Առաջին Բիզնես Դպրոցի /The First Business School In Armenia/ հիմնադիր Ծովինար Սարգսյան
—Կարո՞ղ ենք ասել, որ հենց այս տեսակ կրթության պակաս կա Հայաստանում:
-Տեսեք` կա ֆորմալ կրթություն, որը տալիս են համալսարաններն ու կա ոչ ֆորմալ կրթություն, որն էլ փորձում է լրացնել այն, ինչ առաջինները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում տալ: Մենք լրացնում ենք բիզնես միջավայրում որակյալ կադրեր ապահովելու բացը: Հայաստանում մի շարք համալսարաններ կան` այս ոլորտին վերաբերող իրենց առանձին ֆակուլտետներով, բայց քանի որ համալսարանի կառուցվածքը բավականին մեծ է ու ցանկացած համալսարանական ծրագրում ինչ-որ բան փոխելը տարբեր դժվար փուլերի միջով անցնել է ենթադրում, իրենք այդքան ճկուն չեն կարող լինել: Իսկ ոչ ֆորմալ կրթության դեպքում, կախված շուկայի պահանջներից, կարող ես քո ծրագրում ինչ-որ բաներ փոխել ու քո ուսանողին տալ այն, ինչ շուկան պահանջում է:
Գնալով ոչ ֆորմալ կրթությունը հատկապես նման մասնագիտացումների համար դառնում է առավել պահանջված ու նախընտրելի: Քանի որ հիմա օրեցօր առաջ են գալիս նոր մասնագիտություններ և համալսարաններն ի վիճակի չեն իրենց ծրագրում արագ ավելացնել, ոչ ֆորմալ կրթությունը լրացնում է այս բացն` իհարկե այդ ամենը գրագետ կազմակերպելու դեպքում: Շատ կարևոր է, թե ով է ոչ ֆորմալ կրթություն կազմակերպողը, ովքեր են դասավանդողները, ինչպիսինն է ծրագիրը և, իհարկե, ովքեր են գալիս սովորելու: Մասնավորեցնելով` Առաջին Բիզնես Դպրոցի ստեղծման գաղափարն ուղղված է`
- Որակյալ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող հարթակի ստեղծմանը
- Նոր բիզնես գաղափարների իրականացմանն աջակցելուն և ֆինանսավորմանը
- Գործող բիզնեսների համար որակյալ մասնագետների պատրաստմանը
- ՀՀ-ում զարգացած բիզնես միջավայրի ստեղծմանը:
-Ինչպե՞ս գնացիք նման մեծ ռիսկի, ինչպե՞ս եք ընտրել ուսուցման մեթոդոլոգիան և ի՞նչ առանձնահատկություններ ունի դպրոցը:
-Առաջին Բիզնես Դպրոցի գործունեության մեկնարկը տրվել է 2016 թվականի վերջին, մինչ այդ գործում էր Marketers Community հիմնադրամը, որը մասնագիտացած էր գործարար ու բիզնես հանդիպումների կազմակերպման մեջ, այսինքն` ամենամսյա հանդիպումներ էինք կազմակերպում Հայաստանի և դրսի մասնագետների հետ: Հետո արդեն ունեինք դասախոսական մեծ բազա և հստակ պատկերացնում էինք, որ նման խնդիր կա ոլորտում, անցանք գաղափարի իրականացմանը: Որոշեցինք, որ պետք է մշակվի մի ծրագիր, որը կունենա մի քանի հիմնական ուղղություն. լինի 80% պրակտիկ և 20% տեսական, դասախոսական կազմում լինեն փորձառու գործարարներ, բացի լսարանային դասերից լինեն նաև գործուղումներ տարբեր ընկերություններ` թե՛ տեղական և թե՛ արդեն միջազգային, օրինակ` անցյալ տարի այս նպատակով այց եղավ Արցախ, այս տարի նախատեսում ենք գնալ Իրան: Մեր ուսումնական պլանում կա մի ծրագիր, որով ուսանողը պետք է դրսի որևէ ուսանողի հետ կապ հաստատի և որևէ նախագիծ անեն միասին, որպեսզի նրանք չսահմանափակվեն միայն հայաստանյան շուկայով, այլ դրսից էլ կապեր ներգրավեն: Մի կարևոր ծրագիր էլ կա ուսումնական պլանում, կոչվում է Դարձրու գաղափարդ իրական բիզնես. ուսանողներն ավարտելուց հետո քննություն չեն տալիս, այլ այս ծրագրի շրջանակում ներկայացնում են ինչ-որ բիզնես գաղափար, որը կարող է լինել և՛ անհատական, և՛ թիմային: Վերջում քննարկվում են ներկայացված բոլոր ծրագրերը և որոշակի չափորոշիչներով ընտրվում է դրանցից մեկը, որն էլ ստանում է ֆինանսավորում դպրոցի միջոցներից:
-Ինչի՞ համար է պետք առանձին կրթական ծրագրով բիզնես կրթություն ստանալը:
—Կնշե՞ք այս դպրոցն ավարտած ուսանողների, ովքեր ունեն հաջողված բիզնեսներ:
-Որպեսզի այս կամ այն բիզնես նախագիծը համարենք հաջողված կամ ոչ պետք է առնվազն 3-5 տարի: Նախնական վիճակագրությամբ` նախորդ տարի 36 ուսանողից ստացել ենք 28 բիզնես ծրագիր, որից այս պահին ակտիվ է մոտ 17-ը: Օրինակներ բերեմ` Winenet, Mapa, Ուտիքի բարիքներ և այլն: Հույս ունենք, որ մի քանի տարի անց վստահաբար կասենք, որ այս նախագծերը հաջողել են:
—Որո՞նք էին հիմնական դժվարությունները դպրոցի ստեղծման ու զարգացման ճանապարհին:
-Քանի որ Հայաստանում այս ոլորտը հագեցած է` թրեյնինգներ, սեմինարներ, հանդիպումներ և դժվար էր այս ոլորտում այնպիսի բան անել, որը նոր լիներ և կարողանայիր ուսանող ներգրավել: Շատ հեշտ է դիմորդին ներգրավել մեկ ամսյա դասընթացի, բայց նրան առաջարկել 6 ամսյա ուսումնական գործընթաց մի քիչ բարդ խնդիր է: Հեշտ չէր նաև դասախոսական կազմը համալրել, գտնել փորձառու մարդկանց, ովքեր պատրաստ կլինեին իրենց ժամանակը տրամադրել և կիսվել իրենց հմտություններով: Երբ սկսում էինք շատ քչերն էին հավատում, որ ուսանողներ կհավաքվեն: Նաև ֆինանսական առումով էր ռիսկային` հյուրանոց վարձակալել, դասախոսներին վճարել, բայց փորձը ցույց տվեց, որ այս դպրոցը պահանջարկ ունի:
-Որո՞նք են այս դպրոցի մրցակցային առավելությունները նմանատիպ այլ կրթական ծրագրերի նկատմամբ:
-Առաջին մրցակցային առավելությունը ծրագիրն է, որն իսկապես ճկուն է ու իր մեջ մի ուղղություն չի ենթադրում, այստեղ ուսանողը համալիր գիտելիք է ստանում: Երկրորդը դասախոսական կազմն է, մասնագետները, որոնք իրոք պրոֆեսիոնալ են` ընտրված հստակ չափորոշիչներով: Մյուս առավելությունն այն է, որ դպրոցն ընդունելությամբ է: Մեր կարծիքով այն մարդն, ում հետ պետք է ճանապարհ անցնենք, պետք է կարևորի դա: Խնդիրը ոչ թե քանակի վրա կենտրոնանալն է, այլ որակի, այսինքն` մարդն իսկապես պետք է ցանկանություն ունենա այդ ճանապարհն անցնել: Մեզ համար ամեն ուսանող անհատականություն է, և հոգատար վերաբերմունք ունենք յուրաքանչյուր ուսանողի և նրա բիզնես գաղափարի նկատմամբ: Նախորդ տարի 400-ից ավելի դիմորդ ենք ունեցել, որից 30-ին ենք ընդունել` հենց վերոնշյալ սկզբունքներով:
Հեղինակ` Ժաննա Ավագյան