Թիմ Թայմ-ի և Վայն Թայմնի հիմնադիր Մհեր Մկրտչյան
—Հակասրճարանի մշակույթը Հայաստանում արդեն բավականին զարգացած է, ինչո՞վ է առանձնահատուկ Թիմ Թայմ-ը։
-Այն ուղղակի հակասրճարան չէ։ ճիշտ է կան տեղեր, որ հատվում են ու դառնում ենք մրցակիցներ, բայց, ընդհանուր առմամբ, մեր աշխատելաոճը տարբեր է։ Թիմ Թայմ-ը մեծ բնակարան է, որտեղ ընկերներով հավաքվում են, օգնում են իրար, ապրում են մի տան մեջ։
-Ո՞րն է Ձեր ակնկալիքն այս բիզնեսից։
-Թիմ Թայմը հիմնել եմ ոչ թե գումար աշխատելու, այլ ընկերական շրջապատ մեծացնելու, փորձի և հմտությունների փոխանակման հարթակ ունենալու համար։ Շատերին տալիս ենք ընկերներ, ոչ ֆորմալ կրթություն, մարդիկ գալիս են ու բիզնես են սկսում, զույգեր ունենք, որ ամուսնանում են։ Սա հարթակ է, որտեղ հնարավորություն ունես մի քայլ վերև բարձրանալու՝ մեկը մյուսին օգնելով։
-Ինչպե՞ս ծագեց հաջորդ Թայմի՝ Վայն Թայմի գաղափարը։ Որքանո՞վ է հեռանկարային այս բիզնես տարբերակը։
— Վայն Թայմի համահեղինակի առաջարկով է սկսվել ամեն ինչ։ Նա է առաջարկել ինձ գինետան գաղափարը, որը ես ողջունել եմ։ Գինու մշակույթը գնալով ավելի է զարգանում Հայաստանում, գինեսերներն ու դրանով հետաքրքրվեղները նույնպես։ Վստահ եմ, որ լավ գաղափար է։
-Փորձենք համեմատել այս երկու բիզնեսների մարքեթինգային առանձնահատկությունները, ինչո՞վ են նման կամ տարբեր։
— Ես բիզնես կրթություն չեմ ունեցել, ամեն ինչ արել եմ իմ փորձի ու ինքնակրթության օգնությամբ։ Այս բիզնեսներում ամենաուժեղ մարքեթինգային գործիքն, իմ կարծիքով, ռուսերեն сарафанное радио ասվածն է․ երբ մարդիկ բերում են ուրիշ մարդկանց՝ տպավորվել վայրից ու լավ սպասարկումից։ Կարծում եմ ՝ դա մեր շուկայում ամենալավն է աշխատում։ Եթե նկատել եք, անգամ դրսում վահանակ չունենք։
-Ի՞նչ դժվարություններ են եղել դրանց զարգացման ճանապարհին։
-Թիմը Թայմը սկզբում մինուսով է աշխատել, անգամ հաճախորդներից էին ասում փակիր, մի պահիր։ Նույնն էլ Վայն Թայմը․ դեռ նոր է , այն չափով չի աշխատում, ինչ որ սպասում ենք, այդ պատճառով համեմատություններ այս պահին չեմ կարող անել։ Բայց ամենամեծ դժվարությունն այն է, որ կան մարդիկ, որոնք չեն հավատում սեփական հաջողությանը, ռիսկի չեն դիմում ու նույնն էլ փորձում են քեզ համոզել և ապացուցել։ Դժվար է անմասն մնալ այս ամենից։
-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումն այս ոլորտում։
— Ընկերներս։ Եթե նրանք չլինեին, ես հիմա մի քանի քայլ հետ կլինեի։ Մենք գնալով ավելի ենք զարգանում, բայց զարգանում ենք մարդկանցով՝ փորձի ու գիտելիքների փոխանակումով։ Գումարը երրորդային է։
-Ո՞րն է բիզնեսում հաջողելու գաղտնիքը։
— Բինզես անելու հակում ունենալն ու ռիսկի դիմելու ուժը։ Մարդ պետք է բիզնես անելու հակում ունենա, այլապես ոչինչ չի ստացվի, կգտնի պատճառներ, այլ ոչ թե լուծումներ։ Իսկ ռիսկ չգնալն ուղղակի հիմարություն է։ Ռիսկը հենց գործի կեսն է, իմ դեպքում էլ այդպես եղավ։
Հեղինակ՝ Ժաննա Ավագյան