Relevant—ի հիմնադիր Սևադա Բաղդյան
—Ե՞րբ ստեղծվեց Relevant—ը և ի՞նչ ծառայություններ է այն մատուցում:
-Մեկ տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո՝ 2020թ. Հունվարին, ընկերությունը պաշտոնապես սկսեց իր գործունեությունը։ Մեր ընկերության նպատակն է բիզնեսների համար գտնել բարձր և միջին որակավորում ունեցող մասնագետների։ Հենց այս համատեքստում մենք ստանձնեցինք միջնորդի դերը. գործատուները շարունակում են զբաղվել իրենց բիզնեսով՝ մասնագետների որոնումը վստահելով մեզ: Մինչև փնտրման գործընթացը սկսելը՝ ապագա գործատուն մեզ մանրամասն ներկայացնում է, թե ինչպիսի մասնագետ է ցանկանում իր համար գտնենք, դա վերաբերում է ինչպես մասնագիտական հմտություններին, այնպես էլ մարդկային խառնվածքին։ Սա հենց executive search-ն է կամ բարձր օղակի ղեկավարների փնտրումը։ Բացի դրանից, մենք իրականացնում ենք նաև headhunting. այս դեպքում գործատուն հստակ ասում է, թե որ մասնագետին է ցանկանում տեսնել իր ընկերությունում և մենք սկում ենք բանակցել այդ մասնագետի հետ գործատուի անունից։
-Իսկ ի՞նչ առանձնահատկություն ունի մարքեթինգի ոլորտում ղեկավարների փնտրտուքը:
-Մարքեթինգում հաճախակի փոխվում են տենդենցները և աշխատանքային գործիքները։ Պարբերաբար ի հայտ է գալիս այնպիսի գործիքակազմ, որը նախկինում չկար կամ լայն կիրառում չուներ։ Վերջին տարիներին ակտիվ զարգանում էր դիջիթլ մարքեթինգը, արդեն մեկ տարի է մեծ կարևորություն են տալիս copywriting-ին, մոտակա տարիներին նոր հեղափոխոթյուն մարքեթինգի ոլորտում կանի growth hacking-ը, որը արևմուտքում արդեն սկսել է մեծ թափ հավաքել։ Եվ տենդենցների այսպիսի արագ փոփոխությունն անդրադառնում է այն որակավորումների վրա, որոնք գործատուն ցանկանում է տեսնել մարքեթինգի ղեկավարների մոտ։ Իսկ մասնագետներն իրենց բարձր որակավորումը պահելու և աշխատաշուկայում բարձր պահանջ ունենալու համար պետք է պարբերաբար ինքնակրթվեն և ավելացնեն գիտելիքները։ Սա, իհարկե, վերաբերում է բոլոր ոլորտներին, սակայն մարքեթինգում և ԻՏ-ում, այն ավելի հրատապ է։
-Ինչ-որ առումով Relevant-ի գործունեությունը նմանեցրի աշխատանքի տեղավորման գործակալության նորացված տարբերակին, ո՞րն է գլխավոր տարբերությունը:
-Հավանաբար պատճառն այն է, որ Հայաստանում այդքան էլ հայտնի չէ Executive Search-ը, որն իրականում բավական տարածված ծառայություն է արևմտյան երկրներում։ Այն ոչ մի ընդհանրություն չունի աշխատանքի տեղավորման գործակալության հետ։ Աշխատանքի տեղավորման գործակալություններն աշխատանք չունեցողներին կամ ակտիվ փնտրողներին գումարի դիմաց օգնում են գտնել աշխատանք և հիմնականում գործում են ցածր օղակի աշխատակիցների համար։ «Ռելեվանտ» ընկերությունը հանդես է գալիս գործատուի անունից: Մեզ վճարում է գործատուն՝ իր համար մասնագետ գտնելու դիմաց, մասնագետները մեզ չեն վճարում։ Իսկ մենք փնտրումն իրականացնում ենք ոչ թե աշխատանք փնտրողների կամ աշխատանք չունեցողների միջև, այլ այն մասնագետների, ովքեր ունեն աշխատանք և ակտիվ փնտրտուքի մեջ չեն։ Ակտիվ աշխատանք չփնտրող մասնագետները ինչպես ցույց է տալիս փորձը՝ շատ ավելի փորձառու են։ Ավելացնեմ նաև, որ գործատուները մեզ դիմում են, երբ նրանք կարիք ունեն միջին կամ բարձր օղակի ղեկավարների։
