«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության մարքեթինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար էմմա Մոժարովա
— ԱՊՊԱ-ի մշակույթը կարելի է ասել արդեն հաստատվել է Հայաստանում, նման ծառայություն մատուցողներն էլ քիչ չեն։ Ինչպիսի՞ բարդություններ է առաջանում շուկայական մրցակցությունում և, առհասարակ, ո՞րն է այս ոլորտին հատուկ դժվարությունը։
— Այս ոլորտի հիմնական բարդությունը ոչ միայն Հայաստանում, այլև նախկին ԽՍՀՄ երկրներում այն է, որ, այսպես կոչված, ապահովագրական մշակույթը չկա մարդկանց մոտ։ Մարդիկ այդքան էլ լավ չեն հասկանում ապահովագրությունն ինչի համար է։ Չնայած, երբ 2010-ին ԱՊՊԱ-ի մասին օրենքն ընդունվեց, ապահովագրության այդ տեսակը սկսեցին օգտագործել։ Հիմա մարդիկ դա լավ են ընդունում, դրական են վերաբերվում։ Մեր ամենամյա հարցումները փաստում են, որ սպառողների մեծ մասի կարծիքով ապահովագրությունն իրոք վնասների հատուցում է։
— Իսկ ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում ոչ պարտադիր ապահովագրության տեսակներին, օրինակ՝ բժշկական ապահովագրությամբ հետաքրքրվողների թիվը բավարարու՞մ է ընկերությանը։
— Տարածված չէ բժշկական ապահովագրությունը, որովհետև մեզ մոտ մինչև պարտադիր տեսակը չի մտնում, չի տարածվում։ Մեր երկրում, ինչպես նաև այլ երկրներում, երբ ինչ-որ տնտեսական ճգնաժամ է, մարդիկ լավ չեն ապրում, առաջին հերթին բյուջեում կրճատում են ապահովագրության ծախսերը։ Բայց մեզ մոտ առանց այդ էլ է բարդ․ կամավոր օգտվելու տարբերակը շատ հազվադեպ է հանդիպում։ Օրինակ ՝ առողջապահական ապահովագրությունը կորպորատիվ է, գործատուն է ձեռք բերում աշխատակցի համար, այլ դեպքերը քիչ են։
— Ինչպիսի՞ մարքեթինգային գործիքներ եք օգտագործում սպառողների ավելի լայն շրջանակ ունենալու համար։
— Ինչպես մնացած բիզնեսներում, այստեղ էլ շուկան գնում է դեպի թվային մարքեթինգ, թվային լուծումներ։ Մենք վաղուց ունենք այդ փորձը։ Դեռևս 2013-ից արտասահման մեկնողների ապահովագրությունը կայքից օնլայն վաճառում էինք։ Ընդ որում՝ նույնիսկ մենք ավելի շուտ էինք դա սկսել, քան մեր բանկային համակարգն էր դրան պատրաստ։ Ստիպված սպասեցինք, մինչև բանկերն այդ ծառայությունները կարողանան մատուցել։
-Ո՞րն է ընկերության մրցակցային առավելությունը։
— Քանի որ Հայաստանում ամենազարգացածը պարտադիր ապահովագրությունն է, իսկ բոլոր ընկերություններում այդ ծառայության համար նույն գինն է սահմանված, մրցակցային առավելություն հանդիսանում են ծառայություններն ու սպասարկման որակը։ Երբ 2010թ․-ին ԱՊՊԱ-ն մտավ Հայաստան, «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը բացեց գրասենյակներ, մասնաճյուղեր Հայաստանի ամբողջ տարածքով։ Այդպիսով մենք հեշտացրինք պայմանագրի կնքումը հաճախորդների համար և դարձանք ոլորտի առաջատարը։ Վստահ կարող եմ ասել, որ մենք ամենաբարձր վստահություն վայելող ընկերությունն ենք Հայստանում։
-Ի՞նչ փոփոխություններ են սպասվում, որոնք կցանկանայիք առաջինը տեղեկացնել հաճախորդներին։
— Ամենամեծ փոփոխությունը տեղի է ունեցել անցյալ տարի, երբ հնարավորություն ստեղծվեց ծառայությունից օգտվել օնլայն, ինչ ավելի հեշտացրեց գրանցման գործընթացը, և հիմա շատերն են նախընտրում հենց օնլայն տարբերակը: Իսկ սպասվող նորությունների մասին կտեղեկացնենք մեր կայքում:
Հեղինակ՝ Ժաննա Ավագյան