական պատերազում բավականին ակտիվ գործ է արվել, բայց ոչ համակարգված. այն չէր կառավարվում մեկ օղակի կողմից: Ահռելի գործ է արվել, բայց անարդյունք:

Ժողովրդավարական երկրների պետական ինստիտուտներում որդեգրված աշխատանքային ոճ, արարողակարգեր, ծիսակարգեր կան, որոնց պարտավոր է ենթարկվել ղեկավարը:  Փորձագետի կարծիքով՝այս երկու և կես տարվա ընթացքում Հայաստանի  պետական գերատեսչություններների բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն, ովքեր նոր գաղափարներով և նոր մտածողությամբ ձևավորեցին իշխանությունը՝ խախտեցին աշխատելու մեխանիզմները, խորհրդատվական ինստիտուտների աշխատանքը խաթարեցին, առանց ռազմավարության և տեսլականի գործողություններ իրականացրեցին, որոնք բերեցին քաղաքական, սոցիալական, դիվանագիտական, ռազմական ճգնաժամի: Ավետիսյանը հավելեց, որ Հայաստանում նեգատիվ ելույթների պատճառով ատելության մթնոլորտ է ձևավորվել, ինչը շտապ պետք է ձևափոխվի միասնականության և համախմբվածության, հանդուրժողականության, այլապես շատ վատ զարգացումներ կլինեն:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Նոր ճիչ՝ ԹագաՄարքեթինգ

Առնչվող գրառումներ

TikTok-ն ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում է
Ընտրացանկ