-Պրն Բաղդյան, Դուք հանդիսանում եք նաև Menu.am-ի համահիմնադիրներից մեկը, արդյո՞ք ռիսկային չէր Ձեզ համար ոլորտի նման կտրուկ փոփոխությունը:
-Ես շարունակում եմ մնալ MenuGroup-ի համասեփականատեր, պարզապես օպերացիոն հարցերով այլևս չեմ զբաղվում։ Ինչ վերաբերում է ռիսկին, կարծում եմ չկա այնպիսի բիզնես, որը չունի ռիսկեր։ Բիզնեսը հետաքրքիր է հենց դրանով, որ տեսնում ես ռիսկերը և սկսում հաղթահարել: «Ռելեվանտ»-ի դեպքում ամենամեծ ռիսկը համարում եմ այն, որ ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչ է executive search-ը, և որոշակի ժամանակ է պետք այդ փուլը հաղթահարելու համար։
-Արդյո՞ք տևական ժամանակ չի պահանջվի մինչև կայանա Ձեր բիզնեսը՝ հաշվի առնելով, որ հայաստանյան պայմաններում ընդունված է աշխատակից գտնել ծանոթ-բարեկամի միջոցով:
-Իհարկե ժամանակ կպահանջվի, որպեսզի հասնենք այն ծավալներին, հանուն որի նախաձեռնել եմ այս գործունեությունը, ի դեպ այն չի սահմանափակվում միայն Հայաստանով։ Ինչ վերաբերում է ծանոթ- բարեկամի, կարծում եմ տարեցտարի դա դուրս է մղվում մեր իրականությունից, և հիմա հազվադեպ են նման դեպքերը։ Բիզնեսի տերերը սկսում են հասկանալ, որ բիզնեսի զարգացման համար կրիտիկական կարևոր են որակյալ կադրերը և ավելի լավ է՝ բիզնեսում աշխատի որակյալ մասնագետը, իսկ եթե շատ են ցանկանում օգնել բարեկամին, ապա կարող են պարզապես գումար տալ նրան և չվնասել սեփական բիզնեսը։
-Ինչպիսի՞ մարքեթինգային ռազմավարություն է որդեգրել Ձեր ընկերությունը, և առհասարակ, ինչպիսի՞ դեր ունի մարքեթինգը բիզնեսի զարգացման գործում:
-Մարքեթինգը բիզնեսի թթվածինն է, եթե ճիշտ չափաբաժնով չներարկես, ընկերությունը հավանական է՝ մահանա: Առհասարակ, մարքեթինգը ունի մի նպատակ՝ ձեռք բերել նոր հաճախորդներ և նրանց դարձնել լոյալ գործընկերներ։ Եվ կախված ոլորտից՝ մարքեթինգային քայլերը տարբեր են։ Ինչ վերաբերում է մեր ոլորտին, ասեմ, որ այն շատ զգայուն է, և մեզ հետ համագործակցող ընկերությունների և մասնագետների համար շատ կարևոր է վստահությունը։ Համագործակցության ընթացքում հնարավոր է մեզ վստահեն իրենց գաղտնիքները։ Հետևաբար կարելի է ասել, որ մեր մարքեթինգային ռազմավարությունը որակյալ ծառայություն մատուցելն ու վստահելի գործընկեր լինելն է: Մենք մեր ամբողջ ուժը կենտրոնացնում ենք այս կետերի անթերի կատարման վրա։
-Ինչպե՞ս եք ընտրել ընկերության անվանումը:
-Ընկերության անվանումը բխում է հենց իր առաքելությունից. ռելեվանտ թեկնածուները պետք է լինեն ռելեվանտ գործատուի մոտ և հակառակը։ Շատ են լինում դեպքեր, երբ լավ մասնագետն իրեն լիարժեք չի կարողանում դրսևորել որևէ ընկերությունում, իսկ մեկ ուրիշ ընկերությունում, նույնիսկ ոչ շատ փորձառու մասնագետը, մեծ հաջողությունների է հասնում, ունենում մասնագիտական աճ։ Մենք փորձում ենք գտնել հենց այդ համապատասխան թեկնածուին, որպեսզի նա աշխատի իրեն համապատասխան գործատուի մոտ։ Եվ հենց այսպիսի ռելեվանտ միացումն էլ բիզնեսին օգնում է ունենալ թռիչքային զարգացում։ Ահա այստեղից էլ անվանումը։
Հեղինակ՝ Աննա Հայրապետյան